Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարչյանի վիճակը ծանր է, այս իշխանությունը, որ տարիներ շարունակ խոսում էր Հաց բերողին բանտում սպանելու վերաբերյալ, հիմա կատարում է նույնը». Աննա Գրիգորյան

Սեպտեմբեր 07,2021 23:55

Երեկ ընդդիմադիր պատգամավորները «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին:

Պատգամավոր Աննա Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Պարոն Չարչյանը լավ չէ, իսկապես լավ չէ: Նրա առողջական խնդիրներն օրեցօր ավելանում են: Դուք գիտեք, որ սուր ինֆարկտ է տարել կալանավորման հաջորդ օրը, տեղափոխվել է հիվանդանոց, բայց կարճ ժամանակ հետո նորից նրան տարել են «Վարդաշեն» ՔԿՀ: Երեկ նրան այցելել ենք ու նույնիսկ նրա արտաքին տեսքից կարող ենք ասել, որ առողջական վիճակն իսկապես վատ է: Սա հակամարդկային քայլ է, հումանիստական չէ այն, ինչ տեղի է ունենում հատկապես պարոն Չարչյանի նկատմամբ: Մեր երկու տղաները համեմատաբար ավելի պինդ են: Գիտեք, որ Մխիթար Զաքարյանը պատերազմի ժամանակ թեւից վնասվել էր եւ այս պահին վիրահատության կարիք ունի, առաջիկայում վիրահատություն տեղի կունենա, բայց պարոն Չարչյանի վիճակը իսկապես ծանր է: Այս իշխանությունները, որոնք տարիներ շարունակ խոսում էին Հաց բերողին բանտում սպանելու վերաբերյալ, հիմա կատարում է նույն քայլերը: Ես իհարկե չեմ ուզում նման կանխատեսումներ անել, Աստված մի արասցե, բայց իրականում պարոն Չարչյանի առողջական վիճակը շատ վատ է եւ նա օր առաջ պետք է դուրս գա բանտից»:

Հարցին՝ ի՞նչ էր ասում պարոն Չարչյանը, ի՞նչ մտահոգություններ փոխանցեց՝ Աննա Գրիգորյանն ասաց. «Մինչեւ նրա կալանավորումը պարոն Չարչյանն ասում էր, որ ես իմ գաղափարների համար պատրաստ եմ այս զրկանքներին, որովհետեւ գիտենք ինչ է տեղի ունենում. իշխանությունները հատուկ հրահանգով քաղաքական պատվեր են իրականացնում եւ նրանց դատապարտում են: Բայց այս անգամ պարոն Չարչյանն իսկապես ասում էր, որ ինքն իրեն լավ չի զգում: Եթե նախորդ անգամներին ասում էր, որ ինքը պինդ , շարունակելու է, այս անգամ խոստովանում էր, որ իր առողջական վիճակը վատ է: Սա արձանագրված փաստ է, այնտեղ բուժկետ կա: Բուժկետի բժիշկը ամեն օր ստուգում է նրա արյան մեջ շաքարի տոկոսը ու նրա արձանագրումներում դա ուղղակի սարսափելի բան է: Հնարավոր չէ, որ նման վիճակով մնա Վարդաշեն ՔԿՀ-ում: Դա ոչ թե իր կողմից անալիզի պատասխանն է, այլ՝ ՔԿՀ-ի բժշկի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930