«Ապառաժ». 2021թ. սեպտեմբերի 1-ին Արցախի դպրոցներում առաջին դասարան է հաճախել 1903 աշակերտ, որից 1003-ը՝ Ստեփանակերտում: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը: Նախորդ տարվա հետ համեմատ առաջին դասարանցիների թիվը նվազել է շուրջ 20%-ով:
Արցախի Հանրապետության վերահսկողության տակ մնացած 108 դպրոցներից 106-ում հնչել է առաջին զանգ: «Հանձնված տարածքներում գործում էր 109 դպրոց, իսկ մեր վերահսկողության տակ մնացած տարածքներում չեն գործում Բերձորի երկու դպրոցները, Ներքին Սուսի, Փառուխի, Սզնեքի դպրոցները: Քաշաթաղի շրջանում միայն Աղավնոյի դպրոցն է աշխատում, իսկ Շահումյանի շրջանում՝ Ակնաբերդի դպրոցը»,- ասել է Մ. Համբարձումյանը:
Փոխնախարարը նշել է, որ տեղահանված առաջին դասարանցիներին 20000-ական դրամ է հատկացվել: Իսկ Արցախում առաջին դասարան հաճախած աշակերտների համար «Կարմիր Խաչի» կողմից պայուսակներ են տրամադրվել: Նա դժվարացավ նշել տեղահանված առաջին դասարանցիների հստակ թիվը, քանի որ բոլոր շրջաններից համապատասխան տեղեկատվությունը դեռևս չեն ստացել:
Ինչ վերաբերում է բռնազավթված տարածքների ուսուցիչներին, ապա Մ. Համբարձումյանի խոսքով, քանի որ այդ ուսումնական հաստատությունները լուծարված չեն, ուսուցիչները մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ստանալու են աշխատավարձի 50 %-ի չափով փոխհատուցում: «1619 ուսուցիչ է հարկադիր պարապուրդի պատճառով մնացել առանց աշխատանքի, բայց նրանցից տարբեր տեղեր մոտ 120 հոգի աշխատանքի է ընդունվել, բնականաբար այդ թիվը հարց չի լուծում»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ տեղահանված ուսուցիչների մեծ մասը գտնվում է ՀՀ-ում:
Կարդացեք նաև
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Արցախի տարբեր դպրոցներում թափուր հաստիքներ կան: Ըստ Միքայել Համբարձումյանի, խնդիրը նրանում է, որ ուսուցիչները կենտրոնացած են կամ շրջաններում, կամ էլ Ստեփանակերտում, տեղեր էլ կան, որ ժամաքանակները քիչ են: Այժմ գործող բազմաթիվ դպրոցներում, առաջիկայում հայտարարությունները կլինեն նախարարության էջում: