«Հայաստանը պետք է վերականգնի իր նշանակությունն ու դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում, այսօր նման կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի ներկայացուցչի վերջին հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում ապահովող լրացուցիչ իրավական եւ քաղաքական մեխանիզմների քննարկումների հետ կապված:
Այդ քննարկումները, ըստ բանախոսի, Բաքուն եւ Մոսկվան անցկացնում են առանց հայկական կողմի մասնակցության, եւ, բնականաբար, առանց հաշվի առնելու պաշտոնական Երեւանի դիրքորոշումն ու հայկական շահերը: Ավելին, ՀՀ իշխանություններին անգամ որեւէ այլընտրանք չեն առաջարկում. «Մենք պետք է նույն գործընթացը վարենք Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ մեզ համար կարեւոր է, որպեսզի Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների ներկայությունը չավարտվի տվյալ տարածքում նրանց գտնվելու ժամկետի ավարտով»:
Ռուս խաղաղապահների գոյությունն Արցախում նա համարում է այս պահին Արցախի անվտանգության միակ երաշխիքը եւ գտնում է, որ անկախ զարգացումներից պետք է կարողանանք Հայաստանի արեւելյան հատվածը, որտեղ է նաեւ Արցախը, պահել՝ արդեն սեփական անվտանգության միջոցներն ունենալով: Այս ամենի համար, Արտակ Զաքարյանը գտնում է, որ ՌԴ-ի հետ քաղաքական մեծ աշխատանք է պետք տանել, ինչի արդյունքում նաեւ Արցախում խոշոր ներդրումներ պետք է ներգրավել, որպեսզի տնտեսական եւ սոցիալական հարցերը նույնպես կարգավորվեն: Գործող իշխանության օրոք նա այս ամենը չի պատկերացնում, նրանցից ասում է, որ պետք է հենց հիմա ազատվել, քանի որ վաղն արդեն անդառնալի գործընթացներ կարող են տեղի ունենալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ