Լրահոս
Օրվա լրահոսը

Sapere aude! – hամարձակվիր իմանալ

Սեպտեմբեր 08,2021 15:00

Հայաստանում պետք է Լուսավորության շրջան սկսվի

Ի՞նչ է Լուսավորությունը: Այդ հարցին փորձել են պատասխանել շատերը, այդ թվում՝ գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը 1784 թվականի իր, կարելի է ասել, հրապարակախոսական հոդվածում: Լուսավորությունը, ըստ նրա, նշանավորվում է մարդու՝ անչափահաս վիճակից դուրս գալով: Ընդ որում, նա գտնվում է այդ վիճակում սեփական կամքով՝ նա ոչ թե երեխա է, այլ պարզապես չի համարձակվում ղեկավարվել սեփական խելքով, առանց ուրիշի ցուցումների կամ գոյություն ունեցող կարծրատիպերի: Sapere aude! – արիություն ունեցիր օգտվելու սեփական խելքից՝ այդպես է Կանտը մեկնաբանում լատինական ասույթը, որը, նրա կարծիքով, Լուսավորության նշանաբանն է:

Ընդ որում, Լուսավորությունը, ըստ Կանտի, կարող է միայն աստիճանական, էվոլյուցիոն լինել: «Հեղափոխության միջոցով, – գրում է նա, – թերեւս հնարավոր է վերացնել շահամոլների կամ իշխանամոլների բռնապետությունն ու կեղեքումը, բայց երբեք հնարավոր չէ իրականացնել մտածելակերպի բարեփոխումը: Նոր նախապաշարումները, ինչպես եւ հները, անմիտ ամբոխի համար քայլակ են հանդիսանալու»:

Լուսավորության այս գերմանական տարբերակը, ի տարբերություն ֆրանսիականի, չէր մղում «անմիտ ամբոխին» կտրուկ գործողությունների, եւ մտածողության լիակատար ազատության կրքոտ պահանջի հետ մեկտեղ, ենթադրում էր որոշակի քաղաքացիական կարգապահություն: Այս մոտեցման իմաստն այն է, որ եթե մենք չենք աշխատեցնում մեր ուղեղը, այլ վերցնում ենք ինչ-որ պատրաստի «կլիշեներ», որոնք դրված են մեզ պարտադրվող «դարակներում» եւ ձեւակերպված են ուրիշների կողմից, ապա ի՞նչ տարբերություն՝ այդ կարծրատիպերը, նախապաշարումները հեղափոխակա՞ն են, թե՞ պահպանողական, ազատակա՞ն են, նացիստակա՞ն են, թե՞ կոմունիստական: Դրանք, միեւնույն է, «կլիշեներ» են, որոնք սահմանափակում են մարդկային ինքնուրույն մտածողությունը: Լուսավորությունը, հետեւաբար, կարծրատիպերից դուրս գալն է, մտածողության մի ձեւ է, որն, ըստ Կանտի, կարելի է դաստիարակել, սովորեցնել, սերմանել մարդու մեջ:

Տոտալիտար, բռնապետական, ավտորիտար համակարգերը ձեւավորվում են բազմաթիվ գործոնների ազդեցության տակ, բայց «գաղափարական առումով»՝ նաեւ ոչ ինքնուրույն մտածողության պատճառով: Այդպես էր, համենայնդեպս, մտածում, 20-րդ դարի գերմանա-ամերիկացի փիլիսոփա Հաննա Արենդը: Նրա ամենահայտնի գիրքը կոչվում է «Banality of Evil»՝ «Չարիքի պարզունակությունը», կամ գուցե «Չարիքի՝ սովորական լինելը» եւ նվիրված է նացիստական հանցագործ Ադոլֆ Այհմանի ճակատագրին: Ըստ Արենդի՝ նա միանգամայն արժանի էր մահապատժի, որին 1961 թվականին ենթարկվել էր Իսրայելում: Բայց փիլիսոփան կարծում է, որ Այհմանը ամենեւին ռոմանտիկ չարագործ չէր, բնատուր սադիստ չէր. նրա խնդիրը պարզունակ, տափակ, երանգներից զուրկ մտածողությունն էր, որը դարձրեց նրան դաժան մեքենայի պտուտակ: Կամ, եթե օգտվենք Կանտի եզրաբանությունից, նա ապրում էր այն նախապաշարումներով, որոնք ծառայում էին որպես ամբոխի քայլակ:

Նացիստական գաղափարներով վարակված եւ մարդակերությունը սովորական համարող ամբոխն, իհարկե, ծայրահեղ դեպք է: Սովորաբար ազգերն ապրում են ավելի «առօրյա» նախապաշարումներով, ամեն մեկը՝ իր: Բայց ամեն մի ազգի պատմության մեջ լինում են պահեր, երբ դրամատիկ իրադարձությունների պատճառով այդ ազգի մեծամասնությունը հայտնվում է «խավարի» մեջ, եւ նրան պետք է Լուսավորության շրջան: Մեզ մոտ էլ կային այդ պահերը, եւ այդ ժամանակահատվածներում ի հայտ էին գալիս Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի նման երախտավորներ, որոնք ժողովրդին բացարձակապես չէին իդեալականացնում, դատարկ հաճոյախոսություններով չէին զբաղվում («մեր ժողովուրդն իմաստուն է»), սիրում էին այնպիսին, ինչպիսին կա: Եվ փորձում էին տանել դեպի լույսը, դուրս բերել հարմարավետ առասպելների ճահճից:

Պարզ է, որ այժմ այդ մասշտաբի գործիչներ մենք չունենք: Կարելի է ավելացնել նաեւ, որ, պետականության պայմաններում, այնուամենայնիվ, ցանկալի է, որ պետությունը ցույց տա, թե նման մարդկանց կարիքն ունի: Խոսքը ոչ թե նյութական պայմանների մասին է, այլ՝ պետական շահագրգռվածության: Երբ Թամանյանը, Սպենդիարյանը, Սարաջեւը, Սարյանը գալիս էին քարուքանդ եղած Հայաստանը, նրանք հաստատ որեւէ հարմարավետություն չէին ակնկալում: Բայց այդ մարդիկ վստահում էին իրենց հայրենիք հրավիրած վարչապետին՝ Ալեքսանդր Մյասնիկյանին՝ անկախ վերջինիս քաղաքական հայացքներից: Երբ այսօրվա վարչակազմի ներկայացուցիչներն ասում են մտավորականներին՝ «մենք ձեզ կզացրել ենք, չոքացրել ենք, հաղթել ենք», դա, իհարկե, հավելյալ խոչընդոտներ է ստեղծում Լուսավորության համար: Բայց դրա հետեւանքով նեղացածի կեցվածք ընդունելը, լռելը կամ փախչելը նույնպես սխալ է: Հակառակը՝ նման պայմաններում լուսավորչական ջանքերը պետք է բազմապատկվեն: Իրերն իրենց անունով կոչենք. մենք կանգնել ենք մտավոր աղետի առջեւ, որը լուրջ սպառնալիք է պետությանը. այդ աղետը կանխելու ճանապարհը մարդուն դրդելն է՝ օգտվել սեփական խելքից:

…Մեկ այլ հոդվածում Կանտը ձեւակերպում է, թե ով է, ըստ նրա, լավ քաղաքացին. նա, ով ինքն իր տերն է՝«sein eigener Herr»: Այլ կերպ ասած, իր գլխի (եւ, հետեւաբար, մտքի) տերն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ալինա says:

    Հարգելի՛ պարոն Աբրահամյանը, միշտ մեծ հաճույքով եմ կարդում Ձեր հեղինակային հոդվածները։

    Թույլ տվեք այստեղ մի փոքր լրացում անել. Հաննա Արենդը համարվում է գերմանա֊ամերիկյան հրապարակախոս֊փիլիսոփա հրեական ծագումով։ Ինքը ծնվել և մեծացել է Գերմանիայում և միայն 1933 թվականին ստիպված հեռացել իր հայրենիքից։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի՛ Ալինա, շնորհակալություն լրացման համար: Թերեւս արժե ավելացնել: Շնորհակալ եմ նաեւ իմ վերլուծությունն մեկնաբանելու համար: Հաճելի է, երբ մեկնաբանում են ըստ էության: Թե չէ սովորաբար խմբագրականներս մեկնաբանում են իշխանության կամ ընդդիմության ֆանատները, կամ՝ դրանց ատողները. միեւնույն մարդիկ գրում եմ միեւնույն բաները, ընդ որում՝ չընկալելով իմ արտահայտած մտքերը:

  2. Արմեն Հակոբյան says:

    Հարգելի Արամ, ընդհանուր առմամբ, մեկնաբանություններ չեմ գրում, բայց չեմ կարող չգնահատել աշխատանքը։ Հիանալի վերլուծություն։ Եզակի դեպքերից, երբ հաճույքը ընթերցումից, համատեղվում է օգտակարի հետ։ Ես չգիտեմ՝ դուք դասավանդում եք, թե ոչ, կարծում եմ՝ «պարտավոր» եք։ Դա ձեր հավելյալ լուման կլինի ազգի լուսավորման գործում։ Շնորհակալություն։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930