Հարցազրույց Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող Արտակ Վարդանյանի հետ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ուսումնասիրվել է Նախիջեւանի տարածքի չուսումնասիրված բարբառներից վերջինը: Անցյալ դարում հայաթափված Նախիջեւանի Գողթն գավառի հյուսիսային գյուղերի խոսվածքները առանձին ուսումնասիրության նյութ է դարձրել ինստիտուտի աշխատակից, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանը:
Ինչպես էլեկտրոնային տարբերակով լույսընծայված մենագրության նախաբանում նշում է ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը, «Արժեքավոր այս աշխատանքը նորություն է բերում հայ բարբառագիտության տեսանկյունից՝ ոչ միայն հայերենի չուսումնասիրված բարբառային միավորի քննության, այլեւ մեր կորուսյալ հայրենիքի կենտրոնական հատվածներից մեկին՝ Գողթն-Նախիջեւանին նվիրված հետազոտությունների շարքը շահեկանորեն լրացնելու առումով»: Այս առիթով էլ զրուցել ենք Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող Արտակ Վարդանյանի հետ:
– Պարոն Վարդանյան, երկար տարիներ զբաղվում եք Նախիջեւանի տարածքի բարբառների ուսումնասիրությամբ: Հայերենի քանի՞ բարբառ էր ընդգրկում այս տարածաշրջանը:
Կարդացեք նաև
– Նախիջեւանի տարածքը, որ Հայաստանի երեք պատմական նահանգների՝ Վասպուրական, Այրարատ եւ Սյունիք աշխարհների խաչմերուկն էր, բնականաբար օժտված էր նաեւ բարբառային խիստ բազմազանությամբ: Անցյալ դարասկզբի վիճակով շուրջ յոթ տասնյակ հայաբնակ գյուղեր եւ քաղաքներ ընդգրկող Նախիջեւանում խոսում էին հայերենի ութ բարբառներով՝ Ագուլիսի, Ջուղայի, Մարաղայի, Խոյի, Արարատյան, Արցախ-Սյունիքի բարբառներով, որոնք ժամանակին ուսումնասիրվել են հայ բարբառագիտության երախտավորների կողմից:
Իմ թեկնածուական ատենախոսության թեման նվիրված է եղել Հյուսիսային Նախիջեւանի եւ Վայոց ձորի տեղաբնիկ խոսվածքախմբին, որը Ճահուկ-Վայքի միջբարբառ անունն է ստացել ուսումնասիրության արդյունքում: Վերջին տարիների իմ աշխատանքն ամփոփող այս նոր մենագրությունն էլ նվիրված է Նախիջեւանի տարածքի մեկ այլ չուսումնասիրված խոսվածքախմբի՝ Հյուսիսային Գողթնի Բիստ, Խուրստ, Մեսրոպավան, Ողոհի, Ռամիս, Փառակա տեղաբնիկ գյուղերի խոսվածքներին: Հաշվի առնելով բնակավայրերի բարբառային հատկանիշների ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած սերտ առնչությունները եւ հարեւան բարբառների հետ մերձավորությունները՝ խոսվածքախումբը անվանվել է Հյուսիսային Գողթնի միջբարբառ:
– Իսկ ի՞նչ է նշանակում միջբարբառ:
– Միջբարբառը բարբառային այնպիսի միավորն է, որը մերձավոր առնչություններ ունի շրջակա մեկից ավելի բարբառների հետ: Օրինակ, Ճահուկ-Վայքի միջբարբառը, ըստ իր բարբառային հատկանիշների, մերձավոր առնչություններ ունի ինչպես Արարատյան բարբառի, այնպես էլ Ջուղայի եւ Արցախ-Սյունիքի բարբառների հետ, իսկ Հյուսիսային Գողթնի միջբարբառը մերձավորություններ է դրսեւորում միաժամանակ Ագուլիսի, Մեղրու եւ Արցախ-Սյունիքի բարբառների հետ:
Միջբարբառի մասնավոր դեպքը ենթաբարբառն է: Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ տվյալ խոսվածքը կամ խոսվածքախումբը մերձավոր առնչություններ ունի միայն մեկ բարբառային միավորի հետ, ապա այն անվանվում է տվյալ բարբառի ենթաբարբառ: Օրինակ, Ագուլիս ավանի մերձակա բնակավայրերից մեկի՝ Ցղնա գյուղի խոսվածքը, իր առանձնահատուկ հատկանիշներով հանդերձ, մերձավորություն էր դրսեւորում միայն Ագուլիսի բարբառի հետ, ուստի, ժամանակին անվանվել է Ագուլիսի բարբառի Ցղնայի ենթաբարբառ: Նույն կերպ Արարատյան բարբառի Աստապատի ենթաբարբառ է անվանվել Նախիջեւանի նշանավոր բնակավայրերից մեկի՝ Աստապատ գյուղի խոսվածքը:
– Այսօր Նախիջեւանի տարածքը իսպառ հայաթափված է: Ե՞րբ են ուսումնասիրվել այդ բոլոր բարբառները:
– Հայերենագիտությունը ինչպես շատ հարցերում, այս հարցում եւս պարտական է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանին, ով ժամանակին ուսումնասիրել է Ջուղայի, Ագուլիսի, Արցախի եւ Մարաղայի բարբառները: Խոյի, Արցախ-Սյունիքի, Արարատյան բարբառներն այսօր էլ կենդանի բարբառներ են եւ համեմատաբար ուշ շրջանում նույնպես պատշաճ ուսումնասիրվել են լեզվաբաններ Մանվել Ասատրյանի, Կարո Դավթյանի, Ալեքսանդր Մարգարյանի, Արարատ Ղարիբյանի, Ահարոն Գրիգորյանի, Սիրանուշ Բաղդասարյան-Թափալցյանի եւ այլոց կողմից:
– Ձեր աշխատանքը, փաստորեն, ամբողջացնում է Նախիջեւանի բարբառների վերաբերյալ մենագրությունների շարքը: Դժվարություններ չե՞ն եղել բարբառախոսներ գտնելու հարցում: Մեր օրերում ապրո՞ւմ են Հյուսիսային Գողթնի այդ բոլոր բնակավայրերի նախկին բնակիչներ:
– Բարեբախտաբար, դեռեւս 1980-ականներից լեզվի ինստիտուտում Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրով իրականացվել եւ ինստիտուտի արխիվում պահվում են հարյուրավոր բնակավայրերի խոսվածքների վերաբերյալ հսկայական նյութեր: Իմ ուսումնասիրած տարածքի երեք բնակավայրերի նյութերը (Բիստ, Մեսրոպավան, Փառակա) առկա էին այդ հավաքածուում, իսկ մյուսների վերաբերյալ նյութերը վերջին տարիներին անձամբ եմ հավաքել մեր օրերում ապրող տարեց նախիջեւանցիներից: Ինձ, անշուշտ, օգնել է այն հանգամանքը, որ ծնունդով Նախիջեւանից եմ, եղել եմ «Նախիջեւան» հայրենակցական միության նախագահը եւ անձամբ եմ ճանաչել իմ հայրենակից բարբառախոսներին:
Օգտվելով առիթից՝ խորին շնորհակալություն եմ հայտնում մայրենի բարբառները այսօր էլ պահող-պահպանող, ցավոք, արդեն փոքրաթիվ իմ հայրենակիցներին, գործընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին իմ 15-րդ գրքի աշխարհ գալուն:
– Խորհրդային Ադրբեջանի կողմից անցյալ դարում իրականացված հակահայ քաղաքականության հետեւանքով ոչ միայն իսպառ հայաթափվեց Նախիջեւանի ողջ երկրամասը, ոչ միայն ամբողջովին ոչնչացվեցին տարածքի հայ մշակույթի բազմահազար հուշարձանները, այլեւ իրենց իսկ բնօրրանից արմատախիլ լինելով՝ ոչնչացան հայերենի ամբողջ խումբ բարբառներ: Նման աշխատանքները, փաստորեն, ինչ-որ տեղ հոգեւոր սպեղանու արժեք ունեն մեզ համար: Պարոն Վարդանյան, շնորհավորում եմ Ձեզ արժեքավոր աշխատանքի լույսընծայման կապակցությամբ: Նաեւ շնորհակալ եմ զրույցի համար:
Զրույցը վարեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.09.2021