Որոշ դիտորդների կարծիքով՝ ՀԱՊԿ-ը, որտեղ որոշումն, ըստ էության, ընդունում են երեք պետություն՝ Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը, խտրական մոտեցում ունի Պայմանագրի անդամ երկրների նկատմամբ: Այսպես՝ տաջիկական-աֆղանական սահմանային լարվածության համատեքստում Ռուսաստանն իր պաշտպանության նախարարի շուրթերով հայտարարել էր Տաջիկստանին անհատույց զենք-զինամթերքի օգնություն ցուցաբերելու եւ տաջիկական բանակը համալրելու մասին: Սա, իհարկե, չի նշանակում, որ Ռուսաստանը Տաջիկստանին սիրում է, իսկ Հայաստանին՝ ոչ: Ուղղակի Ռուսաստանը Աֆղանստանից ավելի մեծ սպառնալիք է տեսնում, քան Ադրբեջանից, դրա համար էլ առաջինին փորձում է զսպել, իսկ երկրորդին անտեսում է: Պետությունների երկակի չափորոշիչների կիրառման առանցքում միշտ էլ եղել են սեփական շահերը:
Լավ-վատ՝ այսօր ՀԱՊԿ-ն է մեր անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության երաշխավորը: Նրանք, ովքեր առաջարկում են դուրս գալ ՀԱՊԿ-ից ու մտնել ՆԱՏՕ, պետք է հաշվի առնեն դրա հնարավոր ռիսկերը՝ մասնավորապես այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ում ռազմական ներուժով երկրորդ պետությունը Թուրքիան է, հետեւաբար մեծ է վտանգը, որ ռուս խաղաղապահներին փոխարինելու կգան թուրքերը եւ ընդմիշտ կմնան մեր տարածագոտում՝ Կիպրոսի օրինակը դրա վառ ապացույցն է: Թե ինչպիսի գլխացավանք կարող է լինել հարավկովկասյան տարածաշրջանում մշտապես հաստատված Թուրքիան մեզ համար, դժվար չէ պատկերացնել: Կարճ ասած՝ անձրեւից կազատվենք, կարկուտի տակ կընկնենք:
Հանուն արդարության պետք է ասել, որ Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման թեմայով տեղի են ունեցել մի քանի բանակցություններ, որոնք Ադրբեջանի հետ վարում էր Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը: Սակայն այդ բանակցություններն արդյունք չեն տվել։ Վերին Շորժայի ուղղությամբ Ադրբեջանի զինված հարձակման հետեւանքով զոհվեց եւս մեկ հայ պայմանագրային զինծառայող, եղան վիրավորներ: Ավելի վաղ՝ մայիսի 27-ին, ադրբեջանցիները Գեղարքունիքի տարածքից գերեվարել էին ՀՀ զինված ուժերի 6 զինծառայողի, որոնք կահավորման աշխատանք էին կատարում մեր սահմանային գոտում: Նույն օրը Կառավարության նիստում միջադեպին անդրադարձել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով. «Մենք անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք։ Հստակ է մեր պահանջը՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից, եւ երկրորդ՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ ու սադրանքների կառավարումն իրականացնելու ենք շրջահայացորեն»:
Այս հայտարարությունից շուրջ 100 օր անց ոչինչ չի փոխվել՝ ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ ապօրինաբար ամրացված իր դիրքերում եւ ՀՀ ինքնիշխան տարածքում պարբերաբար հրահրում սադրանքներ, սպառնում, առեւանգում մեր քաղաքացիներին, զբաղվում անասնագողությամբ, իսկ «սադրանքների կառավարումը շրջահայացորեն իրականացնող» մեր իշխանություններն անկարող են որեւէ իրական հակաքայլ ձեռնարկել: Իր հերթին՝ մեր ռազմավարական դաշնակիցը, կարծես թե, ի զորու չէ իրենից թոթափել թուրք-ադրբեջանական ճնշումները: Եվ քանի որ այդպես է, Ադրբեջանն այս ընթացքում լարվածության օջախը մի քանի անգամ տեղափոխել է սահմանի մեկ այլ հատված՝ Երասխում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որտեղ թշնամին ամրաշինական աշխատանքներ էր իրագործում՝ փորձելով մարտական դիրքերն առաջ բերել։
Կարդացեք նաև
Ընդհանրապես՝ Երասխի թիրախավորումը պատահական չէ. այն ոչ միայն Հայաստանի հյուսիսն ու հարավը՝ այդ թվում հատկապես Հայաստանն ու Արցախը միմյանց կապող տրանսպորտային կարեւոր հանգույց է, այլեւ միջպետական ավտոճանապարհ, որով Երեւանը դուրս է գալիս իրանական սահման, այնտեղից էլ՝ Միջին Արեւելքի երկրներ: Երասխի ուղղությամբ Ադրբեջանը հիմնական նպատակ է հետապնդում՝ արգելափակել Հայաստանի ելքը ինչպես դեպի Սյունիք ու Արցախ, այնպես էլ դեպի արտաքին աշխարհ: Այդ նպատակին է Ադրբեջանը ցանկանում ծառայեցնել նաեւ անկլավային Տիգրանաշենը (Քյարքի)՝ համարելով, որ այն արդեն իր գրպանում է, եւ վատ չէր լինի «իրենով անել» նաեւ Երասխը՝ իբրեւ պահեստային տարբերակ: Չէ՞ որ ախորժակն ուտելիս է բացվում:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականի 27-րդ համարում