Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է քաղաքական որոշում լինի ղեկավարության կողմից»

Սեպտեմբեր 08,2021 13:30

Ըստ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի, իր փրկած գորգերի ճակատագիրն անհայտ է

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ժամանակավորապես «ապաստանել» են Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշներ, որոնք թվագրվում են 17-20-րդ դարերին։

Շուշիի գորգերի թանգարանը հիմնադրվել էր 2011թ. սեպտեմբերի 2-ին, այն օրերս դարձավ 10 տարեկան:

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը որը փրկել է թանգարանի մշտական ցուցադրությունը ներառող նմուշները, «Առավոտի» հետ զրույցում ասում է. «Շուշիի գորգերի թանգարանը դարձավ 10 տարեկան: Այս պայմաններում մտածում էի` արժի նշել, թե ոչ, բայց երբ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը եւ իր տիկինը հենց թանգարանի սրահում բացեցին գորգերի ցուցադրություն, որոշեցի, որ պետք է նշվի մեր թանգարանի հիմնադրման 10 տարին:

Ադրբեջանցիներն իրենց` ուրիշի մշակույթը յուրացնելու սովորության համաձայն՝ եկան պատրաստի թանգարանի վրա թանգարան հիմնեցին: Փետրվարի 20-ից փրկված գորգերը գտնվում են Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանի տարածքում, ու մինչեւ այսօր հստակ չգիտենք, թե ինչ է լինելու հետագայում: Հիմա այստեղ ենք` մինչեւ կառուցողական որեւէ առաջարկ լինի կամ լուծում տրվի պետության կողմից»:


Վարդան Ասծատրյանից տեղեկացանք, որ ամենահին գորգը 17-րդ դարի է, իսկ ընդհանրապես գորգերը թվագրվում են 17-րդ դարից մինչեւ 19-րդ դարի վերջ:

«120 գորգ մնացել է, բայց ամենակարեւոր գորգերը հանել ենք, այնտեղ մնացած գորգերը ադրբեջանցի զինվորների կողմից թալանվել են… Ընդհանրապես իրենց մոտ դեռեւս 1960-ական թվականներից պետական ծրագիր կար հայկական մշակույթը յուրացնելու: Ադրբեջանցիները շրջում էին Արցախի բոլոր գյուղերով, հայկական հին գորգերը գնում էին կամ նորերով փոխանակում, նույնն էլ Հայաստանում է եղել:

Մեր կառավարությունը երբեք չի զբաղվել դրանով, քանի որ մերն էր, մտածել են՝ միշտ մերը կլինի, բայց պետք է պահի լրջությունը հասկանանք, որ իրենք վերջնականապես ուզում են այդ մշակույթն իրենցով անել, պետք է արդեն քաղաքական որոշում լինի ղեկավարության կողմից այս թեմայի վերաբերյալ, թե չէ ամեն ինչ վերջնականապես կկորցնենք, քանի որ արդեն եկել են մեր թանգարանի վրա թանգարան հիմնադրել»:

Հարցրինք` արդյոք մասնավոր հատվածից դիմել են իրեն թանգարանի տարածքի հարցում օգնելու համար, Վարդան Ասծատրյանը պատասխանեց. «Ասես զննում է գնում, ինչ-որ մարդիկ են ուղարկում, իրավիճակը դիտարկում են, բայց կառուցողական քայլեր չեմ տեսել, ամեն ինչ դեռեւս խոսակցությունների մակարդակի վրա է: Ընդ որում՝ Շուշիի գորգերի թանգարան ստեղծելու համար առանձնապես մեծ ներդրումներ պետք չեն, պատրաստի թանգարան է, շենքի հարցը պետք է լուծվի: Գուցե սովորական մարդու համար դա մեծ գումար է, բայց թանգարանի համար ոչ այնքան մեծ, միեւնույն է՝ պետությունը չի կարողանալու նման բան ստեղծել, քանի որ այս գորգերը ձեռք ենք բերել այն գյուղերից, որոնք արդեն կորցրել ենք: Մեզ մոտ արձանագրված է, թե որ գորգը որ գյուղից է: Անգամ եթե շուկայից նման գորգեր ձեռք բերեն, 10 անգամ ավելի շատ ծախս կանեն, իսկ այսպես` ամեն ինչ արդեն արված է»:

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրն ընդգծում է, որ մինչեւ այժմ թանգարան չեն այցելել ոչ Արցախի կառավարությունից, ոչ Արցախի ներկայացուցչությունից:

6 ամիս առաջ միայն Արցախի նախարարն է եկել, Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունից եւս որեւէ մեկը չի եկել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
07.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել