Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի դեմ ցուցմունք տված անձինք ականատեսներ չեն, վկայություններ են տալիս ինչ-որ մեկից լսածի հիման վրա

Սեպտեմբեր 07,2021 16:23

«2003 թվականի հոկտեմբերի 10-ի առավոտյան ես Մոսկվայից եկա Հայաստան, հայրս էր մահացել: Ամսի 11-14-ն ընկած հատվածում էր, երեկոյան Պետրոսը եկել էր մեր տուն, նստած խոսում էինք, զանգ եկավ ու ինքը պատմեց, որ իրեն ստիպում են, որ բենզալցակայանը զիջի Գրիգորյան Մանվելին»,- այսօր դատարանում պատմեց վկա Ալբերտ Պետրոսյանը: Տուժողի՝ Պետրոս Թորոսյանի հետ նույն թաղամասում են ապրել եւ շատ են շփվել:

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Գրիգորյանի գործով դատական նիստը:

Վկան պատմեց, որ Պետրոսի հետ ինքն էլ գնացել նախատեսված հանդիպմանը, քանի որ Մանվել Գրիգորյանի հետ ժամանակին աշխատանքային ընկերներ են եղել եւ լավ հարաբերությունների մեջ են եղել. «Որ գնացի, եկել էր Գեւորգը՝ «Ճուտը»: Էնտեղ խոսակցություն գնաց, որ էդ բենզալցակայանը պետք է անպայման զիջես, որոշակի պայմաններով, թե ի՞նչ պայմաններով… էնտեղ որոշակի գումարային խոսակցություն գնաց: Չեմ կարող հիմա հստակ գումարը հիշել, 3-8 հազար դոլար երեւի, դե 17-18 տարի անցել է»:

Վկան պատմեց, որ ինքը ցանկացել է փոխանցման պայմանները Մանվել Գրիգորյանի հետ քննարկել՝ հուսով, որ ժամանակի իրենց ընկերությունը կարող է դրական դեր խաղալ այս գործարքում, սակայն իրեն կոպիտ ձեւով ասել են՝ «դու հանգիստ կանգնի տեղդ, սա քո հարցը չի, էդ հարցը հանձնարարված է մեզ՝ մենք էլ պիտի լուծենք»: Ըստ նրա, հիմնական բանակցությունները վարել է Գեւորգ Այվազյանը:

Մի քանի օր հետո ինքը կրկին մեկնել է Մոսկվա, երբ վերադարձել է, իմացել է, որ բենզալցակայանն արդեն «հանձնված» է՝ «շատ վատ պայմաններով». «Ես մանրամասների մեջ չեմ խորացել, բայց գիտեմ, որ համարյա ոչ մի բան չի տրվել: Էդ ձեւ կարամ ասեմ, կոնկրետ թվային ոչ մի բան չեմ կարա ասեմ՝ չեմ հարցրել: Մնացածը՝ թե իրեն բան տվել են, թե չեն տվել՝ չեմ կարող ասել»: Միայն հիշել է, որ խոսակցության ժամանակ Պետրոսն ասել է՝ այն գումարը, որը տալիս ես, միայն շինանյութի արժեքը չի լինում:

Վկան պատմեց նաեւ, որ մի քանի անգամ Պետրոսի խնդրանքով իր երեխաներին ուղեկցել է դպրոց եւ մի քանի անգամ դպրոց ուղեկցելիս հանդիպել է Գեւորգ Այվազյանին ու չի կարծում, թե դրանք պատահական հանդիպումներ էին:

Վկան վստահ է, որ Պետրոս Թորոսյանը միայնակ է բիզնես անում, այլ փայատեր չկա, քանի որ եթե նա գումարի խնդիր ունենան՝ կդիմեր իրեն կամ իր տեղակալին: Վկան նաեւ տեղյակ չէ, թե բենզալցակայանի համար նախատեսված հողատարածքն ինչպե՞ս է Պետրոսը ձեռք բերել: Վիճելի թեմայի շուրջ այլ խոսակցություններից էլ վկան տեղյակ չէ:

Պատասխանելով հարցին, իսկ ինչո՞ւ Պետրոս Թորոսյանը ոստիկանություն չի դիմել, վկան կաշկանդվեց՝ մեղադրողին ասելով, այդ հարցի պատասխանն ինքը ավելի լավ գիտե: Հետո հավելեց՝ ինքը կարծում է, որ ոստիկանությունն անզոր էր՝ ըստ տարածվող լուրերի: 2018 թվականին արդեն իմացել է, որ Պետրոս Թորոսյանը դիմել է ոստիկանություն:

Վկան նախաքննության ընթացքում պատմել է Սբ. Կարապետ մատուռի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում կրակոցներ են հնչել, ըստ տուժողի պատմածների: Այսօր դատարանում նա ասաց, որ աղոտ է հիշում այդ դրվագը: Դատարանը հրապարակեց նախաքննական ցուցմունքի այդ հատվածը. ըստ այդմ, քննիչը հարցրել է, թե նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ, որ 2004 թվականի ամռանը, «Ճուտ» մականունով Գեւորգ Այվազյանը Պետրոս Թորոսյանին տարել է Սբ. Կարապետ մատուռի մոտ, որտեղ այլ անձինք էլ են եղել եւ խոսակցության ժամանակ կրակել են, նաեւ Գեւորգ Այվազյանը բենզալցակայանի հարցով սպառնացել է Պետրոս Թորոսյանին: Վկան ասել է, որ այդ մասին, նույն բովանդակությամբ, լսել է Պետրոսից, բայց ստույգ չի հիշում, թե ե՞րբ, քանի որ ամեն անգամ Հայաստան գալուց հանդիպել եւ զրուցել է Պետրոսի հետ: Վկան պնդեց իր նախաքննական ցուցմունքը:

Պաշտպանական կողմը նկատեց, որ արդեն որերորդ վկան է հարցաքննվում, որի ցուցմունքները ոչ թե իր տեսածի, այլ ինչ-որ մեկից լսածի հիման վրա են եւ հորդորեցին դատարանին ուշադրություն դարձնել այս հանգամանքին, քանի որ նախաքննական մարմինը անտեսել է դա. «Լսելով մարդուն չեն դատում»:

Վկաների հարցաքննությունը կշարունակվի սեպտեմբերի 28-ին, ժամը 12.00:

Հիշեցնենք, Նազիկ Ամիրյանին 3 հոդվածով է մեղադրանք առաջադրվել։ Հիշեցնենք նաեւ, որ Նազիկ Ամիրյանի գործը անջատվել էր Մանվել Գրիգորյանի գործից: ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930