Այսօր առաջադրումների հինգերորդ օր է, սակայն Գյումրու ՏԻՄ ընտրություններին պաշտոնապես մասնակցելու հայտ դեռ ոչ մի կուսակցություն կամ դաշինք չի ներկայացրել։
Քաղաքապետի ու ավագանու անդամների թեկնածուների անունները հայտնի են զուտ շրջանառվող լուրերի մակարդակով։
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրաժարվում է մասնակցել ընտրություններին, իշխող կուսակցությունը բազմիցս հորդորել է նրան առաջադրվել , չթողնել քաղաքի ղեկը, շարունակել իր ծրագրերի իրագործումը։ Քաղաքապետն անդրդվելի է , սակայն նրա թիմը մասնակցելու է « Բալասանյան դաշինք»-ով։
Ըստ մեր տեղեկությունների, դաշինքը գլխավորելու է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը, իսկ ավագանու ցուցակում լինելու են փոխքաղաքապետեր, քաղաքապետարանի աշխատակիցներ, որոնց աշխատանքը գյումրեցիներն արդեն իսկ տեսել են, բնականաբար գնահատելը հեշտ է։
Կարդացեք նաև
«Բալասանյան դաշինքի» մասնակցության մասին մեր տեղեկությունը հաստատեց Վարդգես Սամսոնյանը՝ նշելով՝ այո՛, կա նման մտադրություն։
Ըստ մեր զրուցակցի, մասնակցելու դեպքում ավագանու կազմում լինելու են Սամվել Բալասանյանի թիմի լավագույն աշխատակիցները, նպատակը կիսատ թողած ծրագրերը շարունակելն է։ Իսկ թե ո՞վ կգլխավորի դաշինքը, Վարդգես Սամսոնյանն ասաց՝ դեռ որոշված չէ, քննարկման փուլում է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարգելի ԱՌԱՎՈՏ
Հետաքրքիր նյութ է, բայց սկզբում՝ 4-րդ պարբերություն գրված է, որ դաշինքը գլխավորելու է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը,
իսկ վերջին նախադասության մեջ գրված է՝ սկ թե ո՞վ կգլխավորի դաշինքը, Վարդգես Սամսոնյանն ասաց՝ դեռ որոշված չէ, քննարկման փուլում է
Բա եղավ???????????????????????????????????????
Հարգելի Նարեկ, լրագրողը պարտադիր պիտի փորձի իր ունեցած տեղեկությունները ճշտել պաշտոնապես, անկախ այն հանգամանքից` պաշտոնյան դա հերքում է, թե հաստատում, հիմա անդրադառնամ ձեր դիտարկմանը, իմ տեղեկություններով, թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է, սա հավաստի տեղեկությունն է, այդուհանդերձ, ի՞նչ անեի, չճշտեի՞ Վարդգես Սամսոնյանից, չհարցնեի՞ այդ մասին, թեկուզև ինքն ասում է, թե դեռ քննարկման փուլում է, թե ով կգլխավոր ցուցակը։ Նորից եմ կրկնում` անկախ նրա պատասխանից, լրագրողը պարտավոր է իր ունեցած տեղեկությունը ճշտել, հարցնել այն անձից, ում անունը շրջանառվում է, դա է պահանջում լրագրողի էթիկան։