Լրահոս
Օրվա լրահոսը

Բաժանման դեպքում Փաստաբանների պալատը կհայտնվի քաղաքական, օլիգարխիկ ազդեցությունների ներքո

Սեպտեմբեր 08,2021 14:00

Առկա է Հանրային պաշտպանների սոցիալական ապահովվածության անհավասարությունը դատախազների համեմատությամբ

«Առավոտի» մեր նախորդ հրապարակման մեջ («Սեպտեմբերի 11-ը ՀՀ փաստաբանների համար համարվում է լռության օր») տեղեկացրել էինք, որ 2021 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» կոնֆերանս սրահում նշանակվել է բանավեճ, որին հրավիրվել են ՀՀ փաստաբանների Պալատի նախագահի 3 թեկնածուները՝ ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, փաստաբաններ Թամարա Պողոսյանը եւ Գեւորգ Գյոզալյանը:

Սեպտեմբերի 12-ին (կիրակի օր), ժամը 09.30-ից Երեւանի Զաքյան 7-2 հասցեում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) տեղի է ունենալու Հայաստանի փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը՝ հետեւյալ օրակարգային հարցով. ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն: Թեկնածուներից ներկայացրել ենք արդեն Գեւորգ Գյոզալյանի ծրագիրը:

Ինչպես խոստացել ենք, անդրադառնանք հաջորդ թեկնածուի՝ Սիմոն Բաբայանի 2021-2025թթ. նախընտրական ծրագրի հիմնական ուղղություններին:
Սիմոն Բաբայանը 2014 թվականից ղեկավարում է ՀՀ փաստաբանական դպրոցը:

Ծրագիրը սկսվում է Փաստաբանների պալատի ձեռքբերումներից: Ըստ Ս. Բաբայանի. «Տարիների ընթացքում Հայաստանում ներդրվել է հանրային պաշտպանության առանձնահատուկ կառուցակարգը, հիմնադրվել է Փաստաբանական դպրոցը, ստեղծվել են փաստաբանական գործունեությանն աջակցող տարբեր ստորաբաժանումներ (փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով, արագ արձագանքման հանձնախումբ, գիտավերլուծական կենտրոն, ակումբ եւ այլն): Փաստաբանների պալատի ստորաբաժանումների մոդելները միջազգային գործընկերների կողմից դիտարկվել են որպես օրինակելի: Տարիների ընթացքում մեր համայնքում ձեւավորվել են ինստիտուտն ամրապնդող ավանդույթներ, մենք ունեցանք մասնագիտության օր: Առաջադրվելով որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու՝ նպատակ ունեմ պահպանել ինստիտուտի նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումները եւ ձեզ հետ միասին զարգացնել այն»:
Ծրագրի նախաբանում անդրադարձ կա հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությանը, միջազգային եւ տեղական համագործակցությանը, առկա մարտահրավերներին:

Ըստ Սիմոն Բաբայանի. «Պալատի գործունեության ընթացքում վերջին շրջանում ավելի հաճախ, մեր գործընկերների կողմից շրջանառվում են կարծիքներ, որ օրենսդրական փոփոխությունների միջոցով անհրաժեշտ է մասնատել փաստաբանության ինստիտուտը եւ մի քանի փաստաբանական պալատներ հիմնադրելու եւ դրանց անդամակցելու հնարավորություն ընձեռել փաստաբաններին: Այս գաղափարը կործանարար է մեր ինստիտուտի համար, դրա նպատակահարմարությունը փաստարկված չէ, որեւէ կերպ չի կարող արդարացված լինել եւ հղի է մի շարք վտանգավոր հետեւանքներով»: Բաբայանը նշել էր, որ կկազմաքանդվի փաստաբանական ինստիտուտը, կառաջանա հակասություն միջազգային առաջատար փորձի հետ, ուր ժամանակակակից փաստաբանական համայնքները գնում են միավորման ճանապարհով, որտեղ պալատների բաժանումը տեղի է ունենում միայն տարածքային սկզբունքով՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա: Բաժանման դեպքում կնվազեն փաստաբանական ինստիտուտի արդյունավետ կառավարման ռեսուրսային հնարավորությունները:

Ս. Բաբայանը չէր բացառել, որ Փաստաբանների պալատը կհայտնվի քաղաքական՝ իշխանական (ընդդիմադիր, օլիգարխիկ) ազդեցությունների ներքո, ինչն ուղղակի կհարվածի դրա անկախությանը: Բազմապալատ ձեւաչափի դեպքում ֆինանսական ռեսուրսակիր անձինք, այդ թվում՝ քաղաքական միավորոմւների ներկայացուցիչները, հնարավորություն կունենան ձեւավորելու իրենց անձնական փաստաբանական պալատները, միջամտելով փաստաբանի անկախությանը՝ ինստիտուցիոնալ մակարդակում:

Բացի այդ, չեն լինի ընդհանուր վարքագծի կանոններ բոլոր փաստաբանների համար, չի գործի նաեւ հանրային պաշտպանի գրասենյակը:
Ծրագրում առանձին բաժին կա. Հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ զարգացման մասին: Մասնավորապե, թեկնածուն առաջարկում է հանրային պաշտպանների հաստիքների ավելացում, նրանց ծանրաբեռնվածության բաշխման օպտիմալացում՝ օգտագործելով փաստաբանական դպրոցի կլինիկայի կարողությունները: Ուշադրություն է դարձվել նաեւ Հանրային պաշտպանների սոցիալական ապահովվածության անհավասարությանը դատախազների համեմատությամբ. «Խնդիրը կարող է լուծվել ինչպես պետական բյուջեի միջոցների հաշվին, այնպես էլ որպես փաստաբանական ծախս հատուցված միջոցների հաշվին»:

Խոսելով անվճար ծառայություններ տրամադրելու մասին՝ Ս. Բաբայանը նշել էր, որ բյուջետային միջոցների հաշվին ձեւավորվող գրասենյակի կարողությունները բավարար չեն անվճար իրավաբանական ծառայությունների առկա ծավալն ամբողջապես ապահովելու համար: Առաջարկվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որտեղ կգեներացվեն անվճար իրավաբանական օգնության կարիքները եւ համապատասխանաբար կբաշխվեն նմանատիպ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող կառույցների եւ անձանց միջեւ:

Ծրագրում առանձին գլխում տեղ է գտել փաստաբանների անձնական կյանքի միջամտությանը, մասնավորապես հեռախոսային գաղտնալսումներին, փաստաբանական գործունեության արտաքին միջամտությանը. «Անհրաժեշտ է իրականացնել փաստաբանների իրավունքների իրացման խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում: Պետք է պարբերաբար լուսաբանել փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի եւ արագ արձագանքման հանձնախմբի կատարած աշխատանքը, ակումբի նիստերում քննարկել արձանագրված խախտումները»: Ի դեպ, ակնարկվել էր նման դեպքերում նախաձեռնել ռազմավարական դատավարություններ, կիրառել համարժեք պաշտպանության միջոցներ:

Աջակցության բազմաթիվ ծրագրերի մասին թվարկելով, թեկնածուն առաջարկում է փաստաբանական գրասենյակների զարգացումը խթանող ծրագրերի շարունակականության ապահովում: Այն է՝ փաստաբանական գրասենյակների համար ձեւավորել հաշվապահական հաշվառում իրականացնող որակյալ եւ մատչելի ծառայություններ մատուցող կազմակերպությունների բազա:

Պալատի սոցիալական քաղաքականության մասում նշվում է տարեց փաստաբանների համար իրականացվող ծրագրերի մասին: Ծրագրվում է կենսաթոշակային տարիքի փաստաբաններին աջակցել՝ սահմանելով հավելյալ արտոնություններ անդամավճարների եւ վերապատրաստման դասընթացների մասով:

Երբ ծրագրում խոսք էր գնում Պալատի «կազմաքանդման» հետեւանքների մասին, Բաբայանն անդրադառնում է նաեւ փաստաբանական դպրոցի մասին նույնպես: Նման բան լինելու դեպքում նա կանխատեսում է, որ փաստաբանների դպրոցը չի գործի կամ կմիացվի ՀՀ արդարադատության ակադեմիային, իսկ փաստաբանների արտոնագրերի տրամադրումը կվերապահվի պետական մասնակցությամբ մարմնի կողմից:

«Փաստաբանական գործունեություն իրականացնելիս իրավունքների պաշտպանության շրջանակներում փաստաբաններն առնչվում են տարբեր իրավակիրառ մարմինների, այդ թվում՝ դատական համակարգում դրական եւ բացասական երեւույթներին: Նշվածով պայմանավորված, ձեւավորվում է հասարակական կարծիք այդ մարմինների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ: Փաստաբանական պալատի կողմից դատարանների գնահատման պրակտիկան լայնորեն կիրառություն է գտել նաեւ ԱՄՆ-ում… Ոչ ֆորմալ գնահատում ի զորու է իրականացնել նաեւ ՀՀ փաստաբանական համայնքը, ինչը կնպաստի իրավունքի գերակայության ամրապնդմանը եւ արդարադատության որակի բարձրացմանը»,-ասվում է ծրագրում:

Սիմոն Բաբայանը ընտրել է ակտիվ հանդիպումների ձեւաչափը մարզերում: Օգոստոսի 26-ին նախընտրական քարոզարշավը սկսել է Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերի փաստաբաններին այցելությամբ: Փաստաբանների հետ քննարկվել է հանրային պաշտպանների գերծանրաբեռնվածության եւ սոցիալական երաշխիքների բացակայության, փաստաբանների թիրախային վերապատրաստումների, դատարանների եւ պետական մարմինների հետ հաղորդակցման ընթացքում ծագած խոչընդոտների եւ մի շարք այլ հարցերի շուրջ: Օգոստոսի 27-ին եղել է Արարատի եւ Սյունիքի մարզերում, որտեղ ներկայացրել է մասնագիտական անվճար աջակցության ծրագրի (LOW BONO) իրականացման գաղափարը: Ըստ Բաբայանի այդ օրվա մասին սոցցանցում արված գրառման. «Իրավունքի զարգացման արդի միտումները վկայում են, որ մասնագիտական աջակցության կարիք են ունենում նաեւ փաստաբանները, առավել հաճախ նման կարիք առաջանում է երիտասարդ փաստաբանների մոտ: LOW BONO ծրագիրը հնարավորություն է ընձեռում ներգրավել աջակցության կարիք եւ նման աջակցություն տրամադրելու պատրաստակամություն ունեցող գործընկերներին»:

Օգոստոսի 29-ին այցելել է Արմավիրի եւ Շիրակի մարզեր, սեպտեմբերի մեկին՝ Կոտայքի մարզ: Այդ հանդիպումներին խոսվել է այլ երկրներում եւ մասնավորապես՝ ԵԱՏՄ տարածքում փաստաբանի կարգավիճակի փոխադարձ ճանաչմանն, տարեց փաստաբանների համար իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովմանը վերաբերող խնդիրների մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Մենք նախատեսել էինք ներկայացնել Թամար Պողոսյանի ծրագիրը նույնպես: Երեկ տեղեկացանք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրության կապակցությամբ ինքնաառաջադրված թեկնածու Թամարա Պողոսյանը սեպտեմբերի 3-ին ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:

«Առավոտ» օրաթերթ
07.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930