Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իսկապես բոլորը մտածում են, թե մենք վախենո՞ւմ ենք Սիլվայի գործից»․ Արմեն Գեւորգյանի պաշտպան

Սեպտեմբեր 07,2021 17:34

«Ինձ համար այլեւս զարմանալի չեն տիկին Դանիբեկյանի վարքագիծն ու վերաբերմունքն իմ անձի նկատմամբ։ Ես իր հետ գործող իրավական վեճ ունեմ, ուստի դժվար եմ պատկերացնում, թե նա ինչպես կարող էր բարիդրացիական վերաբերմունք ունենալ։ Պնդում եմ, որ նա հանցանք է արել եւ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Խոսքն Արմեն Գեւորգյանի տիկնոջ բժշկական գաղտնիքը հրապարակելու մասին է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած դատական նիստերից մեկում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել էր, որ դատարան է ներկայացվել բժշկական տեղեկանք առ այն, որ Արմեն Գեւորգյանի կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, Էրիկ Ալեքսանյանը դատարանից խնդրել էր չհրապարակել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունը․ Էրիկ Ալեքսանյանի բողոքը վճռաբեկ դատարանում է։

Նա չի բացառում, որ դատավորի հանդեպ քրեական գործ կհարուցվի։ «Սա է պատճառը, որ դատարանը չի կարող ընկալվել որպես անկողմնակալ»,-նշեց Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ իր հանդեպ ունեցած հակակրանքն է պատճառը, որ վերջին շրջանում դատավորն իրեն թույլ չի տալիս միջնորդություններ անել կամ խոսքն ավարտել։ Հաշվի առնելով մասնավորապես այն փաստը, որ նախորդ նիստում Աննա Դանիբեկյանն իրեն թույլ չէր տվել բացարկի միջնորդություն ներկայացնել եւ որ դատավորն իր հանդեպ անձնական հակակրանք ունի՝ Էրիկ Ալեքսանյանն այսօր հրաժարվել էր Արմեն Գեւորգյանի շահերի պաշտպանությունից։

Անդրադառնալով մեղադրող-դատախազ Գեւորգ Բաղդասարյանի այսօրվա պնդմանը, թե պաշտպանական կողմը միտումնավոր է ձգձգում նիստերը, որովհետեւ խուսափում է մեղադրական եզրակացությունների հրապարակումից, Էրիկ Ալեքսանյանը դա մերկապարանոց որակեց․ «Ոչնչից չենք վախենում, դա հստակ է։ Պարոն Բաղդասարյանը պրոֆեսիոնալ իրավաբան է եւ հաջողված դասախոս։ Նրա ուսանողներին կխնդրեի հարցնել՝ այն ժամանակ, երբ դատավարության կողմերից մեկը կասկած է հայտնում դատարանի օրինականության վերաբերյալ, առանց կասկածի փարատման՝ դատավարությունը հնարավո՞ր է շարունակել։ Եվ հետո, պաշտպաններիցս եւ որեւէ մեկը չի վախենում մեղադրական եզրակացության հրապարակումից։ Բացի դա, իսկապես բոլորը մտածում են, թե մենք վախենո՞ւմ ենք Սիլվայի գործից․․․մի գործ, որն ամբողջությամբ հիմնված է ներքին «դեֆեկտներ» ու հակասություններ ունեցող ցուցմունքների վրա։ Նման հակասությունների դեպքում ապացույցները չեն կարող հավատ ներշնչել»։

Ալեքսանյանը հարցադրում արեց․ «Բոլորը կարծում են, թե մենք վախենո՞ւմ ենք Սիլվա Համբարձումյանի ներկայությունից եւ նրա հայտնած սուտ տեղեկություններից»։

Հիշեցնենք՝ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը մեղադրվում է նրանում, որ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, մասնավորապես՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ՝ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930