Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում արդեն երկրորդ անգամ «Հայաստան» խմբակցության թեկնածուն՝ Արթուր Ղազինյանը, որն առաջադրվել էր հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, չընտրվեց: Մինչ քվեարկությունը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ անձնական գործոններով ՔՊ-ականները չեն ընտրում Ղազինյանին:
«Պարոն Ղազինյան, պարոն Մինասյանը պնդում արեց, որ մենք ձեզ անցած անգամ չէինք ընտրել, դրա մեջ միտում է եղել միջանձնային հարաբերությունների: Խնդրում եմ կհաստատեք, որ ես եւ դուք երբեւէ մեր երկուսի համատեղ կյանքում չենք առնչվել, չեն խաչվել մեր ճանապարհները եւ որեւէ միջանձնային խնդիր մենք չենք ունեցել եւ չէինք կարող ունենալ»,- այսպիսի հորդորով հանդես եկավ ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Արթուր Ղազինյանը ծիծաղեց ու հաստատեց. «Չէ, չէ, ի սեր Աստծո, համատեղ կյանք չենք ունեցել»:
Ավելի ուշ Արթուր Ղազինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն չընտրելը իր անձի հետ է կապված. «Խնդիրը իմ անձի հետ է, նրանք ունեն վերապահում՝ իմ մասնագիտական որակավորման, իմ հետեւողականության, սկզբունքայնության, մինչեւ վերջ փորելու եւ իրականությունը բացահայտելու իմ հանձնառության հետ: Միգուցե վախենում են, ինչ-որ բան ունեն թաքցնելու»:
Նա ասաց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալը կարողանալու է հանձնաժողովի անունից ինչ-որ բաներ փորձել ու փոխարինել հանձնաժողովի նախագահին ու իր ներկայությունն այդ դիրքում քաղաքական առումով վտանգ է ներկայացնում:
Կարդացեք նաև
Ղազինյանը նաեւ ասաց, որ եթե իր թիմը որոշի, հաջորդ անգամ նորից կառաջադրվի իր թեկնածությունը: Այսպես հանձնաժողովը երկարատեւ ժամանակ չի ձեւավորվի ու չի անցնի բուն օրակարգերին, եթե չընտրեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ