«Մենք բոլորս դեռ այնքան էլ պատրաստ չենք պատերազմի մասին մանրամասն ու մասնագիտորեն խոսելու»,- իր՝ Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված հաղորդման երրորդ մասում ասաց պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հաղորդման թողարկումները պատրաստվում է կրճատել, սակայն պատերազմին կանդրադառնա գրքի ձևաչափով։
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, պետության պատերազմին պատրաստ լինելը որոշվում է տնտեսական գործոններով, և հաճախ դա հաշվում է ամեն մի զինծառայողին բաժին հասնող ընդհանուր ծախսը. «Վերջին 10-15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության վրա՝ մեկ զինծառայողի հաշվարկով ծախսվել է 7-8 հազար դոլար գումար։ Որ պատկերացնենք՝ դա շա՞տ է, թե՞ քիչ, մեզ ամենամոտ պետությունը, որը ծախսել է նման գումար, Լիբանանն է. մեկ զինծառայողի հաշվարկով ծախսել է մոտավորապես 18-20 հազար դոլար»։ Իսկ Ադրբեջանը ծախսել է մոտավորապես 30-35 հազար դոլար։
Իսկ երկրորդ գործոնը՝ բնակչության քանակն է. «2000-2010 թվականների արանքում մեր տարեկան ամենամյա զորակոչի թիվը կրճատվել է մոտավորապես 50 տոկոսով։ 2010-2019 թվականների ընթացքում մեր զորակոչը կրճատվել է մոտավորապես երկուսից մի քիչ ավելի անգամ»։
Կարդացեք նաև
Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ նաև զորամիավորումների կրճատումներին. «Ինչի՞ էին կրճատում։ Էդ ո՞ր լավ օրից էր, որ չէին կարողանում չկրճատել։ Ի՞նչ եղավ։ Ո՞ւմ համար է գաղտնիք, որ դեմոգրաֆիական խնդիր կար։ Այս թվերը ուղղակի հիշեք, մնացածը հաջորդ սերունդները կգան առանց էմոցիաների, առանց ագրեսիաների, առանց դավաճան փնտրելու, առանց պիտակավորելու, առանց հայի մեջ թուրք տեսնելու, այս ամեն ինչը մանրամասն կվերլուծեն»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ