Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է, ու հայ ժողովուրդը կարող է դրանով հպարտ լինել». Ժոնաթան Լաքոթ 

Սեպտեմբեր 07,2021 16:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը նշել է, որ պարոն Լաքոթի պաշտոնավարումն ընթացել է Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ու իրադարձություններով լեցուն ժամանակաշրջանում: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ այդ ժամանակաշրջանը ոչ միայն բացասական ազդեցություն չի ունեցել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների վրա, այլև երկկողմ փոխգործակցությունը դարձել է առավել սերտ: Կառավարության ղեկավարը  հավելել է, որ երկու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար առկա են լայն հնարավորություններ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը, ինչը հիմնված է հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:

Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետություն: Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարվա ընթացքում համավարակով, ինչպես նաև պատերազմով պայմանավորված դժվարությունները հնարավորություն չեն տվել մեր երկրին կազմակերպության շրջանակում գործել ակտիվ, սակայն վստահություն է հայտնել, որ առաջիկայում կազմակերպության շրջանակում համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ և սերտ: «Այս բոլոր դժվարությունները չեն մթագնել մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, և դրանում պետք է ընդգծել Ձեր անձնական ներդրումը: Մենք Ձեզ ընկալելու ենք որպես Հայաստանի բարեկամ և ուրախ կլինենք հետագայում ևս Ձեզ տեսնել մեր երկրում»,- ասել է վարչապետը՝ Ժոնաթան Լաքոթին մաղթելով հաջողություններ:

Դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականների համար և նշել, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածը Հայաստանի համար նշանավորվել է և ծանր, և երջանիկ պահերով: «Հուզիչ հիշողություններ ունեմ Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից: Երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է, ու հայ ժողովուրդը կարող է դրանով հպարտ լինել»,- ասել է դեսպանը: Ժոնաթան Լաքոթը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին և հետագա աշխատանքներին:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930