Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում հայ գերիների ծեծի համար գործել են հատուկ ծեծող բրիգադներ․ կանոնավոր ծեծել են՝ մինչեւ ուշագնացություն»․ իրավապաշտպան

Սեպտեմբեր 08,2021 14:05

«Ադրբեջանը չի պահպանել պահանջը, որ ռազմագերիները պետք է պահվեն հատուկ ճամբարներում։ Նրանց զրկել են ազատությունից եւ աշխարհի հետ կապը պահելու հնարավորությունից, ինչն ավելացնում է խոշտանգման հետքերը թաքցնելու հնարավորությունը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր Ադրբեջանի կողմից հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը վերաբերող զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը, որը գործում է Ադրբեջանի ՊՆ-ի ներքո, քննչական մեկուսարանը, որը գտնվում է ԱԱԾ ենթակայության ներքո, եւ արդարադատության նախարարության մեկուսարաններն այն մարմիններն են, որոնք հիմնականում պարբերական եւ պատժիչ ծեծի են ենթարկել հայ ռազմագերիներին, զրկել սննդից ու հիգիենայի պարագաներից, ջրից։

«Գերիներին անընդմեջ կանգնած են պահել, սառը ջուր լցրել ռազմագերիների վրա։ Պատժիչ եւ նպատակային ծեծի համար գործել են հատուկ ծեծող բրիգադներ, որոնք կանոնավոր ծեծի են ենթարկել՝ մինչեւ ռազմագերիների գիտակցության կորուստը։ Դաժան ծեծը շարունակվել է գերու՝ գիտակցության գալուն պես։ Երբեմն նաեւ ցուցադրական ծեծի են ենթարկել։ Թվարկած երեք ինստիտուտների ղեկավարությունն ու աշխատակիցները ներգրավված են եղել այս ամենում։ Կան իրավական մեխանիզմներ, որոնց միջոցով անմիջական կատարողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Եթե լինի հետեւողականություն, ապա պատժամիջոցները կարող են կիրառվել Ադրբեջանի հանդեպ»,-նշեց Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ 2020թ․ ընդունված ակտերից մեկով, որը գործում է ԵՄ-ում, սահմանված են այն արարքները, որոնց առնչությամբ ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել․ «Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցների հասցեատեր են անձինք, կազմակերպություններն ու պետական մարմինները։ Իսկ ԱՄՆ-ի ընդունած Մագնիտսկիի ակտի համաձայն՝ մարդու իրավունքների խախտումների դեպքում սանկցիաներ են կիրառվում։ Նման կերպով կարող են սառեցվել անձի դրամական միջոցները, սահմանափակվել տեղաշարժի հնարավորությունները։ Այս ակտի հիման վրա մի քանի հարյուր տարբեր պաշտոնյաներ սահմանափակումների են ենթարկվել։ Մեր ամրագրած փաստերը շարունակաբար կներկայացնենք համապատասխան կառույցների ուշադրությանը»։

Սիրանուշ Սահակյանը նաեւ տեղեկացրեց՝ պատերազմի ընթացքում անձանց բռնի անհետացման դեպքեր են եղել․ «Տասը ամիս անց ադրբեջանական հսկողության ներքո հայտնված տասը անձանց ճակատագիրն անորոշ է։ Ադրբեջանը պատասխանատու է այդ անձանց բռնի անհետացման համար․ նրանք ողջ վիճակում են անհետացել»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին պատասխանատվության ենթարկելու հարցին, Սիրանուշ Սահակյանն ընդգծեց՝ Իլհամ Ալիեւը մասնակից է պատերազմական հանցագործություններին, եւ դա է փաստում Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների թիվը թաքցնելը․ «Նա ինքը հայտարարեց, որ ռազմագերիներ այլեւս չունեն եւ նրանց պիտակավորեց որպես հանցագործների՝ խոչընդոտելով նրանց հայրենադարձմանը։ Նրա անմիջական որոշմամբ թաքցվել է ռազմագերիների թիվը։ Միջազգային փաստաթղթերն ամրագրում են, որ ռազմագերիների հայրենադարձման չհիմնավորված ձգձգումները պատերազմական հանցագործություններ են։ Այս հիմքով պետք է քաղաքական պատժամիջոցներ կիրառվեն Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների հանդեպ։ Այս առումով լրջագույն աշխատանք է պետք միջազգային հանրության հետ»։

Սիրանուշ Սահակյանը փաստեց, որ Ադրբեջանը մինչեւ այսօր թաքցնում է հայ ռազմագերիների իրական թիվը․ «Էրիկ Խաչատրյանի խումբը պահվել էր դեկտեմբերին՝ արդարադատության նախարարության ենթակայության մեկուսարանում։ Այս խմբի առնչությամբ կար տեսանյութ, որում զինվորներն ասում են իրենց անունն ու ազգանունը։ Մինչդեռ մինչեւ փետրվար Ադրբեջանն այդ թվում միջազգային դատական ատյաններին համոզում էր, որ այդ հինգ տղաներն իր մոտ չեն ու նույնականացված չեն։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը կեղծարարությամբ է զբաղված եւ մինչեւ հիմա ստուգված տեղեկություն չի տալիս հայ ռազմագերիների քանակի եւ անձնական տվյալների մասին։ Երեկ վերադարձած երկու գերիների վերաբերյալ եւս պաշտոնական հաստատում չկար Ադրբեջանից, եւ սա խոսում է այն մասին, որ գործ ունենք բռնի անհետացման հետ, ինչի նպատակը ռազմագերիներին օրենքի պաշտպանությունից դուրս պահելն է։ Նման պայմաններում նրանց հանդեպ ցանկացած կամայական վարքագիծ հնարավոր է։ Թիվը թաքցնելու մասին նաեւ այլ տվյալներ էլ են խոսում։ Ադրբեջանը մինչեւ օրս չի պատասխանում, թե այս կամ այն տեսանյութում առկա հայ զինվորների հետ ինչ է պատահել՝ դեռեւս իրենց վերահսկողության ներքո՞ են, թե ոչ։ Մեր բոլոր միջազգային գործընկերներն ունեն համոզմունք եւ ապացույցներ, որ Ադրբեջանի ներկայացրած թվերն իրական պատկերը չեն ներկայացնում։ Այստեղ չկա վիճելիություն։ Մնում է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով է պետք է արձագանքել այս երեւույթին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930