Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը 10 ազատազրկման դատապարտեց իր մեկ տարեկան դստեր սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Անի Մինասյանին։
Հիշեցնենք, որ նա երկու տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսի 30-ին, կպչուն ժապավենով կապել էր իր մեկ տարեկան երեխայի ձեռքերն ու ոտքերը, նրա բերանին կիսաշրջազգեստ փաթաթել ու մութն ընկնելուն պես՝ ժամը 22․00-24․00-ի սահմաններում նրան նետել իր վարձակալած բնակարանի մոտակայքում՝ Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղի մեջ։
Երեխան, ըստ դատաբժշկական փորձաքննության, շնչահեղձ էր եղել։
Նրան հայտնաբերել էին Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնի աղբատար մեքենայի վարորդն ու բանվորները՝ Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող համաքաղաքային աղբանոցում։
Կարդացեք նաև
Անին Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այն է սպանություն կատարելը։ Դատախազ Արտյոմ Ավետիսյանը 11 տարվա ազատազրկում էր պահանջում, սակայն այսօր դատարանը որոշեց նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման։
Անի Մինասյանը հրաժարվեց վերջին խոսքից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ