Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած «Ամրոց» ֆիլմի նկարահանումները տեղափոխվել են Սիցիլիա, Հայաստանը շարունակում է մասնակցել նախագծին

Սեպտեմբեր 07,2021 13:01

Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի համատեղ արտադրություն է։

Տեղեկացնենք, որ ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է, ում հետ ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։

«Երբ ինձ հայտնեցին, որ Ջեսիկա Վուդվորթը Հայաստանում է, և նա փնտրում է «ֆիքսեր»՝ տեղանքների փնտրող, ուղեկցող, ես անմիջապես համաձայնեցի՝ մտածելով, որ լավ առիթ է իմ սիրելի վայրերը հայտնի ռեժիսորին ցույց տալու համար։ Հետագայում հայկական տեղանքները ռեժիսորի համար իսկապես դարձան ստեղծագործելու ներշնչանք։ Ավելի ուշ նրանք հրավիրեցին ինձ Նիդեռլանդներ և առաջարկեցին լինել իրենց համապրոդյուսերը՝ չնայած այն բանին, որ ես այդպիսի մեծ նախագծի փորձ չունեի»,- պատմում է հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը:
Ջեսիկա Վուդվորթն էլ նշում է, որ բոլոր այն ֆոնդերին, որոնց դիմում էին հայկական տեղանքների լուսանկարներով, տպավորում էին նրանց և խնդրում, որ նկարահանումների ժամանակ իրենց էլ նկարահանման հրապարակ հրավիրեն: «Հետաքրքիր է, Հայաստանում ամեն ինչ ասես վեր է կոնկրետ ժամանակի ու կոնկրետ տեղանքի պատկանելուց, սա յուրօրինակ գրավչություն է»,- ընդգծել է Ջեսիկա Վուդվորթը:
Covid-19 համավարակով, հետագայում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ նախագծում Հայաստանի համապրոդյուսեր կողմ լինելն այլևս թվում էր անիրական, բայց բելգիացի և հայ համատեղ արտադրողների ու կինոկենտրոնի ջանքերով հնարավոր է եղել Հայաստանը պահել որպես համապրոդյուսեր կողմ։ Չնայած տեղանքների նկարահանումները տեղափոխվել են Իտալիա, Հայաստանը շարունակել է կարևոր ստեղծագործական մասով մասնակցել նախագծին։

Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը հայկական կողմին հնարավորություն է տվել նմանօրինակ մեծ նախագծի մաս կազմել, և հետագայում ֆիլմը ստացել է նաև Եվրիմաժի ֆինանսավորումը։

Սա մեծ փորձ էր նաև Հայաստանում գործող փոքր կինոարտադրողների համար՝ տեսնելու, որ անգամ շատ փոքր գումարով հնարավոր է մեծ նախագծի մաս լինել և ստեղծագործական առումով ունենալ հավասար մասնակցություն։ Հայաստանը, Բուլղարիայի հետ մեկ թիմ ստեղծելով, կարողացել է նաև լիիրավ պրոդյուսերական կողմ ներկայանալ Եվրիմաժում, ինչը նույնպես առաջին այդպիսի փորձն էր Հայաստանի համար՝ որոշակի գումար Հայաստան բերելու հնարավորություն ստեղծելով։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930