Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառռոսը ՖԻՖԱ-ի ԱԱ որակավորման փուլի՝ Լիխտենշտեինի հետ վաղը կայանալիք հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում ասաց. «Մենք՝ մարզչական շտաբը եւ ֆուտբոլիստները, հիմա բոլոր զգայարաններով կենտրոնացած ենք գալիք հանդիպումների վրա: Իսկ անցյալում տեղի ունեցած հանդիպումների մասին մենք կմտածենք եւ հետեւություններ կանենք: Գերմանիայից կրած պարտությունը շատ ցավալի էր: Ցանկացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ցավ է զգում պարտությունից եւ նաեւ նրանից, թե ինչպես է պարտվել: Սակայն մենք նաեւ գիտակցում ենք, որ վաղը մասնակցելու ենք մի հանդիպման մեր երկրում, մեր խաղադաշտում, մեր երկրպագուների առջեւ, եւ սա առավելագույն մոտիվացիայի առիթ պետք է լինի: Մեր թիմը շատ մեծ ցանկություն ունի վաղը խաղադաշտ մտնելու եւ խաղալու: Ֆուտբոլիստները լավ գիտակցում են այդ երեք միավորի կարեւորությունը, որի համար պայքարելու ենք վաղը: Բայց, անկասկած, մեզ դժվար խաղ է սպասվում: Լիխտենշտեյնն այն թիմն է, որը աստիճանաբար առաջընթաց է գրանցում: Իսկ մենք պետք է վստահենք մեր ուժերին, լինենք համբերատար եւ ցուցադրենք մեր խաղը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ