«Պատերազմից հետո մենք ունենք 44 զոհ, որոնցից 9-ը թշնամու փամփուշտից զոհված են, մնացածը՝ անհասկանալի պայմաններում: Սա սարսափելի թիվ է եւ չեմ հոգնի կրկնել, որ սա անպատժելիության հետեւանք է»,-այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսում ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը: Նրա խոսքով, այդ դեպքերը շատ հեշտ է բացահայտել, քանի որ ոչ թե մեծ քաղաքում է տեղի ունեցել այլ՝ փոքր միջավայրում, որտեղ բոլորը միմյանց հետ կապված են, ունեն կանոնակարգեր, ամեն ընթացակարգի համար պատասխանատուներ. «Իրավապահ մարմիններում՝ դատախազությունում, դատարաններում, քննչական մարմիններում տիրում է անպատժելիություն: Մինչեւ այսօր որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել այդպիսի գործերը կոծկելու, չբացահայտելու համար»:
Ըստ տիկին Կարապետյանցի, սա անընդհատ կրկնվող ցիկլ է լինելու, քանի դեռ իրավասու մարմինները չեն գնում քննությունների հետքերով. «Խաղաղ պայմաններում զոհված ծնողներն իրենց վիշտը թողած իրենց ձեռքով հավաքում են նյութերը, սա սարսափելի բան է պետության համար, անիշխանության նշան է, չեմ կապում այս իշխանությունների հետ, բայց նրանք շանս ունեին դա փոխելու եւ խոստացել էին այդ փոփոխությունները, բայց ոչինչ չարեցին եւ դա է պատճառը, որ այս իշխանություններից պահանջն ավելի շատ է»:
Ասուլիսին ներկա զոհված զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը պատմեց, որ իր որդու դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 30-ին եւ մինչ այսօր որդու իրական սպանողին չեն բացահայտել. «Որդուս սպանել են եւ այս 4 հատոր քրեական գործը կեղծիք է: Եթե փաստ չի արտահայտում, ուրեմն՝ կեղծիք է: Այս 4 հատորը կոչվում է քննիչի անունով՝ Իգիթյան ֆենոմեն:
Որդուս սպանելուց կես ժամ հետո ծառայակից ընկերը զանգել է Առինջ գյուղ, բարեկամիս ասել է՝ Արմանին խփեցին: Մարտակերտի զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանը մեզ ասաց, որ ինքը սպանությունը կբացահայտի: Երբ գնացինք Մարտակերտ, արդեն գիտեինք, որ կատարվածը սպանություն է: Ութ տարուց ավել մենք այդ ամենը հաստատում ենք փաստերով: Զենքը, որը որդուս կրակել է, զինգրքույկում գրանցված չէ, զենքի վրա փորձաքննությունը մատնահետքեր չի հայտնաբերել: Քննիչ Իգիթյանը քննչական բաժնում քննիչների ներկայությամբ զենքը սրբել է: Դեպքի վայրի զննությունը, իրերի առգրավումը կատարվել է օրենքի կոպիտ խախտումով: Ականատես վկաները ցուցմունք են տվել, որ Արմանը չոքեց ու խռխռացրեց, բայց ականատես վկաները, չգիտես ինչու, չեն տեսել՝ ով է կրակել: Դատաբժշկական փորձաքննությամբ կրակոցը եղել է մետր ու կեսից ավելին, բայց որդիս չէր կարող այդքան տարածությունից զենքը պահել իր վրա: Ամբողջ գործը կեղծիք է»:
Կարդացեք նաև
2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հովսեփ Մուրադյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գործը վերաքննելու, նա էլ՝ նամակն ուղարկել է Գլխավոր դատախազություն: Զոհված զինծառայողի հոր խոսքով, դատախազությունը գործը մակագրել է Զինվորական դատախազությանը, որն էլ ուսումնասիրելով գործը, գտել է, որ քննիչների գործողություններում կա հանցակազմ եւ այն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Սակայն ՀՔԾ-ի քննիչ Ավետիսյանը, ըստ Հովսեփ Մուրադյանի, գործը կարճել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Այդ օրվանից ի վեր, զոհված զինծառայողի հայրը դատական քաշքշուկների մեջ է, որպեսզի ապացուցի, որ որդուն սպանել են:
Նա պատմեց, որ 2012 թվականի հուլիսին որդուն խոշտանգել են, ծեծել են, ինչի պատճառով նա 100 օր հոսպիտալացվել է «Կանազի» զինվորական հոսպիտալում. «Բժշկական հանձնաժողովը եզրակացություն է տվել, որդիս զենք կրելու իրավունք չունի: 2013 թվականին որդուս հակատանկային գումարտակից տեղափոխում են սահմանային գումարտակ եւ հունվար ամսից մինչեւ հուլիսի 30-ը, ամեն 14 օրը մեկ իրականացրել է հերթապահություն: Բայց որդուս զենքը չեն գրանցել: Եվ դրա համար ո՛չ զորամասի հրամանատարը, ո՛չ գումարտակի, ո՛չ էլ շտաբի պետը քրեական պատասխանատվություն չեն կրել»:
Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, բայց, ըստ Հովսեփ Մուրադյանի, դրա համար պատժվել է Էմիլ Ավետիսյանը, որը պատիժը կրել է ընդամենը 15 ամիս:
Հայրը պնդում է, որ սա սպանություն է, ոչ թե ինքնասպանություն: Նրա խոսքով, գործն այժմ գտնվում է Եվրադատարանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ