«Հոկտեմբերի քսանին Կովսականի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Հայ զինծառայողների մի մասը սպանվել է, մյուս մասը՝ բռնի անհետացել։ Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինվորների կողմից դաժանություններ են տեղի ունեցել ոչ միայն կենդանի անձանց, այլեւ սպանվածների մարմինների մասերի հանդեպ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով 2020թ․-ի պատերազմի ընթացքում Կովսականում տեղի ունեցած դեպքերին, երբ դաժանորեն սպանվել ու խոշտանգվել են հայ զինծառայողներ։
Արման Թաթոյանը նշեց․ «Կոնկրետ դեպքերում կտրել են սպանված հայ զինվորների ականջները։ Կտրողները Ադրբեջանի հենց սահմանապահ ծառայության զինվորներ են, եւ դեպքը եղել է Կովսականում։ Այդ ծառայության արագ արձագանքման խմբից որոշակի նույնականացումներ ենք արել։ Լուսանկարներով ցույց ենք տվել, որ հայ զինվորներին կապել են մեքենաներից եւ քարշ տվել։ Մենք նույնականացրել ենք թուրքական արտադրության մեքենան, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը։ Մանրամասն վերլուծել ենք սպանված հայ զինվորների մարմնական վնասվածքներն ու հագուստների վնասվածքները։ Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոց մտած սահմանապահ ծառայության զինվորները եւ հայ զինվորներին խոշտանգած ադրբեջանցի զինվորները նույն ինքնաձիգերով են»։
Արման Թաթոյանի խոսքով․ «Դրանք այն զինվորներն են, որոնք հիմա ներկա են Սյունիքի ավտոճանապարհներին ու համայնքներին մոտ են տեղակայված։ Նոյեմբերի յոթին նշյալ դպրոցում ադրբեջանցի զինվորները պարել են։ Նույնականացրել ենք այդ տեսանյութի զինվորներին եւ համադրել Կովսականի սպանությունները կատարածների հետ։ Պատշաճ քննության դեպքում միանշանակ հնարավոր է նույնականացնել, թե ովքեր են այդ ադրբեջանցի զինվորները, որոնք զանգվածային սպանություններից հետո պարել եւ ուրախացել են դպրոցում»։
ՄԻՊ-ը հատուկ ընդգծեց, որ նշյալ հանցագործությունների հեղինակներն Ադրբեջանի սահմանապահ ծառայության այն զինվորներն են, որոնք Սյունիքի միջհամայնքային ճանապարհներին են տեղակայված եւ որոնք վերջերս փակել էին միջպետական ճանապարհը․ «Նրանց ներկայությունն արդեն իսկ խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը։ Քանի դեռ հանցանք կատարածները չեն ենթարկվել պատասխանատվության, նոր հանցագործությունների վտանգը մեծ է»։
Կարդացեք նաև
Ըստ ՄԻՊ-ի՝ այս ամենը հաշվի առնելով՝ հիմնազուրկ են բնորոշումները, թե Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինվորներին պետք չէ համեմատել Ադրբեջանի ԶՈՒ ծառայողների հետ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ