Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգիտիմ խորհրդարանը ժողովրդավարության երաշխիք չէ

Սեպտեմբեր 07,2021 10:00

Գերմանացի իրավաբան եւ քաղաքագետ Կարլ Շմիդտն իր աշխատություններում փորձում էր ապացուցել, որ պառլամենտարիզմն ու ժողովրդավարությունը բացարձակապես տարբեր բաներ են: Պառլամենտարիզմն ազատական հայեցակարգի տարր է. այն ենթադրում է, որ կրթված, զարգացած եւ բարեկեցության որոշակի մակարդակ ունեցող մարդիկ հավաքվում են եւ ազատ ու առարկայական բանավեճում քննարկում են, որոշումներ են ընդունում պետության համար կարեւոր այս կամ այն խնդրի շուրջ: Դեմոկրատիան ժողովրդի իշխանություն է. ըստ Շմիդտի, ժողովուրդն իր մեծամասնության կամքով կարող է որոշում կայացնել կառավարման եւ քաղաքական ռեժիմի ցանկացած ձեւի վերաբերյալ, այդ թվում կարող է վերացնել պառլամենտարիզմը եւ օրինական որոշում ընդունել՝ դիկտատուրա հաստատելու վերաբերյալ: Ինչ խոսք, բավականին վիճելի պնդում է, որը ճանապարհ է բացում իշխանության ցանկացած կամայականության համար:

Բայց պետք է հաշվի առնել, որ Շմիդտն իր այս աշխատությունները գրում էր Գերմանիայի, այսպես կոչված, «Վայմարյան հանրապետության» տարիներին (1918-1933), երբ կային թե՛ պառլամենտարիզմի եւ թե՛ ժողովրդավարության դրսեւորումներ, որոնք, սակայն, գերմանացիներին առանձին երջանկություն չէին պարգեւում: Ի դեպ, կիսանախագահական համակարգը, որին ոմանք Հայաստանում կոչ են անում վերադառնալ, վերցրած է հիմնականում հենց այդ հանրապետության փորձից, որը, պետական իրավունքի մասնագետներից շատերի կարծիքով, լավագույն փորձը չէ. այդ համակարգում, եթե նախագահը չունի խորհրդարանում մեծամասնություն, դա բերում է քաոսի, իսկ եթե ունի այդ մեծամասնությունը, ապա նախագահը ստանում է այնպիսի լիազորություններ, որոնց կնախանձեր ցանկացած թագավոր:

Այն, որ Հայաստանում կա խորհրդարան, եւ նույնիսկ այն, որ այդ խորհրդարանը վերջին երկու անգամներն ընտրվել է քիչ թե շատ ազատ ընտրությունների արդյունքում, դեռեւս ամենեւին չի նշանակում, որ մենք ապրում ենք ժողովրդավարության պայմաններում: Հատկապես զավեշտալի է, երբ պատգամավորներն են պնդում, իբր մենք ապրում ենք ժողովրդավարության պայմաններում՝ այն պարագայում, երբ այդ պատգամավորների երեք գործընկերները գտնվում են անազատության մեջ:

Մյուս կողմից հիշեցնենք, որ նույն Գերմանիայում, 1933-39 թվականներին ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանն ընդունեց մի շարք օրենքներ, որոնք արգելում էին հրեաներին պետական պաշտոններ զբաղեցնել, ինչպես նաեւ աշխատել մի շարք բնագավառներում (օրինակ, լինել ուսուցիչ կամ թերթի խմբագիր): Արդյոք դա ժողովրդավարությա՞ն դրսեւորում էր: Ըստ Կարլ Շմիդտի՝ այո, քանի որ ընտրողները Ռայխսթագին նման մանդատ էին տվել: Ըստ իս՝ ոչ, որովհետեւ ժողովրդավարությունն, իմ կարծիքով, ենթադրում է նաեւ որոշակի բարոյական նորմեր, որոնք չեն կարող հարաբերական լինել` կախված մեծամասնության տրամադրություններից:

Այդ բարդ խնդիրները միայն առաջին հայացքից են վերացական թվում: Առանց ԱԺ համաձայնության՝ հետապնդելով ընտրված պատգամավորներին, Հայաստանի իշխանությունը խախտում է գրված օրենքները: Իսկ եթե օրենքում (ընդ որում՝ լեգիտիմ խորհրդարանի կողմից ընդունված օրենքում) գրված լինի, որ Փաշինյանի բոլոր ընդդիմախոսները կարող են հետապնդվել, դա կլինի ժողովրդավարությո՞ւն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nimar says:

    Իմ կարծիքով, ճիշտ կլիներ ընդհանրապես վերացնել պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտը: Իսկ պատգամավորի կարգավիճակում գտնվող անձանց կողմից իրավախախտումների կատարումը համարել մեղքը ծանրացնող հանգամանք: Այս դեպքում ընտրական ցուցակներ կազմելիս կուսակցությունների ղեկավարները չեն ներառի նրանց, ում ցանկանում են փրկել հետապնդումից: Իսկ խորհրդարանում ծեծկռտուքի դեպքում հնարավոր կլինի կիրառել օրենքով նախատեսված ամենախիստ միջոցը:

  2. Armen says:

    Իմ համոզմամբ, ժողովրդավարության պայմաններում ապրելու համար ցանկությունը բավարար չէ, անհրաժեշտ են համապատասխան պայմաններ՝ առաջին հերթին այդ պայմաններին համարժեք հասարակություն: Մեր անցած ավելի քան 20 տարիների իշխանության այլանդակ բարքերը խորը հետք են թողել ժողովրդի մտածելակերպի և սովորույթների վրա: Հիմնականում հենց այդ հանգամանքն է խանգարելու ժողովրդավարության արմատավորմանը, իսկ որ դա անհրաժեշտ և կարևոր զարգացման պայմաններից է, անժխտելի է:

  3. Լավատես says:

    Երբ մեր ֆուտբոլիստները իրենց ‘ճղում են’ մարտի դաշտում ու պարտվում, այստեղ ոչ մի վատ բան չկա, սա ընդամենը նշանակում է, որ պետք է պատրաստվել կռվելու ոչ միայն մեր կատեգորիայի մրցակցի դեմ, այլ պետք է նշաձողը բարձրացնել գերհզորների կատեգորիայի մակարդակին: Սա էլ նշանակում է, որ դրա համար պետք է ամեն մեկս’ եւ ֆուտբոլիստները եւ նրանց բալետ անողները իրենք իրենց պետք է ‘ճղեն’ խաղաղ մարզողական ժամանակներում, որ երբ գա պատերազմի օրը, խաղադաշտ մտնեն Արարչի հովանավորությամբ, իսկ դե Արարչի ու մեր դեմ խաղ չկա, ինչ գերհզոր էլ լինի: ‘Ճղել’ նշանակում է լինել խելառ, ոչ մեկին խելառության համար չնախատել, սա ազատ գործելու հնարավորություն է տալիս, սխալվելու եւ սխալը ճշտելու հնարավորություն եւ սա է ազատությունը, առանց որի հնարավոր չի արարել, ինչպես Արարիչը: Արարել, ստեղծագործել, սխալվել, հաղթահարել եւ կարեւորը սիրել այն դաժան գործը, որն առանց սիրո հնարավոր չէ հաղթահարել ու հաղթել: Արդյունքում’ հրաշքը դառնում է նման մարդկանց համար սովորական մի բան, էլ ուժ ու հավես էլ չի մնում միացնել տրամաբանությունդ ու փորձես հասկանաս հրաշքի օրինաչափությունը: Սերն ու հավատը սեփական գործի հանդեպ ցավազրկում ու ‘յուղում են’) ծանրագույն ստեղծագործ մարզումները խաղաղ ժամանակներում: Մենք շատ հզոր ենք, եթե սիրենք, հավատանք ու արարենք ամեն պահ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930