Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արամ Բաբայանը, Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի՝ իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով որպես գնորդ հանդիսացել է Գագիկ Խանդանյանը». մանրամասներ Գագիկ Խանդանյանի գործով ԲԴԽ նիստից

Սեպտեմբեր 06,2021 19:22

ԲԴԽ-ում սեպտեմբերի 6-ին շարունակվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության  քննությունը:

Կարգապահական վարույթի հիմքում այն հանգամանքն է, որ դատավորն, ըստ  Հանձնաժողովի, խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։

Դատական նիստի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը ներկայացրեց միջնորդությունը ու հայտարարեց. «Հանրային ծառայողը պաշտոն ստանձնելուց հետո իրավունք չունի, առկա է բացարձակ արգելք առհասարակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցում: Կարգավորումը տալիս է Հանրային ծառայության մասին օրենքը: Հանձնաժողովը գտել է,որ Գագիկի Խանդանյանի արարքում առկա է կանոնների խախտում և տվել է եզրակացություն, որը օրենքով սահմանված կարգով ուղարկվել է խորհրդին»:

Նա, մասնավորապես ասաց. «2020-ի մայիսի 4-ին Արամ Բաբայանը, Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով որպես գնորդ հանդիսացել է Գագիկ Խանդանյանը։ Պայմանագրի կնքումից հետո ընկերության միակ մասնակից Խանդանյանը կայացրել է որոշում՝ կանոնադրական փոփոխություն կատարելու և իրեն որպես միակ մասնակից գրանցելու մասին: Նրա որոշմամբ փոխվել է նաև կազմակերպության գործադիր մարմնի կազմը, որի հիման վրա պետռեգիստրում դիմում է ներկայացվել»:

Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տ.Մկրտչյանի կողմից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Մալբրի» համակարգի միջոցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասցեագրված դիմումը։ Ուսումնասիրելով վերոնշյալ դիմումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով։

Նարեկ Համբարձումյանը նաև պնդեց՝ Գագիկ Խանդանյանի կողմից միանձնյա որոշում է  կայացվել իրեն նշանակել կազմակերպության տնօրեն. «Հանրային ծառայության պաշտոն ստանձնած անձը կազմակերպության՝ իր բաժնեմասերը հավատարմագրման կառավարման հանձնելով, մասնակցել էր ընկերության ժողովին: Այսինքն՝ կառավարչական գործունեություն էր իրականացրել՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել: Սույն պարագայում ևս դիտարկել ենք անհամատեղելիության կանոնի խախտում»:

Ի պատասխան Գագիկ Խանդանյանի պաշտպանների հարցին՝ ի՞նչն է արգելում օրենքը՝ բաժնեմաս ձեռք բերե՞լը, թե՞ մասնակցությունը, Նարեկ Համբարձումյանը պատասխանեց. «Բաժնեմաս ձեռք բերելն արդեն նշանակում է մասնակցություն: Օրենսդրությամբ չկա արգելող նորմ, որը կարգելի բաժնեմաս ձեռք բերելը, միևնույն ժամանակ ասում է, եթե հանրային պաշտոն ես ստանձնում, քո ունեցած բաժնեմասը տուր հավատարմագրային կառավարման»:

ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը որոշեց նիստը հետաձգել՝ այլ նիստի՝ նախապես նշանակված լինելու հիմքով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա  սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15.20-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930