Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Հանդիպմանը Նորին Սրբությունը, խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների մասին, իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին Հայաստանին այս ծանր ժամանակաշրջանում աջակցելու համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև շնորհակալություն հայտնեց դեսպանին` Հայաստանում իրականացրած արդյունավետ առաքելության համար։
Իր հերթին դեսպանը գոհունակությամբ նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առիթ է ունեցել ճանաչելու հայ ժողովրդի բազմադարյա հարուստ մշակույթը և հաղորդ դառնալու Հայաստանի պատմական ու հոգևոր արժեքներին։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարևորությանը և այդ գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին