Դուբայի օպերային թատրոնում InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Պատկերներ ցուցահանդեսից» խորագրով համերգային երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։
Համերգային ծրագրում հնչեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Դուբայի ունկնդիրը մեծ ջերմությամբ ընդունեց հայ երաժիշտներին։ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը կատարելուց հետո դահլիճը ծափողջույններով չէր թողնում մենակատարին և նվագախմբին հեռանալ բեմից։ Սերգեյ Խաչատրյանը, շարունակելով հայկական թեման, ունկնդրին տեղափոխեց 10-րդ դար՝ ներկայացնելով Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավուն» տաղը։ Միջնադարյան հայկական տաղի հնչյունները ջութակի մեծ վարպետի ներկայացմամբ գերեցին օտարազգի ունկնդրին։ Նախ քար լռություն, ապա բարձր ծափեր. այսպիսի արձագանք գտավ հայկական երաժշտությունը։
Համերգի երկրորդ մասում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ։
Կարդացեք նաև
Սերգեյ Խաչատրյանը, համերգի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ Արամ Խաչատրյանի արվեստի հիմքում հայկական ազգային երաժշտությունն է. «Ես դա զգում եմ, քանի որ մեծացել, դաստիարակվել եմ այդ երաժշտությամբ։ Խաչատրյանի ստեղծագործությունները կատարելիս շատ մոտ ու հարազատ զգացողություն ունեմ։ Ուրախ եմ, որ այս կոնցերտը մենք կարող ենք ներկայացնել տարբեր երկրներում, այժմ նաև՝ Դուբայում։ Հայկական երաժշտությունը կատարելը, աշխարհով մեկ հանրայնացնելը մեր առաքելությունն է»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, խոսելով InClassica միջազգային փառատոնի մասին, նշեց, որ այն այսօր ամենամասշտաբային փառատոներից է, և նվագախմբի համար մեծ ձեռքբերում է մասնակցել նման հեղինակավոր փառատոնին, ինչպես նաև Classic Piano միջազգային մրցույթի եզրափակիչ փուլերում նվագել մասնակիցների հետ։ Նա փառատոնին մասնակցությունը միջազգային մեծ հաջողություն անվանեց, քանի որ այս նախաձեռնության շրջանակում ելույթ են ունենում աշխարհի լավագույն նվագախմբերը։ Եվ բոլորիս համար մեծագույն ձեռքբերում է այդ կոլեկտիվների կողքին տեսնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։
Հիշեցնենք, որ InClassica 10-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։
Լուսանկարները՝ Ալեքսեյ Մոլչանովսկիի/ InClassica փառատոնի մամուլի կենտրոն
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ