Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

18 զինծառայողի զոհվելու համար մեղադրվող փոխգնդապետի գործը Սյունիքի դատարանից տեղափոխվեց Երեւան

Սեպտեմբեր 07,2021 21:33

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ մեկնարկեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի դատավարությունը։ Ըստ «Դատալեքս»-ի, նա, հանդիսանալով Ն զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այսինքն` հրամանատար, Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որը անզգուշությամբ նյութական ծանր հետեւանքներ է առաջացրել: Վերանյանը հոկտեմբերի 9-ին՝ վերադասից հրաման է ստացել, զորամասերի անձնակազմին Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլի գյուղ:

Իշխանաձորում, զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ փոխգնդապետ Վերանյանը նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալ»-ը կանգնած է , իսկ անձնակազմը ցրված: Իր մոտ է հրավիրել վաշտի հրամանատարի։ Վերջինս տեղեկացրել է, որ անօդաչու սարքի ձայն են լսել եւ ինքը հրաման է տվել ցրվել տարածքում՝ պառկելով գետնին: Ըստ մեղադրանքի , չնայած Վերանյանն էլ է լսել ԱԹՍ-ի ձայնը, բայց հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել ճանապարհը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե իրենց , այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է ։ 19 զինծառայողները նստել են մեքենան ու շարժվել, 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», որի պատճառով զոհվել է 18 զինծառայող, իսկ մեկը ստացել է մարմնական վնասվածքներ:

Անդրանիկ Վերանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, նա մեղադրանքը չի ընդունել։

Նիստի սկզբում, տուժողների իրավահաջորդները դատարանին միջնորդություն ներկայացրեցին՝ ընդդատության կարգով փոխել քրեական գործը տեղափոխել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, չնայած տուժողները Հայաստանի տարբեր մարզերից են։ Պաշտպան Նորիկ Նորիկյանը նախ ցավակցեց բոլոր զոհվածների հարազատներին։ «Խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի լուսավոր հիշատակի առաջ։ Պաշտպանական կողմը ամեն ինչ կանի, որ ճշմարտությունը բացահայտվի»,–ասաց Ն․Նորիկյանը։

Ըստ պաշտպանի՝ գործող օրենքով, ընդդատությունը որոշելիս, դատարանն անպայման պետք է հաշվի առնի մեղադրյալի տեսակետը։, ըստ որի, եթե մեղադրյալը առարկում է, ապա դատարանը պետք է մերժի միջնորդությունը։ «Իմ պաշտպանյալի համար էլ որեւէ տարբերության չկա, թե գործը որ դատարանում կքննվի։ Ցանկացած տեղ, որտեղ կնշեն տուժողների իրավահաջորդները, մենք շահագրգռված ենք պարզելու ողջ եղելությունը»,-ասաց Նորիկյանը։

Դատավոր Գնել Գասպարյանը խորհրդակցական սենյակից վերադառնելուց հետո հրապարակեց դատարանի որոշումը՝ ընդդատության կարգով քրեական գործը տեղափոխել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930