Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության գոյության իմաստը

Սեպտեմբեր 08,2021 10:00

Ցանկացած պետություն պետք է ունենա ինչ-որ տեսլական կամ գոյության իմաստ (raison d’être), որի վերաբերյալ քաղաքացիների մեծամասնության մոտ կա ընդհանուր համաձայնություն: Այդ իմաստի կորուստը՝ պետության գոյատեւման տեսանկյունից, լուրջ վտանգ է: Օրինակների համար հեռու չգնալու նպատակով հիշենք մեր ոչ վաղ անցյալը: Խորհրդային մարդկանց մեծ մասը որոշ ժամանակ կարծում էր, որ կառուցում է պայծառ կոմունիստական ապագա, եւ կատարյալ երջանկությանը խանգարում են չար իմպերիալիստները (տեսլականի հետ մեկտեղ շատ ցանկալի է, որ լինի թշնամու կերպարը): Բայց 1970-ական թվականներին (գուցե մի քիչ ավելի վաղ) այդ տեսլականին այլեւս ոչ ոք չէր հավատում, եւ պետությունը, որի գոյության իմաստը հիմնված էր նաեւ այդ հավատի վրա, սկսեց կամաց-կամաց այլասերվել եւ հետագա 20 տարիների ընթացքում այս եւ բազմաթիվ այլ պատճառներով վերջնականապես փլուզվեց: Երրորդ Ռայխի գոյության իմաստը Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտության համար ռեւանշն էր: Նմանապես՝ 1994-2020 թվականների Ադրբեջանի ինքնության հիմքը «իրենց» հողերի հետնվաճումն էր եւ դրան ուղեկցող՝ հայերի նկատմամբ վայրագ ատելությունը:

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվել է եւ մինչեւ 2020 թվականը գոյատեւում էր այն հիմքով, որ կարողանում է ապահովել Արցախի գոյությունը՝ որպես հայկական տարածք: Բայց անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո պետության գոյության այդ իմաստը գրեթե կորել է ու փոխարինվել է նոր իմաստով:

Տեսլականը ձեւակերպվել է իշխանության կողմից դեռեւս 2018 թվականի մայիսին: Պետության գոյության այսօրվա իմաստը նախկիններին պատժելն է, եւ այդ քարոզչությունը վարվում է հետեւողականորեն ու մեծ հաջողությամբ՝ ընդգրկելով պոպուլիզմը՝ այսինքն իբր հեշտ իրագործելի նպատակները եւ թշնամու կերպարի ձեւավորումը: Ըստ այդմ՝ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձերբակալվեն եւ ցանկալի է՝ գնդակահարվեն, իսկ նրանց հարստությունը հեղափոխական Ռոբին Հուդերը հավասարապես բաժանեն ժողովրդին, ապա Հայաստանը կդառնա երջանիկ եւ բարգավաճ երկիր: Այդպիսին է Փաշինյանի ընտրազանգվածի, այսինքն՝ ակտիվ քաղաքացիների մեծամասնության տեսլականը եւ, ինչպես եւ նախորդ օրինակներում, դրա շուրջ կա հասարակական լայն կոնսենսուս:

Բայց այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ այդ մարդիկ եւ մի շարք այլ՝ հիշյալ ընտրազանգվածի համար ատելի կերպարներ առայսօր, երեքուկես տարվա ընթացքում չեն դատապարտվել կոռուպցիայի համար: Գուցե նրանք իրականում անմե՞ղ են: Կարծում եմ՝ ոչ: Նախկին ռեժիմին ծառայող դատավորնե՞րն են խանգարում: Դարձյալ՝ ոչ: Պատճառը, վստահ եմ, այլ է. եթե նրանք գնդակահարվեն, եթե հագեցվի այդ զանգվածի վրեժի ծարավը, ապա պարզ չէ, թե դրանից հետո ինչով են զբաղեցնելու մարդկանց: Կվերանա այն, ինչը, շատերի կարծիքով, այսօր պետության գոյության իմաստն է: Ահա եւ ստացվում է, որ «թալանի» մասին խոսելն ավելի ձեռնտու է, քան ենթադրյալ «թալանչիներին» իսկապես պատժելը: Կարծում եմ, անվերջ խոսել նույնպես չի ստացվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Շատ հետաքրքիր բան է ստացվում. նախկին «թալանչիների» տեսլականը Արցախն էր, իսկ քայլարած չարչիների գոյության իմաստը՝ Արցախը հանձնելն ու թավշյա թալանը… Գերագույն գլխավոր թալանչին յոթ երգ գիտի, յոթն էլ թալանի մասին…

  2. Armen says:

    Ժողովուրդը չի հավատացել մի իշխանության, և չի հավատալու, որը առաջին հերթին մտածել է անձնական հարստություն դիզելու և իր շարքերը համալրել է հանցագործ տարրերով: Այս տիպի իշխանության ղեկավարին հայրենասեր պատկերացնելու համար շաաա՜տ ջանքեր են պետք:

  3. Nimar says:

    Կարո՞ղ էր Արցախի գոյությունը ազդել Հայաստանի կողմից անկախության հռչակման վրա: Ի վերջո, ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետություններին այլ բան չէր մնում, քան անկախ գոյությունը: Նրանք շպրտվեցին որպես ավելորդ բալաստ: Ես ոչ մի կերպ չեմ կարող համաձայնել, որ գոյության իմաստը հանդիսանում էր Արցախը որպես Հայաստանի մաս: Այսինքն, ես ընդհանրապես այստեղ կապ չեմ տեսնում: Իմ կարծիքով, մեր պետության գոյության իմաստը էթնոսից (ժողովրդից) ազգի ձևավորմանն անցնելու համար բավարար պայմանների ստեղծումն է: Հաշվի առնելով, թե որքան ժամանակ է, ինչ Հայաստանը չի ունեցել անկախ պետականություն, սա բավականին երկար գործընթաց է:
    Ինչ վերաբերում է գողացվածի առգրավմանը, շատերը միամտորեն կարծում են, որ սրանից ինչոր բան կստանան: Նրանք մոռանում են, որ պետությունից գողացվածը վերադարձվում է պետական ​​գանձարան, այլ ոչ թե իրենց գրպանը: Առայժմ իներցիայով նրանց թվում է, որ պետական ​​գանձարանն ու գրպանը ըստ էության նույն բանն են: Սրանք շատ տարածված թյուր պատկերացումներ են՝ իշխանությունը շփոթում են պետականության, կառավարությունը պետության հետ և այլն: Սա ներելի է բոլոր նրանց, ովքեր ծանրաբեռնված չեն գիտելիքներով:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930