Սեպտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող երեխաների» խորագրով բարեգործական համերգ՝ ուղղված քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների, երիտասարդների բուժման աջակցությանը: Թեմայի վերաբերյալ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում «Սիթի օֆ Սմայլս/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը նշեց, որ համերգը յուրահատուկ է լինելու, քանի որ համախմբվել են 3 եզակի խմբեր. «Համերգի նպատակն էլ շատ վեհ է, քանի որ հասույթն ուղղվելու է քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը, ինչ համար շնորհակալ եմ խմբերին, որ շատ արագ եւ պատրաստակամությամբ արձագանքեցին»:
Նրա խոսքով, The Beautified Project-ը երկար դադարից հետո բեմ է բարձրանալու, իսկ «Նեմրա» եւ «Լավ էլի» խմբերը, թեեւ բավականին ակտիվ են եղել իրենց համերգային ծրագրերով, սակայն, այնքան սիրված են, որ մարդիկ կցանկանան կրկին ունկնդրել նրանց: Էսթեր Դեմիրճյանը նաեւ շեշտեց, որ համերգին հետաքրքիր անակնկալ է սպասվում:
«Լավ էլի» ռոք խմբի հիմնադիր Մհեր Մանուկյանն ասաց, որ շնորհակալ են նման առաքելությամբ հանդես գալու համար. «Մենք պարբերաբար կարիք ունենք ինքներս մեզ հիշեցնելու, որ ամեն ինչ շահի համար չէ: Այս նյութական աշխարհում ինքներս մեզ պետք է հիշեցնենք, որ կան կարեւոր արժեքներ, մարդասիրություն, կարեկցանք, ձեռք մեկնելու պատրաստակամություն… Մեր լավագույն բարեկամներն են` թե The Beautified Project-ը , թե «Նեմրան», եւ ինձ համար «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես գալը առանձին մի պատմություն է եւ բոնուս»:
«Նեմրա» խմբի մենակատար Վան Նեմրան ասաց, որ իրենց խումբը ստեղծման օրվանից միշտ մասնակցել է բարեգործական համերգների, եւ այժմ էլ սիրով են համաձայնել մաս կազմել այս նախագծին. «Համերգն առանձնահատուկ է լինելու իր ձեւաչափով, նաեւ երաժշտական ֆորմատով, քանի որ ակուստիկ համերգ է լինելու: Կարծում եմ շատ գեղեցիկ մթնոլորտ կստեղծենք»:
Կարդացեք նաև
The Beautified Project ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի խոսքով, The Beautified Project խումբը պատրաստվում էր նշել իր հիմնադրման 15-ամյակը 2020թ, սակայն նախ քովիդի խնդիրն առաջ եկավ, այնուհետեւ մեր երկրին պատերազմը պատուհասեց. «Այս ամենից հետո մենք իրականում դրդապատճառ չունեինք, որ միավորվեինք եւ բեմ բարձրանայինք: Եվ երբ «Սիթի օֆ Սմայլս»-ից ինձ հետ կապվեցին, անգամ մեկ վայրկյան չմտածեցի` ոչ ասելու մասին»:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց «Նեմրային» եւ «Լավ էլի»-ին համատեղ հանդես գալու համար:
Անդրե Սիմոնյանն ասաց, որ իրենց համար շատ բարդ էր ընտրել համերգին հնչելիք երգերը, քանի որ 4 ալբոմ ունեն, բայց այնուամենայնիվ առանձնացրել են իրենց խմբի շատ սիրված անգլերեն երգերը եւ 2-3 հայերեն ստեղծագործություն:
Վան Նեմրան նշեց, որ ընդհանուր խմբով են հանդես գալու` հարվածային գործիքներով, իսկ երգերը առանձնացվել են իրենց 2 ալբոմներից: Մհեր Մանուկյանն ասաց, որ իրենք եւս բարդ ընտրության առաջ էին կանգնած, քանի որ «Արամ Խաչատրյան» համերգասրահի դահլիճը շատ բարձր երաժշտության համար է նախատեսված, եւ երկմտում էին` արդյոք իրավունք ունե՞ն այդ բեմում լինելու, երկրորդը երգերի ընտրության հետ էր կապված: Նա հավելեց, որ փորձել են ծրագրում մտցնել եւ հանդարտ երգեր, բայց չեն խուսափել մի քանի ակտիվ ստեղծագործությունից, որոնց իրենց ունկնդիրը միշտ սպասում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ