Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որոշ բուժկենտրոններում պետպատվերն ավարտվել է՝ ելնելով հետպատերազմական իրավիճակից եւ դիմելիության ահռելի ցուցանիշից

Սեպտեմբեր 07,2021 15:25

Հանրապետության մի քանի հիվանդանոցներում պետպատվերի գումարներն ավարտվել են, ընդ որում՝ առողջապահության նախարարությունը մտադիր չէ մինչեւ տարեվերջ ավելացնել պետպատվերի հատկացումները։

Նախկինում էլ հաճախ էր լինում, երբ տարվա կեսին շատ հիվանդանոցներում, հատկապես խոշոր հիվանդանոցներում, որտեղ բժշկական մեծ ծավալի բուժսպասարկում է իրականացվում, պետպատվերի գումարներն ավարտվում էին։ Սակայն նախկինում նման դեպքերում հիվանդանոցը սպասարկում էր պետպատվերով բուժում ստանալու իրավունք ունեցող հիվանդին, որի դիմաց պետությունը հետո էր վճարում, այսինքն՝ պետությունը պարտք էր կուտակում, ապա այն մարում էր կամ հաջորդ տարի կամ բյուջեում վերաբաշխում էր անում եւ մինչեւ տարեվերջ կուտակած պարտքը վճարում հիվանդանոցներին։ Այսպիսի պայմանավորվածություն էր ձեռք բերվում մասնավոր հիվանդանոցների եւ առողջապահության նախարարության միջեւ։

Մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, որ նախարարությունը հրաժարվում է գումար հատկացնել պետպատվերով սպասարկվող սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների սրտի վիրահատությունների, դժվարամատչելի եւ թանկ ախտորոշիչ հետազոտությունների համար։

Խնդրի վերաբերյալ Aravot.am-ի հարցմանն առողջապահության նախարարությունից ընդամենը երկու նախադասությամբ պատասխանեցին․ «Այո որոշ բուժհիմնարկներում` ելնելով հետպատերազմական իրավիճակից ու դիմելիության ահռելի ցուցանիշից, պետպատվերն ավարտվել է։ Բայց հիշեցնում ենք քաղաքացիներին, որ գործում է հերթագրման կարգը»։

Մեր ճշտող հարցին՝ օրինակ՝ պատերազմում վիրավորում ստացած քաղաքացիները, որոնք շտապ բուժման կամ հետազոտվելու կարիք ունեն, կամ հատուկ խմբերում ընդգրկված այն քաղաքացիները, որոնց, այսպես ասած՝ հասնում է պետպատվերը, եւ որոնք շտապ բուժսպասարկման կարիք ունեն պետք է հերթագրվե՞ն, նախարարությունից ասացին՝ այս պահին ոչինչ չենք կարող ասել, չենք մեկնաբանում։

Նկատենք, որ նախարարությունը պատճառաբանում է, որ պետպատվերն ավարտվել է նաեւ դիմելիության ահռելի ծավալի պատճառով։ Այսինքն, հասկանալի չէ, եթե անգամ քաղաքացին հերթագրվի, նրա բուժման կամ հետազոտման հերթը երբ կհասնի, իսկ եթե նրա առողջական վիճակը մինչ հերթին սպասելը ծայրահեղ ծանր վիճակի հասնի, նման դեպքում պետությունն ի՞նչ է նախատեսում, պատասխանատվություն կրո՞ւմ է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930