Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառնալիքները հասցրեցին նրան, որ հայրս բենզալցակայանը հանձնեց Մանվել Գրիգորյանին». տուժողի դուստր

Սեպտեմբեր 07,2021 14:32

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Գրիգորյանի գործով դատական նիստը:

Այսօր շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Տուժողի՝ Պետրոս Թորոսյանի դուստրը՝ Սոնա Թորոսյանը, դատարանում պատմեց, որ իր հայրը Էջմիածին քաղաքում երկար ժամանակ զբաղվել է բենզինի վաճառքով եւ քաղաքում մի քանի վաճառքի կետ է ունեցել: Որոշ ժամանակ անց արգելվել է նման կետերից բենզինի վաճառքը եւ 2003 թվականին ձեռք բերելով հողատարածք՝ բենզալցակայան է սկսել կառուցել: Այդ ժամանակ 13 տարեկան աղջիկը դատարանում հիշեց, թե հայրը սկզբում ինչ ոգեւորությամբ էր խոսում իր բիզնեսի մասին, ինքն էր ղեկավարում շինարարական աշխատանքները: Հետո իրենց տուն են սկսում գալ-գնալ Մանվել Գրիգորյանի օգնականները. «Հենց այդպես էլ ասում էին՝ գեներալը մեզ ուղարկել է եւ ասում էին, որ պետք է վաճառես բենզալցակայանը»: Վկան իր հայտարարություններն անում էր հայրիկի պատմածներից, ինքը երբեւէ որեւէ խոսակցության ականատես չի եղել: «Հետագայում ես իրենցից մեկի, նաեւ մեր տուն գալն եմ նկատել: Հայրս մերժել էր՝ ասելով, որ բենզալցակայանը երբեւէ վաճառելու մտադրություն չունի, քանի որ այն մեր ընտանիքի միակ աղբյուրն էր: Դրանով չավարտվեց եւ հայրս այդպես էլ ասաց՝ սա պատրվակ էր, որպեսզի հետագայում գույքը խլեն իրենից: Նրանց այցերը դարձան շարունակական եւ հայրիկիս արդեն մոտենում էին, որ տարածքը պետք է տաս Մանվել Գրիգորյանին: Բնական է, որ հայրս պետք է մերժեր… եւ նրանք ասում էին, որ կրակի հետ ես խաղում: Հայրիկիցս նաեւ նկատել էինք, որ ինքը շատ լարված, նյարդային, բարկացած էր: Նաեւ մեր անվտանգությունն էր. նրան սպառնացել էին, որ հանձնի եւ երկրից գնա եւ եթե չանի՝ վտանգը կարող է նաեւ մեզ սպառնալ՝ եւ երեխաներին, եւ ընտանիքի անդամներին: Այդ սպառնալիքները հետագայում հասցրեցին նրան, որ հայրս հանձնեց Մանվել Գրիգորյանին… նրանցից մեկը՝ Արա Մանուկյան, կարծեմ, իսկ մյուսը՝ Գեւորգ… Էջմիածնում իրեն բոլորը Ճուտ մականվամբ էին դիմում: Մեկ օր եղել է, որ ես իրեն մեր տանն եմ տեսել, եկավ, դուռը բացեցինք, հայրիկի հետ զրուցում էին, հայրս մորս ասաց՝ երեխաներին վերցրում եւ գնա մորդ տուն: Հիշում եմ, որ երբեմն, որ մենք դպրոցից գալիս էինք, իրենք մեր տան մոտ էին լինում: Կոնկրետ ես, տեսել եմ Գեւորգ Այվազյանին՝ մեր տան մուտքի մոտ, փողոցում, բակում, անընդհատ իրենք այնպես էին անում, որ հայրս հանձնի իրենց»,- պատմեց վկան:

Նա հիշեց նաեւ, որ մի օր երեկոյան էլ հայրը մորն ասել է՝ երեխաներին վերցնի եւ գնա տանից, քանի որ Գեւորգը գալու է եւ լցակայանի հարցով խոսակցություն են ունենալու: «Երեւի չեմ կարողանում պահել, պիտի տամ»,- ասել է հայրը:

2018-ի հեղափոխությունից հետո է վկան շատ բաներ իմացել. հայրը մորն է պատմել տասնամյակներ առաջ եղած դեպքերի մանրամասները, իրենք էլ լսել են: «Իր պատմածից հետո նոր մենք հասկացել ենք, որ այն մարդիկ, ում տեսնում էինք մեզ՝ դպրոցում ուղեկցելիս… այսինքն, մայրիկիս լարվածությունից, շփոթվածությունից, երբ մեզ դպրոց էին տանում, միշտ մեր ետեւից կամ առջեւից մեքենա կար, մայրիկիս ցուցադրում էին, որ իրենք այդտեղ են»,- ասաց վկան՝ հավելելով, որ հայրը հեղափոխությունից հետո երբ ամենը պատմել են, իրենք հասկացել են, որ սպառնալիքները շատ են եղել: Նաեւ իրենք դպրոց են գնացել ոչ միայն մոր, այլ նաեւ հոր ընկերոջ՝ Ալբերտի ուղեկցությամբ:

Ավելի ուշ Նազիկ Ամիրյանի պաշտպանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իրենց ուղեկցող անձինք կամ հոր այլ ընկերներ հետագայում չկանգնեցին նրա կողքը, որպեսզի երեւա, որ ինքը միայնակ չէ: Վկան պատասխանեց. «Չեմ կարծում, այդպիսի ընկեր մեկը լիներ, որից Մանվել Գրիգորյանը զգաստանար, որովհետեւ քաղաքում ինքը ամենահզորն էր: Բարքերն էին այդպիսին: Ընկերներ հայրիկիս կողքին եղել են, բազմաթիվ անգամ եկել են մեր տուն, հետաքրքրվել են, բայց որ ազդեին Մանվել Գրիգորյանի վրա այդպիսի ընկեր ոչ ոք չէր լինի»:

Վկան նաեւ պատմեց, որ հայրը անընդհատ ցանկացել է Մանվել Գրիգորյանին տեսնել եւ վաճառելու առաջարկի շուրջ անձամբ նրա հետ խոսել, բայց չի հաջողվել. գնացել է Մանվել Գրիգորյանի տուն, հեռախոսահամարն են վերցրել՝ խոստանալով, որ կզանգեն ու այդպես էլ չեն զանգել:

Նա չկարողացավ ասել, թե բենզալցակայանն ի՞նչ արժեք է ունեցել, արդյոք դրանից ինչ-որ մաս հորը վճարվե՞լ է: Հետո ասաց, որ հորը գումար չեն վճարել՝ խլել են բենզալցակայանը: Միայն գիտի, որ կիսակառույց բենզալցակայանի համար նախատեսված եւ դեռ չօգտագործված շինանյութի համար է գումարի խոսակցություն եղել. իր իմանալով՝ 11-12 հազար դոլարի սահմանում գումարի մասին է խոսքը: Խոսակցություններից նաեւ իմացել է, որ շինանյութի դիմաց հորը երեք հազար դոլար են տվել, հետագայու՝ նաեւ հինգ հազար դոլար են տվել՝ իրենց սանիկի՝ Հայկ Աբրահամյանի միջոցով են փոխանցել:

Նազիկ Ամիրյանի պաշտպանը հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է, թե իր հայրն ինչպես է ձեռք բերել բենզալցակայան կառուցելու համար անհրաժեշտ հողակտորը: Վկան ասաց, որ տեղյակ է, որ հայրն այն աճուրդով է ձեռք բերել՝ նախ վարձակալական հիմունքներով, ապա սեփականացրել է: Պաշտպանը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, ձեր նկարագրմամբ «Էջմիածնում տիրող բարքերը», ըստ Ձեզ՝ 2003 թվականին Ձեր հայրն այնպիսի դիրք ունե՞ր, որ կարող էր այդ տարածքը աճուրդով ձեռք բերել եւ շինարարություն սկսել: Պատասխանը եղավ՝ «բնականաբար հաղթել էր»:

Վկան ասաց նաեւ, որ հայրը լայն շրջապատ ուներ, հոր բոլոր ընկերներին չի ճանաչել, բայց եւ երբեք չի լսել, որ հայրը լցակայանի տարածքը վերցնում է ընկերոջ՝ Արամ Մանուկյանի հետ եւ բիզնեսը համատեղ է լինելու: Իրենք տեղյակ են եղել, որ հայրը միայնակ է բիզնես անում, այլապես խոսակցություններ կլինեին՝ ինքը կիմանար: Նաեւ չի լսել, որ բենզալցակայանը վաճառվել է 30 հազար դոլարով, որից 15 հազար դոլարը հոր բաժինն է եղել, 15-ը՝ չգրանցված փայատիրոջ՝ Արամի բաժինը. «Հայրս նման մարդ չի, որ ինչ որ մեկի հետ գործ բռնի, այն էլ չգրանցված: Ոչ, նման բան չի եղել հաստատ»:

Հիշեցնենք, Նազիկ Ամիրյանին 3 հոդվածով է մեղադրանք առաջադրվել։ Հիշեցնենք նաեւ, որ Նազիկ Ամիրյանի գործը անջատվել էր Մանվել Գրիգորյանի գործից: ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930