Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան

Սեպտեմբեր 07,2021 20:22

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել մեջլիս:

Փայլանը հիշեցրել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնությունների դեմ իրականացված պոգրոմների վրա լույս սփռելու նպատակով ամեն տարի մեջլիսի օրակարգ է բերում դեպքերը հետաքննելու առաջարկը, սակայն ամեն տարի Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և նրա գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցությունները մերժում են այդ առաջարկները:

Նշելով, որ 1955 թվականին տեղի ունեցածը ոչ թե անցյալ է, այլ Թուրքիայի ներկան և ապագան է՝ Փայլանն ընդգծել է, որ այն հանցագործությունները, որոնք անպատիժ են մնում, կրկնվում են:

Նրա խոսքով՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին պոգրոմներն իրականացրել է պետության մեջ գործող կազմակերպված հանցավոր խումբը, որը հետագայում էլ շարունակել է հանցագործությունները յուրային չհամարվողների՝ հույների, հայերի, հրեաների, ալևիների և վերջերս էլ Անկարայում փախստականների դեմ:

Փայլանը հիշեցրել է, որ պոգրոմների կազմակերպիչներից Սաբրի Յիրմիբեշօղլուն հետագայում տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում, իսկ 1980-ականներին դարձել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար:

Հիշեցնենք, որ 1955-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան Ստամբուլում թուրքական մամուլը կեղծ լուր էր տարածել Սալոնիկում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տան պայթեցման մասին։ Թեև ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն Ստամբուլի, Իզմիրի, Անկարայի ու մի շարք այլ քաղաքների քրիստոնեաբնակ թաղամասերի վրա թուրք ազգայնականների զանգվածային հարձակումները չկանխվեցին։

Ըստ թուրքական մամուլի՝ դեպքերի ժամանակ մահացել է 11 հոգի: Մինչդեռ հայ և հույն համայնքների պնդմամբ՝ մահացածների թիվն ավելի շատ է: Դեպքերի ընթացքում ավերվել են բազմաթիվ տներ, քրիստոնյաներին պատկանող խանութներ և գործարաններ: Այս հարձակումները պատճառ դարձան բազմաթիվ հայերի և հույների՝ Թուրքիայից արտագաղթելուն, նոսրացան հայ և հույն համայնքները:

Աղբյուր` Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930