Լրահոս
Օրվա լրահոսը

«Թքել են հայ ռազմագերիների սննդի մեջ, ստիպել ուտել, մերկացրել, եռման ջուր լցրել»․ ՄԻՊ-ն ահասարսուռ փաստեր հրապարակեց

Սեպտեմբեր 08,2021 13:18

«Բազմաթիվ են դեպքերը, երբ հայ ռազմագերիներին զրկել են ջրից եւ սննդից, այն տրամադրել են դաժան ծեծից եւ նվաստացումից հետո»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր Ադրբեջանի կողմից հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը վերաբերող զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ընդ որում, Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվել բանտերի այն աշխատակիցներն ու զինծառայողները, որոնք փորձել են փոքր-ինչ լավ վերաբերվել հայ ռազմագերիներին։

Արման Թաթոյանը ներկայացրեց հայ ռազմագերիների հանդեպ դաժանության եւ խոշտանգումների դեպքերը եւ փաստերը․ «Սնունդը գցել են հատակին, ստիպել ուտել գետնից, գերուն պահել են սոված եւ սնունդը նրա աչքի առաջ գցել աղբարկղը։ Եղել են դեպքեր, որ ուտելու համար տվել են տասը վայրկյան։ Թքել են սննդի մեջ, ստիպել, որ այդպես ուտեն։ Ստիպել են ցավը տանել, խփել վերքին, մատով սեղմել։ Ստիպել են, որ խնդրեն, աղաչեն բժշկական օգնության եւ սննդի մասին»։

Արման Թաթոյանի խոսքով․ «Դեպքեր են եղել, որ ձմռանը ստիպել են պառկել ու քնել գետնին՝ ձեռքերը կապած վիճակում։ Բացել են պատուհանը, որ ավելի ցուրտ լինի, եւ գերիները մերկ վիճակում են եղել։ Սառը ջուր են շփել գերու վրա։ Հայ գերիները գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից, կարիքները հոգացել են՝ հագուստի մասերը պատռելով։ Ընդ որում, հենց իմացել են, որ Կարմիր խաչը կամ ռուս խաղաղապահներն են այցելելու, ադրբեջանցիները պատրաստվել են դրան։ Տեսակցությունների ժամանակ նախապես գերիներին տեղափոխել են նկուղային հարկեր, որպեսզի տեսանելի չլինեն։ Հատուկ դաժան են վերաբերվել՝ տեղեկություններ ստանալու համար։ Ընդ որում, ոչ թե իրականության, այլ ցանկալի տեղեկատվության մասին է խոսքը, օրինակ՝ անձնական կյանք, ընտանիքի անդամներ, հեռախոսահամարներ։ Պարտադրել են ստորագրել ադրբեջաներեն փաստաթղթեր։ Ծաղրել են, թքել մարդու վրա, որպեսզի Ադրբեջանի նախագահին գովերգող եւ ՀՀ կառավարությանը նվաստացնող խոսքեր լսեն։ Ծեծի ենթարկվող մարդը մի քանի անգամ ուշագնաց է եղել, բայց նրանք շարունակել են տանջելը։ Կան կոնկրետ փաստեր, որոնք մարդկային երեւակայության մեջ չեն տեղավորվում։ Օրինակ՝ մեր զինվորներից մեկին ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ Կովսականում եղել է հարսանիք կամ ծնունդ, իսկ ինքը նռնակով պայթեցրել է տունը եւ սպանել հիսուն ադրբեջանցիների։ Որոշ դեպքերում գերիներին խոշտանգել են, ստացել ցանկալի տեղեկություններ՝ Ադրբեջանի նախագահին ցույց տալու եւ դրանք հրապարակելու համար»։

Արման Թաթոյանը շեշտեց, որ հայ գերիներին պահել են շղթայված, կապել տաքացուցիչներին՝ ենթարկելով բռնության․ «Հատկապես դաժան են վերաբերվել այն զինվորներին, որոնք մասնակցել են ապրիլյան ռազմական գործողություններին եւ արցախյան առաջին ազատամարտին։ 20-ամյա գերուն, որը վերադարձել է, կանացի հագուստ են հագցրել, ծաղրել, նվաստացրել։ Ի դեպ, խոշտանգումների բոլոր դեպքերում խոշտանգողները ոգեշնչվել են Ադրբեջանի իշխանությունների բառապաշարից։ Զազրելի է, բայց եղել են դեպքեր, երբ խոշտանգել են հանրության առաջ՝ հիվանդանոցներում։ Տարել են հետազոտության, եւ անցնող-դառնողները՝ պացիենտներ, բժիշկներ, թքել են ռազմագերու վրա, բռնություն գործադրել, նվաստացրել։ Եղել է դեպք, երբ բժիշկը հարվածել է, դաժան բռնության ենթարկել հայ ռազմագերուն։

Գերիներից մեկի վրա եռացրած ջուր կամ թեյ են լցրել, ապա ծեծի ենթարկել, ինչից հետո քսան օր նա չի կարողացել քայլել։ Դեպքեր կան, երբ կրոնական իրավունքներն են ոտնահարվել․ հավաքել են խաչերը եւ ցուցադրաբար ոչնչացրել, հետո լրագրողների առաջ ստիպել ասել, թե իրենց լավ են վերաբերվել։ Փաստեր կան, որ Ադրբեջանի օմբուդսմանի գրասենյակի ներկայացուցիչներն այցերի ժամանակ օգնել են վերքերն այնպես փակել, որ նկարահանումների ժամանակ չերեւան»։

Թվարկված դեպքերը, Արման Թաթոյանի խոսքով, վերաբերում են հայ զինծառայողներին։ Հայ քաղաքացիական անձանց հանդեպ խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի վերաբերյալ եւս զեկույցում տվյալներ կան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930