Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալապես ապահովված, բայց առաջին դասարանցիներ չունեցող Շիրակի մարզի գյուղերը

Սեպտեմբեր 07,2021 22:30

Շիրակի մարզի Մարամաշեն խոշորացված համայնքի Փոքրաշեն գյուղը, որտեղ բնակիչները սոցիալական խնդիրներ գրեթե չունեն, այս տարի առաջին դասարանցի չունի։

Իսկ պատճառը ոչ թե ծնելիություն չլինելն է, այլ ծնողների կողմից Գյումրիի դպրոցները գերադասելը։ Նշենք, որ գյուղի միջնակարգ դպրոցի շենքը բավական գրավիչ է, մաքուր, հարմարավետ։

Դպրոցի տնօրեն Անուշ Կարախանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծնողներն իրենց երեխաներին տարել են քաղաքային դպրոցներ։ Փոքրաշենը Գյումրիից ընդամենը 14 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։

«Գյուղական համայնքներում հետաքրքրություն քիչ կա, այդ պատճառով էլ ծնողները երեխաներին տանում են քաղաքային դպրոցներ՝ մտածելով, որ այնտեղ ավելի լավ է։ Իրենք գյուղից ամեն օր տանում-բերում են երեխաներին, գյուղում են ապրում։ Եթե չտանեին, երեք առաջին դասարանցի կունենայինք»,- ափսոսանքով ասում է տնօրենը։ Դպրոցը նաև 12-րդ դասարանցի չունի, շրջանավարտ չի ունենալու։

Դպրոցում կան նաև կոմպլեկտավորված դասարաններ, մեկ տարրական դասարան՝ երկկոմպլեկտ և միջին օղակում երկու երկկոմպլեկտ դասարաններ։ Դպրոցը մասնագետների պակաս չունի։

Առաջին դասարան չունի նաև Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձոր գյուղի դպրոցը։ Կապսի ջրամբարի կառուցման դեպքում այս գյուղի բոլոր բնակիչներին տարհանելու են, գյուղի տեղը փոխելու են, տեղափոխելու են մոտակա այլ բնակավայր։

Միջնակարգ դպրոցի տնօրեն Հրայր Հարությունյանը նշում է, որ առաջին դասարան չեն ունեցել նաև երեք տարի առաջ։ Մնացած դասարանները կոմպլեկտավորված են, քանի որ աշակերտները քիչ են, դպրոցն ունի ընդամենը 23 աշակերտ։

Դպրոցի տնօրենը նշում է, որ 1988 թվականից սկսած Ջրաշենը միակ գյուղն է, որտեղ Կապսի ջրամբար կառուցելու հետ կապված պլաններ են եղել, չեն թույլատրել շինարարություն կատարելու դրա համար բնակիչներից շատերը տեղափոխվել են մոտակա այլ բնակավայրեր, Գյումրի, նաև Ռուսաստանի Դաշնություն։

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Շիրակի մարզի չորս գյուղական համայնքներում՝ Շաղիկում, Ջրաձորում, Ծաղկուտում ու Փոքրաշենում, ինչպես նաև Գյումրու թիվ 43 դպրոցում առաջին դասարաններ չկան։ Երեք համայնքներում էլ՝ Կարմրավանում, Զորակերտում և Աղվորիկում սեպտեմբերի մեկը սկսվել է մեկական աշակերտով։

Գյումրիի դպրոցում առաջին դասարանցի չունենալը, ըստ մեր զրուցակցի, կապված է Մուշ թաղամասի կտրված լինելու, բնակչության սակավաթիվ լինելու և դպրոցի շենքային պայմանների հետ։

Հրայր Կարապետյանը նշում է, որ Ամասիայի տարածաշրջանում գտնվող Շաղիկ գյուղի դպրոցը մի աշակերտ պիտի ունենար, սակայն երեխային տեղափոխեցին այլ բնակավայր։ Այստեղ այս պահին կա ընդամենը մեկ երեխա, որը մեկ տարեկան է, հետևաբար և գյուղի դպրոցը մի քանի տարի առաջին դասարան չի կարող ունենալ։

Իսկ Շաղիկը, որքան էլ զարմանալի է, հարմարավետ գյուղ է, սոցիալապես ապահովված, այստեղ անասնապահությունը մեծ զարգացում է ապրում, միայն թե բնակիչները գերադասում են իրենց երեխաներին քաղաքային միջավայր տեղափոխել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930