Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների թիվը պակասել է, պարեկային հերթափոխերի թիվն ավելացել

Սեպտեմբեր 07,2021 15:00

 2020 թ․ ապրիլի 23-ին կառավարությունը հաստատեց 2020-2022 թթ․ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը։

Ըստ այդ ռազմավարության՝ ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է:

Ռազմավարության 4-րդ կետը վերաբերում էր Պարեկային ծառայությանը․ «Նոր Պարեկային ոստիկանության ստեղծմամբ և ամբողջ հանրապետությունում գործարկմամբ կրճատվելու են Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները»։ 

Այս փոփոխությունները ենթադրում էին նաև ծառայող անձնակազմի թվաքանակի ու տեխնիկայի փոփոխություններ։ Նոր Պարեկային ծառայությունը 2021 թ․ հուլիսի 7-ից առաջինը գործարկվեց Երևանում, որտեղ էլ և ակնհայտ դարձան ոստիկանների թվաքանակի և տեխնիկայի փոփոխությունները:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել մայրաքաղաքի փողոցներում միաժամանակ պարեկություն անող ոստիկանների թիվը, և ինչպես՝ առհասարակ ոստիկանների թիվը՝ ՊՊԾ-ի ու ՃՈ-ի ծառայությունը նոր Պարեկային ծառայությամբ փոխարինելու արդյունքում:

Երևանի փողոցներում պարեկություն իրականացնող ծառայողների քանակի փոփոխությունը՝ ըստ հերթափոխերի (օրվա ժամերի)

Մինչև 2021 թ․ հունիսի 6-ը Երևանում ծառայություն իրականացնող ճանապարհին ոստիկանների թվաքանակը օրվա տարբեր ժամերին տարբեր էր: Մասնավորապես, գիշերային ժամերին՝ 00:00-08:00, ծառայություն էր իրականացնում շուրջ 22 ծառայող, ցերեկային ժամերին՝ 09։00-16։00՝ 58,  երեկոյան ժամերին՝ 16։00-24։00՝ կրկին 58։

Ճանապարհային ոստիկանությանը զուգահեռ, Երևանում ծառայություն էին իրականցանում Պարեկապահակակետային ծառայության ոստիկանները (ՊՊԾ), կրկին օրվա տարբեր ժամերին տարբեր թվաքանակով՝ գիշերային ժամերին՝ 00:00-08:00՝ 30 ոստիկան, ցերեկային ժամերին՝ 09։00-16։00՝ 60, և երեկոյան ժամերին՝ 16։00-24։00՝ կրկին 60:

Ըստ էության, մայրաքաղաքում միաժամանակ միասին ծառայություն էին իրականացնում ՃՈ և ՊՊԾ ծառայողներ ժամը 00:00-08:00-ին 52, իսկ 09։00-24։00-ին՝ 118։ Ընդ որում, վերջին ամիսներին ՊՊԾ ծառայողների հերթափոխի դե-ֆակտո քանակը նախատեսվածից ընդհուպ մինչև կրկնակի պակաս էր:

2021 թ․ հուլիսի 7-ից ՃՈ-ին և ՊՊԾ-ին փոխարինման եկած ծառայության մեջ գտնվող Պարեկային ծառայության՝ միաժամանակ փողոցում գտնվող ծառայողների թվաքանակը դրականորեն տարբերվում է ՃՈ և ՊՊԾ ծառայողների գումարային թվաքանակից:

Այսպիսով, պարեկային ծառայողները ծառայություն են իրականացնում մեքենաներով՝ ավտոպարեկները 12 ժամյա ռեժիմով՝ 00։00-12։00՝ 90 պարեկ, և 12։00-24։00 կրկին 90 պարեկ, դրան զուգահեռ իրականացվում է նաև հետիոտն ծառայություն՝ 09։00-16։00՝ 50 պարեկ, 16։00-24։00՝ կրկին 50 պարեկ:

Պարեկային ծառայության առանձնահատկություններից է նաև այն, որ կախված քաղաքում երթևեկության ծանրաբեռնվածությունից, որը հիմնականում առավոտյան և երեկոյան ժամերին է լինում, ներգրավվում են նաև տվյալ օրը ռեզերվում գտնվող պարեկները՝  երթևեկության կարգավորման նպատակով: Նրանց թիվը շուրջ 40 է, և նրանք ներգրավվում են հիմնականում  08։00-10։00 և 17։00-19։00 ժամերին։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, կարելի փաստել, որ օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի համար քաղաքում ծառայություն իրականացնող ոստիկանների թվաքանակը մոտ 35%-ով ավելացել է (միջին 96-ից հասնելով միջին 130-ի)։

Երևանի փողոցներում պարեկություն իրականացնող ոստիկանական մեքենաների քանակի փոփոխությունը՝ ըստ հերթափոխերի (օրվա ժամերի)

Ծառայություն իրականացնող ոստիկանական մեքենաների թվաքանկի մեջ նույնպես տեղի է ունեցել փոփոխություն։ Այսպես, հունվարից մինչև հունիս ամիսներին փաստացի ծառայություն իրականացնող ՃՈ մեքենաների թվաքանակը կազմում էր գիշերային ժամերին՝ 00:00-08:00՝ 11  մեքենա, ցերեկային և երեկոյան ժամերին՝ 09։00-24։00՝ 29 մեքենա: ՊՊԾ-ի դեպքում՝ գիշերային ժամերին՝ 00:00-08:00՝ 15 մեքենա, ցերեկային և երեկոյան ժամերին՝ 09։00-24։00՝ 13 մեքենա: Պարեկային ոստիկանության մեքենաների թիվը նույնպես դրականորեն տարբերվում է․ օրվա 24 ժամերին ծառայության մեջ է լինում ոստիկանական 45 մեքենա։

Այս դեպքում նույնպես կարող ենք փաստել, որ մայրաքաղաքում պարեկություն իրականացնող ոստիկանական մեքենաների թվաքանակն ավելացել է հատկապես գիշերային ժամերին՝ գրեթե կրկնակի։

Այդքանով հանդերձ՝ ոստիկանների թիվը պակասել է

Այս ամենը, սակայն, այդքան էլ տպավորիչ չէր լինի, եթե չզուգորդվեր ոստիկանության ծառայողների թվաքանակի ընդհանուր թվի նվազմամբ: Այսպես՝ եթե Երևանում ծառայություն իրականացնող ՃՈ 1-ին գումարտակն ու ոստիկանության մայրաքաղաքային վարչության ՊՊԾ գունդը, նախքան հուլիս ամիսը, գումարային ունեին մոտ 900 հաստիք, ապա նոր պարեկային ծառայության Երևանի գնդում ծառայողների թիվը մոտ 700 է:

Միաժամանակ, սակայն, գործառույթների վերաբաշխման արդյունքում նաև փոքր-ինչ մեծացվել են ոստիկանության ու ոստիկանության զորքերի այլ ստորաբաժանումները (օրինակ՝ ՃՈ ուղեկցող գումարտակը, որի ծառայողներին դեռևս հանդիպում ենք Երևանի փողոցներում): Այդուհանդերձ, արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների գումարային թիվը նվազել է, սակայն այդ նվազման ֆոնին Երևանի փողոցներում միաժամանակ պարեկություն անող ոստիկանների ու ոստիկանական մեքենաների թիվն աճել է:

Այսինքն՝ եթե օրվա ժամերին Երևանի փողոցներում նախկինում, միջինում, միաժամանակ 96 ծառայող էր (ՃՈ գումարած ՊՊԾ), ապա այժմ մայրաքաղաքում պարեկություն է իրականացնում միջինում 130 պարեկ: Այլ կերպ ասած, միաժամանակ փողոցում գտնվող արտաքին ծառայության ոստիկանների թիվն աճել է 35 տոկոսով՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ այդ ծառայություններում հաստիքների թիվը կրճատվել է 22 տոկոսով:

Ընդ որում, հարկ է նկատել, որ միաժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանների (հերթափոխերի) թիվն առավելապես աճել է գիշերային ժամերին (73 տոկոսով), երբ առավել շատ են գողություններն ու հանցավորության այլ դրսևորումները:

Արտաշես ՍԵՐԳՈՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930