«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Արցախից վերադարձել է հակասական տրամադրություններով: Նա 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Արցախ մեկնել էր Անկախության օրվա առիթով:
«Շուշիի կողքով անցնելիս, անկախ քեզանից, որոշակի ճնշվածություն ես զգում»,- այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում ասաց նա՝ հավելելով, որ այցը գործնական էր՝ տեղում տրամադրությունները շոշափելու: Հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԽ գործող քարտուղար Վիտալի Բալասանյանի, պատերազմի մասնակիցների, քաղաքացիների հետ: «Ամբողջ խնդիրը նաեւ այնտեղ այս անորոշ վիճակն է: Չկա այն միջուկը, ուժային կենտրոնը, որը կկարողանա օրակարգ թելադրել եւ այս հեղհեղուկ վիճակից ելքեր գտնել»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ Արցախից նայում են Հայաստանին եւ հակառակը՝ ազդակներ ստանալու համար, բայց «այն չարաբաստիկ զույգը, որը ձեւավորվել է ՀՀ-ում եւ Արցախում, նրանց կանգնեցնելու, կասեցնելու, նրանց դեմն առնելու ներուժ, ազգային-պետական մտածողություն կա, ուղակի անհրաժեշտ է սրանց համախմբումը, մեկտեղել, հարթակի վրա բերել եւ այդ ուժը ձեւավորել»:
Ինչո՞ւ Արցախի անկախության օրը Նիկոլ Փաշինյանը Արցախում չէր՝ այս օրերին արծարծվող հարցի՝ Աղվան Վարդանյանի պատասխանն այսպիսինն է. «Այն օրակարգը, որն այս փորձում է դարձնել հանրային եւ պետական օրակարգ, ուղակի արգելում է իրեն նման քայլերի դիմել՝ Ադրբեջանի, Ալիեւի հակազդեցությունից վախենալով: Այս մարդուն ավելի յուրահատուկ է վախը, քան ամոթը: Եվ, ի վերջո, կարծում եմ, այնտեղ շատ բան էլ չունի անելու. ինքն ունի այնտեղ իր «նամեստնիկը», որը իր բնույթին հավատարիմ, շարունակում է զուտ իբրեւ բիզնես տեսնել պետական պաշտոնը»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ առկա է մի իրականություն, երբ պետության ղեկավար անձը միայնակ է որոշում բոլոր խնդիրները, պայմանական կա քաղաքական մեծամասնություն, որը այդ մարդու համար որեւէ նշանակություն չունի: Նրա համոզմամբ, ժամանակն է, որ հասարակության գիտակից մասը հասկանա այս մարդու հետագա ծրագրերը. «Ի վերջո, այն, ինչը նա այսօր պայմանավորվում է տարբեր ուժային կենտրոնների, Թուրքիայի, Ադրբեջանի հետ, ամբողջը դարձյալ մեկ անձի շրջանակներում է եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե այդ պայմանավորվածությունների շրջանակը մինչեւ ուր է հասնում եւ ինչ կարող է տեղի ունենալ»:
Կառավարության նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ անկախության 30 ամյակի միջոցառումները լինելու են «մասշտաբային, գունագեղ». «Մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»: Այս փոփոխությունը արված է նրա համար, որ չորս օր անընդմեջ ոչ աշխատանքային լինեն։
Կարդացեք նաև
Աղվան Վարդանյանը նկատում է՝ տեսարանները, շոուները այս մարդու ձեռագիրն են. «Այս սեպտեմբերի 21-ը՝ ՀՀ անկախության օրը, խոստանալ նշել գունագեղ, մասշտաբային, միայն վերջին ստորը կարող է նման հայտարարություն անել: Մենք այսօր այնպիսի ողբերգական հարվածներ ենք ստացել, այնքան է սահմանափակվել ՀՀ ինքնիշխանությունը, միջազգային հարաբերություններում ՀՀ-ն սուբյեկտից վերածվել է օբյեկտի. այս պայմաններում գունագեղ, մասշտաբային նշել անկախության օրը, ուղակի զառանցանք է, աներեսության ևս մեկ դրսեւորում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ