ՖԻՖԱ-ի 2022 թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Լիխտենշտեյնի ընտրանու հետ վաղը կայանալիք տնային հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսելով նախորդ տուրում Գերմանիայից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո թիմում տիրող հոգեբանական իրավիճակի մասին, ասաց. «Որ մենք մինչ այդ խմբում ընթանում էինք առաջին տեղում, դրանից միանշանակ լրացուցիչ ճնշում չէինք զգում:
Ինչ վերաբերում է հարցին, թե մենք այդ պարտությունից հետո հետեւություններ արել ենք, հաջորդ խաղը ցույց կտա: Բոլոր տղաները ցանկանում են վերականգնել հեղինակությունը: Խաղից հետո պարոն Կապառռոսը հանդերձարանում մեզ համար գտավ այն բառերը, որպեսզի տղաներից ոչ ոք հոգեպես չընկճվի: Բոլորս էլ հասկանում էինք, որ դա Գերմանիան է ու ֆուտբոլում ամեն բան հնարավոր է: Վաղը մեր համար շատ կարեւոր խաղ է: Բոլորս պետք է դրան մոտենանք սառը գլխով եւ ջերմ սրտով, որպեսզի մեր երկրպագուներին արժանի ֆուտբոլ ցուցադրենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ