Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պլանավորած էր․ չեն ուզում, որ մեղադրական եզրակացության մեջ առկա փաստերը հրապարակվեն»․ դատախազը՝ Արմեն Գեւորգյանին ու նրա պաշտպանին

Սեպտեմբեր 07,2021 15:04

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանն անդրադարձավ Արմեն Գեւորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանի՝ նախորդ նիստերից մեկում դրսեւորած վարքագծին, երբ նա լքել էր նիստերի դահլիճը։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նրանում, որ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Էրիկ Ալեքսանյանն իր վարքագիծն այսպես բացատրեց․ «Արդյոք Արմեն Գեւորգյանն անկողմնակալ դատարանի կողմից ունի՞ արդարացի դատաքննության իրավունք։ Այո։ Ունի՞ պաշտպանության իրավունք։ Ակնհայտ է, որ այո։ Այս ամենը գիտակցելով՝ նա դեռեւս 2018թ․-ին, երբ սկսվեց այս խայտառակ քաղաքական հետապնդումը, որոշեց իր շահերը պաշտպանել փաստաբանի միջոցով եւ նախընտրեց ինձ։ Օրենքի համաձայն ես այստեղ եմ՝ նրա իրավունքները պաշտպանելու համար։ Ըստ ձեզ, ես այստեղ ինչի՞ համար եմ։ Որպեսզի պաշտպանեմ նրա օրինական շահերը։ Եթե այդքանը հասկանում եք, ինչո՞ւ եք բոլոր հնարավոր միջոցներով սահմանափակում իմ այդ հնարավորությունն ու պարտականությունը եւ խախտում Արմեն Գեւորգյանի պաշտպանության իրավունքը։ Դրա դրսեւորումներից մեկն այն է, որ ես նախորդ նիստին, ունենալով դատարանի օրինական լինելու վերաբերյալ օրինական կասկած, խնդրեցի, որ ժամանակ տրվի՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։ Մինչդեռ դուք ժամանակ չտվեցիք ու շարունակեցիք նիստը։ Դուք չէիք կարող այդ պայմաններում շարունակել, որովհետեւ օրենքն ասում է՝ եթե կան կասկածներ դատարանի օրինականության վերաբերյալ, դատարանը պետք է լուծի այդ միջնորդությունից, որից հետո նոր կլինեին օրինական հիմքեր՝ նիստը շարունակելու։ Իսկ դուք շարունակեցիք նիստն ու խախտեցիք Արմեն Գեւորգյանի՝ արդար դատաքննության իրավունքը։ Ես ի՞նչ անեի, լուռ նստեի ու նայեի, թե ինչպես եք խախտում Արմեն Գեւորգյանի իրավունքնե՞րը։ Իմ դեպքում նման բան չի լինի, դուք դա չեք ուզում հասկանալ»։

 

Պաշտպանը պնդեց, որ նիստերի դահլիճը լքելը չի կարող մեկնաբանվել որպես ոչ պատշաճ վարքագծի դրսեւորում։ Այնուամենայնիվ, դատավոր Աննա Դանիբեկյանը նրա վարքագիծը գնահատեց որպես ոչ իրավաչափ եւ կիրառեց սանկցիա՝ նկատողության տեսքով։ Դատարանը գտավ, որ պաշտպանական կողմն այսպես մտադիր է արգելափակել իրենց համար ոչ ցանկալի գործողություններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու միջոցով, ուստի դատարանն այս պահին որեւէ միջնորդություն չի քննարկելու։ Մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանը նկատառման հետ համաձայնեց։

Ապա Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց․ «Նման պայմաններում չեմ կարող շարունակել իրականացնել Արմեն Գեւորգյանի շահերի պաշտպանությունը, որովհետեւ դուք իմ դեպքում ձեր էմոցիաները չեք կարողանում զսպել եւ ցույց եք տալիս ակնհայտ հակակրանք։ Արմեն Գեւորգյանի շահերը կոպտորեն ոտնահարվում են։ Ձեր կազմով օրինական դատարան մենք չունենք»։

Ապա Արմեն Գեւորգյանը դիմեց դատավորին․ «Ես ուզում եմ ձեր գործողությունները հասկանալ։ Ընկալո՞ւմ եք, որ մնացած գործընթացը լինելու է ապօրինի։ Ինչ վճիռ էլ կայացնեք, հետո այն կասկածի տակ է լինելու։ Ի՞նչ արեցիք, կարո՞ղ եք բացատրել։ Ընտրություններից հետո ձեր դիրքորոշման մեջ ի՞նչ փոխվեց։ Այո, ես ուզում եմ պաշտպան ունենալ։ Գտնում եմ, որ իմ իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովված լինի։ Ձեր եւ Էրիկ Ալեքսանյանի միջեւ արդեն իսկ չի կարող ստացվել օրինական համագործակցություն։ Ես էլ եմ գտնում, որ սխալ կլինի, եթե նա շարունակի իմ պաշտպանությունը։ Ձեր եւ նրա միջեւ տարաձայնություններն անդրադառնում են իմ վրա։ Նման իրավիճակում նա չի կարող շարունակել պաշտպանել իմ իրավունքը։ Այո, պետք է շարունակեմ մտածել նոր պաշտպան ունենալու մասին»։

Դատավորը հետաքրքրվեց՝ այլ պաշտպան կա՞։ Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ հիմա պատրաստ չի, քանի որ չէր կարող նման զարգացումներ կանխատեսել, ուստի պետք է իր մյուս փաստաբանների հարցը քննարկի։

Մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանը չհամաձայնեց․ «Այն, որ նա պատրաստ չէր այս իրավիճակին, իրականությանը չի համապատասխանում։ Սա պլանավորված գործողություն էր։ Նրանք չեն ուզում, որ մեղադրական եզրակացության մեջ առկա փաստերը հրապարակվեն նիստերի դահլիճում։ Սա իրավունքի չարաշահում է։ Բոլոր միջոցները գործադրելուց հետո հիմա էլ նման կերպ են ուզում հետաձգել քրեական գործի նյութերի ծանոթացումը»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հակադարձեց՝ այդ մեղադրական եզրակացության մեջ ոչ մի բան էլ չկա․ «Իսկ երբ գործի նյութերը հրապարակվեն, բոլորը կտեսնեն, որ սա փուչ գործ է, տակը ոչ մի բան չկա, ուստի ինտրիգներ մի ստեղծեք, դրանք չկան։ Եթե պարոն Քոչարյանը համաձայնի, ես մամուլին կտամ այդ մեղադրական եզրակացությունը»։

Ալումյանը դատախազներին մեղադրեց «մամուլի համար ելույթներ ունենալու մեջ»։ Գեւորգ Բաղդասարյանը պատասխանեց․ «Թե մամուլում ինչ կհրապարակվի, ինձ չի հետաքրքրում։ Մենք գործն ենք ուզում քննել։ Եթե կարծում եք, թե այս ամենը մամուլի համար է, միջնորդեք դռնփակ անել, մի երկու բան ավել ասենք։ Վերջն այս գործի քննությունը պե՞տք է շարունակվի, թե ոչ»։

Նշենք, որ այս հայտարարությունների ընթացքում Էրիկ Ալեքսանյան արդեն լքել էր նիստերի դահլիճը։ Նրա դիրքորոշումը՝ առաջիկայում։ Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 28-ին, 13:00-ին։

Հիշեցնենք՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է նրանում, որ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, մասնավորապես՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ՝ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930