«Հազիվ Ադրբեջանի ձեռքը կապիտուլյանտ է ընկել. էլ ե՞րբ է հայ ժողովրդի պատմության մեջ նման բան լինելու: Հիմա Ադրբեջանը կգնա՞ խաղաղության փաստաթուղթ ստորագրելուն, իհարկե՝ չի գնա։ Այդ մի բանը Նիկոլը ճիշտ է ասում՝ իրենք պատրաստ են սահմանազատում անել, ադրբեջանցիները պատրաստ չեն։ Ինչո՞ւ պատրաստ չեն, որովհետեւ մինչեւ դա պետք է կարողանան ամբողջությամբ տորպեդահարեն Արցախի կարգավիճակի հետ կապված Մինսկի խմբի բանակցային գործընթացը, դրանից հետո հստակեցնել, որ բոլոր ուժային կենտրոնները ճնշելու են Հայաստանին, որպեսզի Ադրբեջանին անցնեն բոլոր այն տարածքները, որոնք նա է ուզում։ Այսինքն, Ադրբեջանը ցանկանում է խնդիրը արմատական ձեւով լուծել եւ կիսատ-պռատ բաներ ապագային չթողնել, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ այսօր Ադրբեջանի վիճակն այդքան էլ լավ չէ։ Հետեւաբար, կապիտուլյանտը պետք է կարողանա ձգել գործընթացը, բայց որքա՞ն ձգել. ժամանակը որքան անցնում է՝ իրեն հարց են տալու, թե դու, եթե անելիք չունես, արդեն գնա»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Թուրքիայից դրական ազդակներ կան եւ իր ղեկավարած կառավարությունն անպայմանորեն դրանք կքննարկի ու դրական կարձագանքի:
Այս իրադարձությունների համատեքստում, Արտակ Զաքարյանը բնավ պատահական չի համարում այն, որ Հայաստանում կայացած արտահերթ ընտրություններից հետո Թուրքիայի իշխանությունները շնորհավորեցին ոչ թե հայ ժողովրդին, այլ Հայաստանի կառավարությանը, քանի որ գիտեն ամբողջ պայմանավորվածությունների փունջը։ Ի դեպ, ըստ նրա, նման բան առաջին անգամն էր տեղի ունենում:
Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին էլ, Արտակ Զաքարյանը նախ ընդգծեց, որ սահմանազատումն ու սահմանագծումը միակ ճանապարհն է, որից հետո խաղաղության գնալու հնարավորությունները կարող են ավելի իրատեսական լինել։ Սակայն շեշտեց, որ դա արվում է այն դեպքում, երբ երկու հարեւան պետությունները գնահատելով ստեղծված իրավիճակը՝ իրապես տեսնում են դրա անհրաժեշտությունը. «Այսօր որեւէ երաշխիք չկա, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում նոր պատերազմի ռիսկեր չեն առաջանա։ Այս իրավիճակում սահմանազատում եւ սահմանագծում՝ կապիտուլյանտի ղեկավարությամբ, նշանակում է, որ մյուս կողմը պահանջատեր է: Երկրորդ կողմը՝ Հայաստանը, պետք է ճանապարհներ գտնի՝ կամ խուսանավի, կամ բավարարի պահանջատիրոջ պահանջները։ Սա նշանակում է՝ տարածքային նոր զիջումներ, որը միայն հողի, բլուրի կամ չգիտես ինչի տեսքով չէ, մենք արդեն խոսում ենք Հայաստանի անվտանգության ռազմավարության տեսանկյունից»:
Թե այս իրավիճակում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ սահմանազատումից ու սահմանագծումից խոսում, երբ ըստ Արտակ Զաքարյանի՝ նույնիսկ «հինգ տարեկան երեխայի համար էլ պարզ է, որ այն իր շահերից չի բխում», նրա կարծիքով՝ պատճառն այն է, որ դա միակ գործիքն է, որով Նիկոլ Փաշինյանը պահում է իր իշխանությունը։ Բանախոսի գնահատմամբ, տասը տարի հետո նման աշխատանքների անհրաժեշտությունը կլինի, սակայն այսօր այն Հայաստանի շահերից չի բխում:
Կարդացեք նաև
Արտակ Զաքարյանը խոսեց նաեւ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի մասին, որն ուղեկցվեց ծեծկռտուքներով, կատարվածը որակելով Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական նպատակով ուժի ցուցադրում՝ քաղաքական դաշտի համար, ոչ հանրային. «Ուժի ցուցադրություն նաեւ այն առումով, որ սեփական թիմի վրա էլ Նիկոլը լիարժեք վստահություն չունի, սա եւս սեփական թիմին այսպես գործընթացների մեջ ներգրավելը եւ նրանց հետագա անցանկալի երեւույթների միջով անցկացնելը։ Նախորդ տարվա նոյեմբերի 9-ը ցույց տվեց, որ Նիկոլի թիմում էլ կարող են արտահոսքեր լինել, եւ նա շատ լավ հասկանում է, որ հատկապես առաջիկայում պետք է տեղի ունենա սահմանազատում ու սահմանագծում, իշխանության վիճակը բոլորովին էլ երանելի չէ, ժողովրդի լեզվով ասած՝ բավականին խախուտ է, ցանկացած պահի նաեւ որոշակի զարգացումներ կարող են լինել։ Ակնհայտ է, որ իշխանության ներսում էլ են ձեւավորվում թիմեր, որոշակի գործընթացներ են տեղի ունենում, որոնք շաղկապվում են արտաքին որոշակի քաղաքականության հետ»:
Միեւնույն ժամանակ, ըստ բանախոսի, խորհրդարանում բեմադրված քաշքշոցներով եւ ծեծկռտուքներով, իշխանությունը փորձում է մաշեցնել ընդդիմությանը, որը, իր գնահատմամբ, բավականին մեծ կապիտալով է մտել խորհրդարան՝ ամեն կերպ փորձելով հեղինակազրկել ու նվազեցնել ընդդիմության դերը. «Միայն այն հանգամանքը, թե ինչ սցենարներով նրանք ընտրեցին ընդդիմության թեկնածուներին՝ ԱԺ հանձնաժողովների փոխնախագահներին, խոսում է այդ մասին։ Ընդդիմության՝ բովանդակային ցանկացած խոսքից հետո իշխանությունն այդ ելույթի ամբողջ ընթացքը վերածում էր սկանդալի, հասարակության ուշադրությունը շեղելով այդ սկանդալի վրա։ Այդպես է լինելու: Սրանց առջեւ խնդիր է դրված, այլապես դրանք չէին վերընտրվի, դրանում անձամբ ինքս ավելի ու ավելի համոզվում եմ: Պատմության մեջ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած ոչ մի իշխանություն ոչ միայն չի գնում ընտրության եւ անհրաժեշտ ձայներ հավաքում, այլ քաղաքական զարգացումներից շատ սահուն կերպով դուրս է մնում։ ՔՊ-ին ինքնասպանության տանելու միջոցով փորձում են Հայաստանի դերը Հարավային Կովկասում տարբեր առումներով նվազեցնել։ Այսինքն, այն դերը, որն ուներ Հայաստանը 1994 թվականից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը՝ խլված է, եւ Հայաստանն այլեւս անվտանգություն արտադրող երկիր չէ, նրա քաղաքացին, տնտեսությունն անվտանգ չեն, մշակութային եւ հոգեւոր կյանքը՝ նույնպես: Շուտով տեսնելու ենք նաեւ մշակութային էքսպանսիա Հայաստանի նկատմամբ, պատմության կեղծման նոր ալիք»:
Ստեղծված իրավիճակում, Արտակ Զաքարյանը կարեւոր է համարում հասարակության իմունային համակարգի ձեւավորումը՝ դա համարելով ընդդիմության թիվ մեկ խնդիրը: Իսկ դրա համար, կարծում է, որ ընդդիմությունը պետք է միասնական դիրքորոշում հայտնի. «Եթե վաղը-մյուս օրը Հայաստանը կորցնի վերականգնվելու կամ ապաքինվելու հնարավորությունները, ապա այլեւս նշանակություն չի ունենա, թե ո՞վ է գալու իշխանության եւ ե՞րբ է գալու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ