Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կյանքի ընթացքը պատերազմով է կերտվել եւ շարունակում է այդպիսին լինել»

Սեպտեմբեր 08,2021 13:00

Հարցազրույց բանաստեղծուհի, Արցախի, Հայաստանի եւ Բուլղարիայի գրողների միությունների անդամ Սոնա Համբարձումյանի հետ

– Պատերազմից համարյա մեկ տարի է անցել… այս շրջանում Արցախում փոխվե՞լ է ստեղծագործելու հոգեվիճակը, թեման, հասցեականությունը։

– Ստեղծագործությունը ներքին հույզերի, գոհությունների եւ մտահոգությունների խտացված արտացոլանքն է, հետեւաբար յուրաքանչյուր արտաքին գործոն՝ թե հասարակական, թե քաղաքական, անգամ կենցաղային մթնոլորտն ի վիճակի է ազդել նրա ընթացքին: Ես բնական եմ համարում սա: Պատերազմը փոխում է ոչ միայն կարգավիճակ, այլեւ հոգեվիճակ ու կենսակերպ. այս ամենը չի կարող անվրեպ մնալ ստեղծագործական գործունեության մեջ: Մենք նոր հոգեվիճակ ենք ձեռք բերում, նոր արժեւորումներ եւ նոր գնահատականներ: Որպեսզի գրականությունը զուտ հույզերի տեղատարափի չվերածվի, ինչը ժամանակի մեջ գոլորշիանում է, ոչ թե՝ կարծրանում եւ փոխանցվում, ստեղծագործողը պետք է սպասի այն պահին, երբ բառը իր ներսից կխոսի եւ հույզերի փոխարեն բառերի տեղատարափ կլինի: Միայն այս համբերատարության մեջ թեման ու հասցեն կընթանան ինքնատիպ ճանապարհով: Հիմա ստեղծագործական թեմաների 30-40 տոկոսը դարձել է մարտադաշտ, զոհ, կորսված հայրենիք հասկացություններ պարունակող բովանդակություն…

– Գրական մշակույթի ներուժ տեսնո՞ւմ եք Արցախում։

– Բոլոր ժամանակներում էլ եղել է գրականության լայն հոսք, որի մեջ կոփվել են լավագույնները եւ անդրդվելի կանգնել ժամանակի մեջ: Հիմնվելով ժողովրդագրական տվյալների վրա, մենք կարող ենք արձանագրել, որ պասիվ ցուցանիշ չէ արցախյան միջավայրում ստեղծագործ հանրույթը, սակայն մեր գերնպատակը գրական յուրատիպ եւ մնայուն արժեք ստեղծելն է, ինչն այսօրվա տեսանելի երեւույթը չէ: Այսօր ունենք հետաքրքիր երիտասարդ ստեղծագործողներ, գրականագետներ, ավագ սերնդի՝ գրականության մեջ ինքնուրույն ձեռագիր ունեցող գրողներ ունենք…Ինչ վերաբերում է ինձ եւ իմ ծրագրերին, նշեմ, որ մի հրաշալի գիրք պետք է հրատարակեինք Սանկտ Պետերբուրգում 2020 թ., սակայն դա չեղավ, քանի որ գրքի համահեղինակը՝ Ալեքսանդր Կնյազեւը, մահացավ: Հիմա դադարի մեջ է այդ ծրագիրը: Մյուս ծրագիրս գրական-երաժշտական է, որի արդյունքում իմ բանաստեղծությունները ռոմանս են դառնալու, այն իրականացնում եմ բեյրութահայ հայտնի կոմպոզիտոր Գարո Ավեսսյանի հետ, ով երաժշտության հեղինակն է, եւ երգչուհի, «Հայաստանյան ձայներ» նախագծի գեղարվեստական ղեկավար Ստեֆանի Քոչարյանի հետ: Ծրագրի առաջին արդյունքն ունենք՝ «Դու ծաղիկ ես» ստեղծագործությունը, որը Ալեքսանդր Կնյազեւի համանուն բանաստեղծության իմ թարգմանությունն է, այն արդեն հնչել է ՌԴ մի քանի քաղաքներում, Լիբանանում, Երեւանում եւ հասանելի է նաեւ համացանցում: Ինչպես նաեւ որպես երաժշտական գործ տպագրվել է առանձին գրքով՝ հատուկ սոպրանոյի եւ դաշնամուրի համար: Նաեւ մասնագիտական ուղղվածությամբ եւս ծրագրեր եմ իրականացնում, շուտով լույս կտեսնի վաստակավոր իրավաբան Վլադիմիր Հովսեփյանի հետ համահեղինակությամբ իրավագիտական ուսումնական ձեռնարկ «Երեխայի իրավական կարգավիճակը Արցախի Հանրապետությունում» վերնագրով: Աշխատում եմ բանաստեղծական նոր գրքիս վրա, ավելին չեմ ասում՝ ամեն ինչ Աստծով եւ ժամանակի հետ:

– Ըստ ձեզ` ցավն ու փորձությունը մարդուն հենց այնպե՞ս են տրվում, թե դրանք կյանքը խորապես ճանաչելու հնարավորություն են տալիս։

– Ես այդ ամենը ընկալում եմ որպես Աստծո ծրագիր, որով կարող եմ հասունանալ, կոփվել ու պատրաստվել կյանքի այլ փուլերին: Դրա համար միշտ իմ աղոթքներում շնորհակալության խոսք եմ հղում Աստծուն իր տված անհաջողությունների եւ փորձությունների համար: Իմ այս բանաձեւը նաեւ որպես խորհուրդ տալիս եմ իմ մտերիմներին, ինձ վստահողներին:

– Պատերազմի հետքերը կարո՞ղ ենք տեսնել ձեր պոեզիայում։

– Իմ պոեզիայում մշտապես եղել է պատերազմը եւ շարունակում է լինել… իմ կյանքի ընթացքը պատերազմով է կերտվել եւ շարունակում է այդպիսին լինելը… Պատերազմը՝ խաղաղության եւ հայրենի հողում ապրելու նպատակով մեր անվան պես կրում ենք մի ողջ կյանք, այն չի կարող չլինել իմ տողերում: Այնուամենայնիվ, ես հպարտ եմ, որ այսպիսի հայրենիք ունեմ՝ բոլորի կողմից սիրված ու ցանկալի, հպարտ եմ իմ հայրենակիցներով՝ խաղաղության մեջ անտարբեր, մի քիչ ագահ, բայց պատերազմի պահին՝ անձնվեր… Չգիտեմ որքանով է հաջողվում, բայց ես ուզում եմ իմ պոեզիայում պատերազմը ներկայացնել որպես հավերժության, լինելիության խորհուրդ, որպես ժամանակաստեղծ երեւույթ, որի համար զոհաբերված կյանքերը մեր երկնային աստղերն են, որպեսզի հայ ժողովրդի կյանքի խավարը լույս ունենա, տխրությունը՝ հույս, իսկ աշխատանքը՝ բերք…

Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930