«Ամեն ինչ արվում է Սահմանադրության եւ ՀՀ օրենքի շրջանակներում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք մարդու իրավունքների, ՀՀ Սահմանադրության խախտում չէ՞ մարդկանց պարտադրել պատվաստվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից գործող նոր կարգով աշխատողը կամ պետք է պատվաստվի, կամ 14 օրը մեկ հանձնի ՊՇՌ թեստ:
Ըստ տիկին Ավանեսյանի, ցանկացած կանոնի խախտման հետ կապված կան հետևանքներ. «Համաձայն դրա՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայող փաստաթուղթ, հակառակ դեպքում աշխատակիցները ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի արդյունք պետք է ներկայացնեն»: Նախարարի խոսքով, չներկայացնելու դեպքում աշխատակիցների մուտքը գործատուները կարող են արգելել. «Թեստ չպահանջող գործատուն եւս կպատժվի։ Հետեւանքը աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու, հաջորդիվ տվյալ կազմակերպությունը եւս որոշակի տույժ-տուգանքներ կկրի։ Իսկ, եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի՝ որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաեւ խզելու աշխատանքային պայմանագիրը»:
Կարդացեք նաև
Անահիտ Ավանեսյանի տվյալներով, այսօր քաղաքացիների 40 տոկոսից ավելին կողմ է պատվաստմանը, սակայն 5-6 ամիս առաջ այդ ցուցանիշը 10 տոկոս էր:
Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, թե պետբյուջեում գումարը սպառվելու պատճառով որոշ բուժհիմնարկներում ժամանակավորապես դադարեցվել է պետպատվերի սպասարկումը, նախարարը պարզաբանեց․ «Բոլոր բուժկենտրոններն էլ տարվա սկզբին կնքում են պետպատվերի շրջանակային պայմանագրեր, եւ հստակ ձեւակերպվում է, թե տվյալ ԲԿ-ն ինչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի։ Եվ, իհարկե, ԲԿ-ները պետք է ամեն ինչ անեն՝ փորձելու մնալ այդ շրջանակային պայմանագրային գումարների սահմանում, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ բյուջեն սահմանափակ է, մենք հստակ կանխատեսում պետք է ունենանք եւ դիսցիպլին՝ բյուջետային միջոցները իրացնելու համար»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ