Հաղթանակի ակնկալիքն, իհարկե, հասկանալի է, բայց ոչ ծայրահեղության աստիճան: Ցանկացած ծայրահեղություն վտանգավոր է ու կարող է շատ վատ ծառայություն մատուցել: Նման հոգեբանական ճնշումը կարող է «արջի ծառայություն» մատուցել մեր տղաներին…
Մյուս կողմից՝ մենք մեր ֆուտբոլիստներին դարձրել ենք հերոսներ, որոնցով հպարտանում ենք, որոնց փառաբանում ենք, որոնց սիրում ենք: Դա լավ է, վատ չէ: Բայց երբ նշյալը համադրում ես վերոնշյալ սպասման հետ, անհանգստություն է առաջանում: Ֆուտբոլում միայն հաղթանակներ չեն լինում, իսկ աշնանային շրջանում մեզ երկու ծանրագույն հանդիպում է սպասվում, հանդիպումներ, որտեղ ամեն ինչ սպասելի է: Մենք կարողանալո՞ւ ենք մեր տղաներին սատարել, նրանցով հիանալ, եթե պարտություն ունենանք:
Չգիտեմ, վստահ չեմ: Ի վերջո, ոչ միայն ֆուտբոլի առումով, այլև ընդհանրապես, մեր հանրության մեջ կա ընդգծված միտում. մենք հաճախ ենք հերոսից արագորեն կերտում հակահերոս, կուռքից՝ դավաճան, սիրելիից՝ ատելի»: Եկեք անկեղծ լինենք, մեր վերոնշյալ անհանգստություններն իսկապես անտեղի չէին: Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ անատամ ոչ-ոքիից, ապա մեր խմբի ընդգծված ֆավորիտ Գերմանիայի ընտրանուց 0:6 հաշվով կրած ծանրագույն պարտությունից հետո վերոնշյալը դարձել է չափազանց արդիական: Նշյալ հոդվածում մենք նաև շեշտել էինք այն միտքը, թե «շատ կարևոր է երբեք չկորցնել սթափությունն ու իրատեսականությունը»: Ցավոք, կորցրեցինք, ինչի հետևանքն էր, որ շատերը ներքին վստահություն ունեին, թե գերմանացիներին «ջարդելու» ենք, թե ոչ-ոքին «գրպաններս դրված է»:
Իսկ իրատեսականությունը կարող էր հուշել, որ գործ ունենք գերհզոր հավաքականի հետ, որի կազմի անուններն ինքնին շատ խոսուն են: Ի՞նչ կատարվեց Գերմանիայի հավաքականի հետ հանդիպմանը: Նախ՝ կարծում ենք՝ վատ ծառայություն մատուցեց այն հանգամանքը, որ գերմանացիներն անակնկալ պարտվել էին հյուսիսմակեդոնացիներին, իսկ խմբի հետնապահ Լիխտենշտայնին հաղթել էին բավականին դժվարությամբ: Երկրորդ՝ շատ ավելի վատ ծառայություն մատուցեց հենց այն հանգամանքը, որ մենք Շտուտգարդ էինք մեկնել խմբի առաջատարի դիրքում, ու գերմանացիները խաղին պատրաստվել էին հենց այդ մոտեցմամբ: Երրորդ՝ անզեն աչքով էլ նկատելի էր, որ մարզչի կողմից առաջնային երկու կարևոր խնդիր էր դրված՝ չստանալ վնասվածքներ, չստանալ քարտեր:
Կարդացեք նաև
Դա իսկապես չափազանց կարևոր հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ Գերմանիայի հետ հանդիպումից շատ մեծ ակնկալիք պետք չէր ունենալ, իսկ առջևում կան հանդիպումներ, որոնք կարող են որոշիչ լինել Քաթար մեկնել-չմեկնելու հարցում: Սրանք, սակայն, զուտ ֆուտբոլային գործոններն են, որոնց մասնագետները դեռ կանդրադառնան: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, թե ինչպես ընդունեց հայ ֆուտբոլասերը այս պարտությունը: Այն, որ լինելու էր հիասթափություն, ցավ, ափսոսանք, սպասելի էր: Դա շատ նորմալ է: Սակայն, ինչպես և նախկինում, ինչպես և միշտ, ընդամենը 90 րոպեում հերոսները ոմանց համար դարձան հակահերոսներ, ծաղրի առարկաներ: Ցանկացած երկրում ցանկացած հավաքականի անհաջողությոն քննադատվում է, վերլուծվում է, բայց այն, ինչ մեր հանրության մի մասն անում էր հավաքականի հետ հանդիպման ողջ ընթացքում ու դրանից հետո, պարզապես ցավալի է: Իհարկե, վիրավորական է պարտվել նման հաշվով, թեկուզ դա Գերմանիայի ընտրանին է:
Իհարկե, ցավալի է մեկ խաղում ընդունել երեք անգամ ավելի գնդակ, քան նախորդ չորս խաղում: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք: Պահպանո՞ւմ ենք, արդյոք, Քաթար մեկնելու հնարավորություններ: Տեսականորեն՝ այո: Սակայն այստեղ էլ պահենք անհրաժեշտ «սթափությունն ու իրատեսականությունը»: Վաղը Լիխտենշտայնին հաղթելն իրատեսակա՞ն է: Ավելի քան իրատեսական է: Ավելին, այստեղ միավոր կորցնելու դեպքում արդեն լուրջ եզրահանգումներ պետք է անել, իսկ Քաթարից հույսը վերջնականապես կտրել: Ամեն ինչ կարող է որոշել հոկտեմբերի 11-ին կայանալիք Ռումինիա-Հայաստան հանդիպումը: Նույն իրատեսականությունը ցույց է տալիս, որ սա լինելու է մեր դժվարագույն հանդիպումներից մեկը:
Բանն այն է, որ, ինչպես ցույց են տալիս առաջին շրջանի հանդիպումները, Գերմանիային առաջին տեղից «վռնդելը» դժվար, գրեթե անհնար է լինելու, իսկ երկրորդ տեղի համար պայքարն ընթանալու է մեր և ռումինացիների միջև: Մի խոսքով, եթե ցանկանում ենք խմբից «դուրս գալ», պետք է մի կողմից՝ մոռանալ Գերմանիայի հետ հանդիպումը, մյուս կողմից՝ հասնել նրան, որ նոյեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հայաստան-Գերմանիա խաղի ելքից ոչինչ կախված չլինի: Բայց, մի հանգամանք չափազանց կարևոր է: Ինչ էլ լինի… չէ, «մենք մեզ պարտված չենք ճանաչելու» ասելու մտադրություն չունենք: Պարզապես ինչ էլ լինի, պետք է կարողանանք հավաքականի կողքին լինել: Չի կարող այնպես լինել, որ ֆուտբոլային հաղթանակները բոլորինս լինեն, իսկ պարտությունները՝ միայն մարզիչներինն ու ֆուտբոլիստներինը…
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։