«Սևի», այսինքն՝ ստի աստիճանն ինչքան մեծ լինի և լայն տարածում ստանա, այնքան շատ մարդ կհավատա այդ ստին: Այստեղ կարևորն այն է, որ այդ համադրությունների արդյունքում մարդիկ հավատան պրոպագանդային:
Յոզեֆ Գեբելս
Դեռևս խորհրդային տարիներից հետաքրքրվել եմ հայոց պատմությամբ, հատկապես 19-րդ դարից մինչև 1920-ական թվականներով, կարդացել տարբեր քաղաքական կողմնորոշումների, այդ թվում, խորհրդային շրջանում արգելված գրականություն։ Սակայն, ինձ այդ շրջանի պատմության հմուտ գիտակ երբեք չեմ համարել։
Կարդացեք նաև
Մի քանի օր առաջ հեռուստատեսային բանավեճի մասնակցեցի քաղաքագետ Արա Պապյանի հետ։ Պարոն Պապյանն, ի տարբերություն ինձ, իրեն համարում է ոչ միայն հայոց պատմության, այլ քաղաքականության, ավելին՝ աշխարհաքաղաքականության (գեոպոլիտիկա) հզորագույն մասնագետ։
Ինչևէ, բանավեճի ընթացքում, երբ ես բերում էի այդ շրջանի պատմության մասին հայտնի փաստեր, պարոն Պապյանը ինքնավստահ տոնով դրանք հերքում և համարում էր «սովետական պրոպագանդա» և բերում իր կողմից «հայտնաբերված փաստեր», նաև Ազգերի Լիգայի որոշումներից։
Անկեղծ ասած, Արա Պապյանի այս ինքնավստահ դիրքորոշումները, որոշակի կասկած հարուցեցին իմ իմացած փաստերի նկատմամբ։ Արդեն մի քանի օր է, զբաղված եմ մեր բանավեճի հիմնական կետերի ուսումնասիրությամբ, ոչ միայն վիքիպեդիայի և այլ աղբյուրներն ուսումնասիրելով, այլև հարցումներ անելով այդ շրջանն ուսումնասիրող պատմաբաններին, այդ թվում՝ սփյուռքահայ։
Եվ այսպես, սկսենք Արցախ, Սյունիք շրջանների 1918-19թթ․ պատմությունից։
Ես պնդում էի, որ այս շրջանները այդ թվականներին համարվել են վիճելի տարածքներ։ Արա Պապյանն ասում էր, որ դրանք, ըստ Ազգերի Լիգայի 1920թ․ ընդունած որոշման, համարվել են Հայաստանի Հանրապետության մաս։
Հաջորդ օրը, նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց նաև Ազգերի Լիգայի կողմից ընդունված Հայաստանի քարտեզը, ինձ մեղադրելով չիմացության մեջ, մեկնաբանության մեջ նաև տգետ անվանելով։ Նաև իմ այն պնդմանը, որ Արցախին օգնության հասնելու համար անգլիացիներն արգելել են զորավար Անդրանիկին, նույնպես արժանացավ Արա Պապյանի կողմից ժխտմանը, պաշտպանելով, իբր հայասեր գեներալ Թոմսոնին։
Քրքրելով տարբեր աղբյուրներ, որևէ փաստ չգտա գեներալ Թոմսոնի հայանպաստ որոշումների մասին, այլ ճիշտ հակառակը։ Փաստերը բազմաթիվ են՝ նույնը, հակառակ փաստեր, ուղղակի գոյություն չունեն։ Հրապարակված փաստերից բերենք որոշ հատվածներ․ «1918թ. աշնանը թուրքերը հաստատվել էին Շուշիում, նորաստեղծ Ադրբեջանի իշխանություններն անգլիացիների աջակցությամբ (գեներալ Թոմսոն) պահանջում էին ընդունել իրենց գերիշխանությունը, իսկ Ղարաբաղ հասնելու Անդրանիկի փորձերը հաջողությամբ չէին պսակվել»։ «1919թ. սկզբին Շուշիի, Զանգեզուրի, Ջեբրայիլի եւ Ջիվանշիրի հայկական գավառներում նահանգապետ է նշանակվում Խոսրով բեկ Սուլթանովը, որը հայտնի էր իր հակահայ գործողություններով։ Նա Զանգեզուրի Հաջիսամլու գյուղի քրդական ծագում ունեցող Սուլթանովների մեծահարուստ ու հայտնի ընտանիքից էր, եւ նահանգապետ էր դարձել անգլիացիների աջակցությամբ»։ «Անգլիացիք, սակայն, փոխանակ Ղարաբաղի մեջ եւս իրենցմե մին նշանակելու, բժիշկ Սուլթանովը կարգեցին իբր իրենց ներկայացուցիչն ու ընդհանուր կառավարիչը» (Հարություն Խաչատուրյան, Անգլիական քաղաքականությունն ի Անդրկովկաս, Հայրենիք, 1945, թիվ 3, Բոստոն)։ «Նահանգապետ դառնալուն պես Սուլթանովը սկսում է ճնշումներ գործադրել Ղարաբաղի Ազգային խորհրդի եւ հայ բնակչության վրա։ Թեեւ նախապես որոշված էր, որ զորքերի տեղաշարժ չպետք է լինի, սակայն, Եղիշե Իշխանյանի վկայությամբ, 1919 թվականի հունվարի 27-ին ադրբեջանական մի գունդ անգլիական գումարտակի հետ մտնում է Խանքենդ (Ստեփանակերտ – խմբ․) եւ գրավում զորանոցներն ու սպայական ակումբը»։
1919թ. փետրվարին տեղի է ունենում Ղարաբաղի հայոց 4-րդ համագումարը, որն ընտրում է նոր Ազգային խորհուրդ եւ մեկ անգամ եւս հաստատում, որ մարզը չի ընդունում Ադրբեջանի իշխանությունը: Համագումարը Շուշիում անգլիական ներկայացուցիչ մայոր Մոնք-Մեսընին հայտնում է, թե «Ղարաբաղի հայության գերագույն լիազոր ներկայացուցիչները իրենց 4-րդ համագումարում միաձայն վճռել են չճանաչել Ադրբեջանի իշխանությունը»։
«Հայկական Ղարաբաղի հարցը Անդրկովկասի քաղաքական կյանքի ամենացավոտ հարցն է այսօր։ Այդ շատ պարզ խնդրի շուրջը ինչ ու ինչ դրդապատճառներով այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ հղի է ամեն տեսակ անախորժ անակնկալներով։ Ազերբայջանի փաշայական հանրապետության … ձգտումները՝ ի մեծ զարմանս հայ դեմոկրատիայի՝ պաշտպանություն եւ օժանդակություն է գտնում անգլիական հրամանատարության կողմից։ …Մեր ժողովուրդը ապշանքով հարցնում է.
– Մի՞թե Անգլիան էլ…
Մի՞թե Անգլիան – ազատական ու ռամկավար Անգլիան է՞լ չէ հասկանալու մեզ։ Մի՞թե Անգլիան էլ պետք է մեղանչէ արդարության ու ազատության դեմ եւ նվիրագործե փաշայական բռնապետական ձգտումները» (Յառաջ, 11 մարտի, 1919թ․, թիվ 46):
Կարծում եմ վերոնշյալ մեջբերումները բավարար են, որ հօդս ցնդեն գեներալ Թոմսոնի «հայասիրական» հեքիաթները։
Այժմ Ազգերի Լիգայի Հայաստանը և դեռ մի բան էլ, համապատասխան սահմաններով քարտեզով ճանաչելու մասին․
Փնտրեցի, փնտրեցի և հայերեն, և ռուսերեն և անգլերեն վիքիպեդիայում Ազգերի Լիգայի անդամների, նրանց որոշումների մասին և․․․Եվ միայն այս հայտնաբերեցի․
«Հայաստանի Հանրապետությունն ակնկալում էր Ազգերի լիգայի օգնությունն իր կենսական խնդիրների լուծման գործում։1920 թվականի մայիսին Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դիմեց Ազգերի լիգայի խորհրդին՝ անդամակցելու խնդրանքով։ Սակայն Ազգերի լիգան մերժեց Հայաստանի խնդրանքը. բուն պատճառը Անգլիայի և Ֆրանսիայի կողմից Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունն էր։
Ազգերի լիգան Հայկական հարցին անդրադարձել էր նաև Հայաստանի մանդատի կապակցությամբ, որը քննարկվում էր 1919-1920 թվականների ընթացքում։ Մանդատը որպես կառավարման ձև հանդես եկավ Ազգերի լիգայի ստեղծման հետ։ Ազգերի լիգան կառավարման մանդատ կարող էր տալ արևմտյան որևէ զարգացած երկրի՝ Օսմանյան կայսրության և Թուրքիայի նախկին գաղութները կամ ենթակա երկրները կառավարելու համար։ Հայաստանի մանդատի գլխավոր հավակնորդն Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր։ Սակայն այս հարցում ԱՄՆ -ի նախագահ Վիլսոնը չցուցաբերեց հետևողականություն և ճկունություն։ Հայաստանի մանդատի ընդունումը կապակցվեց Անատոլիայի և Կ․ Պոլսի մանդատի ընդունման հետ, որը նոր բարդություններ և խոչընդոտներ առաջացրեց։ Հարցի լուծումը ձգձգվեց, իսկ այդ ընթացքում փոխվեց քաղաքական իրադրությունը։ Եվ երբ Վուդրո Վիլսոնը Հայաստանի մանդատի հարցը ներկայացրեց ԱՄՆ-ի սենատի քննարկմանը, վերջինս 1920 թվականի հունիսի 1-ին մերժեց նրա խնդրանքը։
Հայկական հարցն Ազգերի լիգայի քննարկման առարկա դարձավ նաև 1920 թվականի աշնանը, երբ քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանի կառավարությունը դիմեց Ազգերի լիգային՝ խնդրելով համապատասխան օգնություն ընդդեմ թուրքական ագրեսիայի։ Սակայն վերջինս ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց։ Հայկական թեման Ազգերի լիգայում մեկ անգամ ևս հնչեց այսպես կոչված «հայկական օջախ» ստեղծելու կապակցությամբ։ Այդ հարցը երևան եկավ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Սևրի պայմանագիրը չի իրագործվելու։ Հայերին ինչ-որ չափով «սիրաշահելու» նպատակով Մեծ Բրիտանիան հրապարակ նետեց «հայկական օջախի» հարցը»։
Լավ, բա Արա Պապյանի հրապարակած գունավոր, հրաշք, աչք շոյող քարտեզը որտեղի՞ց։ Փնտրտուքներս բերեցին, հասցրեցին Foreign policy journal կայքում 2012թ․ հուլիսի 14-ին, Արա Պապյանի Longstanding International Decision on Armenian-Azerbaijani Borders as a Basis for a Conflict Resolution հոդվածին։ Պարզվում է, որ հայտնի քարտեզն առաջին անգամ հրապարակված է այս հոդվածում։ Հոդվածը «փաստարկված» է հղումներով։ Եվ ինչ է պարզվում։ Պարզվում է, ըստ վերջին՝ 8-րդ հղման, քարտեզը պահվում է Ազգային արխիվի վարչությունում և հրապարակված է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռում։ Ա՛յ քեզ բան, մենք էլ կարծում էինք, որ Վիլսոնի իրավարար վճիռը վերաբերում է Սևրի Հայաստանին։
Եվ նույն բանավեճի ժամանակ երբ ես պնդեցի, որ Սևրով Արցախը չէր համարվում Հայաստանի մաս, Արա Պապյանն ասաց, որ ինքը նկատի ունի Ազգերի լիգայի ճանաչած Հայաստանը։ Հարգելի պարոն Պապյան, եղեք անկեղծ և հրապարակային ընդունեք, որ Ազգերի լիգայի կողմից գծված այդպիսի քարտեզ գոյություն չունի և որ այդ քարտեզի հեղինակը դուք եք։
Այսքանից հետո ինչպես հավատաս Արա Պապյանի այն ինքնավստահ պնդումներին, թե 1993թ․ Թուրքիայի կողմից Հայաստան ներխուժումը կասեցրել են ամերիկացիները և որ այդ ձայնագրության պաշտոնական սղագրությունն ինքն անձամբ կարդացել է։ Էլ չեմ ասում 44-օրյա պատերազմի մասին նրա, նույնպես ինքնավստահ պնդումների մասին, թե իբր ռուսներն են հրահրել պատերազմը, կառավարել հայ գեներալներին, որ կարող էին ցանկացած պահի կանգնեցնել պատերազմը․․․բայց և այն հարցին, թե ինչու ռուսական կողմի առաջարկը պատերազմը դադարեցնելու մասին չի ընդունել ՀՀ վարչապետը, մեծ դիվանագետը պատասխանեց․ «Հավանաբար նրան սխալ տեղեկություն էին հաղորդում, որ հաղթում ենք»։
Արա Պապյանը ֆեյսբուքյան հայտարարություն է տարածել․ «Այն գաղափարական, թե իբր Արևմուտքը Հարավային Կովկասում ներկայացված է Թուրքիայի տեսքով՝ ոչ այլ ինչ, քան ռուսական պրոպագանդա»։ Հրաշք, ես էլ կասկածեցի իմ աշխարհագրական գիտելիքների վրա և ևս մեկ անգամ նայեցի քարտեզին։ Եվ իսկապես Հայաստանը արևմուտքից սահմանակցում է Կանադայի հետ։
Ցանկացած գիտություն հենվում է փաստերի և տրամաբանության վրա։
Արա Պապյանը մոգոնում է «փաստեր» և իրականացնում քարոզչություն։
Իսկ թե որն է այս պարզունակ , բայց և հետևողական, ագրեսիվ քարոզչության նպատակը, կարծում եմ քիչ թե շատ մտածող և տրամաբանություն ունեցողները հասկանում են։
Հ․Գ․ Սույն հոդվածը չի ենթադրում հակաարևմտյան տրամադրությունների սերմանում։ Մեր քաղաքական միտքն այդպես էլ չհասկացավ, որ բոլոր պետությունները շարժվում են իրենց շահերով և ոչ մարդասիրական, առավել ևս հայասիրական շարժառիթներով։ Արևմտամետներին խորհուրդ կտամ հետևել 19-րդ դարի Բրիտանիայի վարչապետ Հենրի Ջոն Թեմփլ Փալմերստոնի հայտնի ասույթին․ «Մենք չունենք հավերժ դաշնակիցներ և հավերժ թշնամիներ, հավերժ և մշտական են մեր շահերը։ Մեր պարտքն է՝ պաշտպանել այդ շահերը»։ Հասկացա՞ք, մեր, այլ ոչ այլ երկրների շահերը։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Շնորհակալություն հոդվածի համար։ Ցավոք սրտի, եթե Արա Պապյանի (ու նմանների) ֆանատները ունակ լինեին որևէ փաստարկ ընկալելու ու վերլուծելու, նրանք չէին լինի Արա Պապյանի ֆանատներ։ Անշնորհակալ գործ է իրեն և իր լսարանին որևէ բան բացատրելը։