Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավետիք Քերոբյան․ «ԱԹՍ-ով զբաղվող ընկերությունները սեփական փորձադաշտ չունեն, Լեռնապատի օդակայանում կլինեն ԱԹՍ փորձարկումների համար բոլոր հնարավորությունները»

Սեպտեմբեր 06,2021 19:11

Լոռու մարզի Լեռնապատ համայնքում անօդաչու թռչող սարքերի փորձարկումների համար օդակայանի աշխատանքները սկսվել են, 100 մետրանոց թռիչքուղին պատրաստ է, բայց ԱԹՍ-ների վերանորոգման արհեստանոցը դեռ ավարտուն չէ։

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը խոստանում է՝ մեկ տարի հետո այս տարածքն անճանաչելի է լինելու։

Հենց այս տարածքում սեպտեմբերի 18-ին տեղի է ունենալու «Հավք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը, որին մասնակցելու են 30 թիմեր։ Մրցույթի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից ԱԹՍ-ների միջոցով առաջարկել լուծումներ։ Մրցույթը իրականացվելու է երեք մակարդակի անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ, մասնագիտացած ընկերություններ։

Մրցույթի մասնակիցներին առաջադրվելու է երեք խնդիր՝ կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում եւ գոյատեւման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։

Մինչ մրցույթը, սեպտեմբերի 4-ին դպրոցական մի քանի թիմեր փորձնական թռիչքներ իրականացրեցին։

Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի Արմաթ ինժեներական լաբորատորիայի 14-ամյա սաները նախագծել էին կրակի օջախներ հայտնաբերող ԱԹՍ, որի վրա նաեւ տեսախցիկ կա: Այս ԱԹՍ-ն, ինչպես 14-ամյա երեխաները պատմեցին Aravot.am-ին, կարող է 2 կմ բարձրությամբ թռչել, օդում մնալ 12 րոպե։ Անօդաչու թռչող սարքն ինքնուրույն են պատրաստել, դրա «ոտիկների» համար էլ օգտագործել էին ներարկիչներ։ Երեխաներն իրենց ապագան կկապե՞ն ինժեներիայի հետ, թե՞ ոչ, դեռ չգիտեն, ասում են՝ չեն որոշել։

Գյումրու ավիամոդելային խմբակից 15-ամյա Ալեքսանն էլ իր ԱԹՍ-ով ներկայանալու է մրցույթին։ Ասում է՝ Շահեն կոչվող իր ԱԹՍ-ն մեկ տարում է պատրաստել, այս մոդելը, նրա ներկայացմամբ, զարգացնում է մինչեւ 150 կմ/ժամ արագություն, բարձրանում երկու կիլոմետր։ Ալեքսանի պատրաստած ԱԹՍ-ն, մրցույթի երեք առաջադրանքներն էլ կարող է իրականացնել։

Լեռնապատի այս անավարտ օդակայանում, որտեղ, ըստ էության, միայն թռիչքուղին է պատրաստ, դպրոցականները բացի ԱԹՍ-ներից, հրթիռ էլ բաց թողեցին։

Օդակայանը, ինչպես Ավետիք Քերոբյանն է ասում, նախ դպրոցականների եւ սիրողական խմբակների համար է, սակայն բաց է լինելու նաեւ ԱԹՍ-ներով զբաղվող ընկերությունների համար, որոնք հնարավորություն կունենան այստեղ թռիչքներ իրականացնել։

Ավետիք Քերոբյանն ասում է՝ ԱԹՍ-ով զբաղվող ոչ մի ընկերություն սեփական փորձադաշտ չունի, սովորաբար ԱԹՍ արտադրողները երկար ժամանակ սպասում են թույլտվությունների կամ զորադաշտարանում կամ զորավարժարանում եւ դա հեշտ կազմակերպվող աշխատանք չէ։

Լեռնապատի համայնքապետարանը օդակայանի կառուցման համար սիրով տրամադրել է համայնքի չօգտագործվող տարածքը, տեղացիներն էլ լսել են, որ օդակայան է կառուցվելու, սկսել են հետաքրքրվել՝ Մոսկվայի թռիչքի տոմսերի վաճառքը ե՞րբ եք սկսելու։

Քերոբյանի ներկայացմամբ՝ մրցույթի իմաստն այն է,որպեսզի հետաքրքրություն առաջանա ոչ ռազմական կիրառման ԱԹՍ-ների նկատմամբ․« Կանխատեսում եմ, որ մրցույթի արդյունքում ասենք՝ ԱԻՆ-ը կհետաքրքրվի իրենց սեփական կարիքների համար տեղական ԱԹՍ-ներ ունենալ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930