Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապիտուլյանտը» գործունեության արդյունքը գնահատող եզրույթ է, իմ կարծիքով. Քասախի գյուղապետը՝ դստեր որակումների մասին. «Հրապարակ»

Սեպտեմբեր 08,2021 10:58

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանի հոր՝ Քասախի գյուղապետ Արայիկ Մկրտչյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ նրան մեղադրանք է առաջադրվել դիրքը չարաշահելով՝ դստեր օգտին քարոզչություն իրականացնելու համար։ Մի քրգործ էլ որպես համայնքապետ թույլ տված ենթադրյալ չարաշահման մասով է հարուցվել։

– Ձեր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, եւ Ձեզ մեղադրանք է առաջադրվել, որի հիմնական էությունն այն է, որ Դուք, չարաշահելով Ձեր լիազորություններն ու դիրքը, Ձեր դստեր օգտին քարոզչություն եք իրականացրել ու Ձեզ ենթակա կառույցի աշխատողներին պարտադրել եք Ձեր դստեր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկել։

– Ներկայացված է էդպես, բայց ոչ մի պարտադրանք չի եղել իմ կողմից, առավել եւս, որ դա եղել է «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ում, ընդհանրապես մեզ հետ առնչություն չունի, բացի վարչական տարածքում գտնվելուց, եւ իմ ոչ մի խոսքի մեջ չի երեւում, որ, գիտե՞ս ինչ, ես սենց կանեմ, նենց կանեմ, եթե ձայն չտաք։ Ընդհակառակը, ես էնտեղ ասել եմ, որ էդ մարդիկ (ավագանու անդամները) ձախողել են մեր համայնքի զարգացումը, որը կառավարության ծրագրով հաստատված էր, աշխատանքի կեսից սկսեցին ձախողել, եւ մինչեւ հիմա համայնքն իր կողմից հասանելիք սուբվենցիոն ծրագրերի գումարը վճարել է, եւ մինչեւ հիմա պետությունն էդ սուբվենցիայի իր հասանելիք մասը չի տրամադրում, որ մենք էդ շինարարների ծախսերը փակենք։

– Ձեր դուստրը՝ որպես պատգամավոր, մեծ ակտիվություն ցուցաբերեց, ու դրանից հետո իշխանությունների կողմից արշավ սկսվեց թե՛ Ձեր, թե՛ Ձեր դստեր նկատմամբ։ Դուք սա համարո՞ւմ եք Ձեր դստեր ընդդիմադիր գործունեության հետեւանք։

– Ուրեմն, սկսած 2018 թվականից՝ իրենք եւ իրենց կողմից ընտրված ավագանու անդամները սկսել են պայքարելը՝ աշխատանքի խոչընդոտներ, չգիտեմ, կեղծ ստորագրություններ հավաքել, կեղծ մեղադրանքներ եւ այլն, եւ այլն։ Էս վերջերս մի քիչ ավելի ինտենսիվացել է, ճիշտն ասած՝ չգիտեմ, դա իմ դստեր ակտիվությա՞ն հետ է կապված, թե՞ իրենց գործելաոճն է այդպիսին։

– Դուք այդ թեմայով խոսե՞լ եք Աննայի հետ, ոմանք ողջունում են նրա ակտիվությունը, ասում են՝ ինչ համարձակ աղջիկ է, մի մասն էլ քննադատում է նրան, որ չի կարելի նման կերպ վարվել, հատկապես իրենից տարիքով մեծերի հանդեպ։

– Ուրեմն, ես եւ իմ ընտանիքը բավականին պահպանողական ընտանիք ենք։ Ես, ճիշտ է, նման բաներ չեմ սիրում, բայց իմ աղջկա գործունեությունը երբեք փոքրի ու մեծի հետ կապված չէ։ Իմ աղջկա գործունեությունը, ես ինչքան գիտեմ, կապված է հայրենիքի ու մեր երկրի ճակատագրի հետ։ Իսկ որ որեւէ մեկին վիրավորական արտահայտություն անի, վիրավորի, բացառվում է։ Իմ դուստրն էնքան կիրթ ու դաստիարակված երեխա է, որ ամեն ինչը կարողանում է հասկանա եւ դրանով առաջնորդվի։

– Օրինակ, Նիկոլ Փաշինյանին կապիտուլյանտ է անվանում, որն իրենք համարում են վիրավորանք։

– «Կապիտուլյանտ» բառը հայհոյա՞նք է, ինչ է։ «Կապիտուլյանտը» գործունեության արդյունքը գնահատող եզրույթ է, իմ կարծիքով։

– Նաեւ քննարկվեց Ձեր դստեր հայտարարագիրը, որ 26 տարեկան աղջիկ է, բայց մի քանի հողամաս ունի հայտարարագրած, բավականին մեծ ունեցվածք, 10-12 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա ունի` Kia Sportage, 5 մլն դրամ, 6 հազար ԱՄՆ դոլար, 3 հազար եվրո կանխիկ գումար։ Դուք ինչպե՞ս կբացատրեք, իրեն որտեղի՞ց այդքան գույք եւ գումար, եթե այս տարիներին բիզնեսով չի զբաղվել, բարձր վարձատրվող աշխատանք չի ունեցել։

– Նախ՝ ինքը որոշակի աշխատանք ունեցել է։ Երկրորդը․ ինքը մեր ընտանիքի առաջնեկն է, սիրելի եւ լավ բալիկը, էլ չեմ ասում, որ գեներալին հավասար պապիկ է ունեցել՝ գնդապետ Աշոտ Գրիգորյանը, որը նրա մայրական պապիկն է։ Իսկ հայրական պապիկն էլ մեր գյուղի հազար տարվա բնակիչ է եղել։ Երկրորդն էլ՝ մենք մեծ գերդաստանի ընտանիք ենք, եւ էդ, ինչ որ կարդում եք էդ ցուցակով, դրանք իրենցից էդքան էլ մեծ բաներ չեն ներկայացնում։

– Այսինքն՝ նկատի ունեք, որ Ձեր, Ձեր հոր եւ աներոջ նվերնե՞րն են իրեն։

– Դա իմ մայրիկի կտակներն են, որ ասել է՝ իմ բալին լավ նայեք, իմ բալեն ոչ մի բանի պակասություն չպիտի ունենա։ Ինքը ժառանգության բաժիններից մաս ունի, մեզ հետ սեփականաշնորհման իրավունքից է օգտվել։ Մի հատ տուն ունենք գյուղում, մի հատ էլ ժառանգություն ենք ստացել։ Նենց որ, էդքան մեծ բաներ չեն դրանք։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930