Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նրան:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը համավարակի, պատերազմի և հետպատերազմյա դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին մշտապես զորակցություն ցուցաբերելու համար:
Նորին Սրբությունը կարևորեց երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապը՝ հույս հայտնելով, որ ապագայում այն առավել կխորանա ու կսերտանա:
Կարդացեք նաև
Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Դեսպանը նաև նշեց, որ Իրանի համար շատ կարևոր է ի դեմս Հայաստանի ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան նաև Մայր Աթոռի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարևորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին