Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում արդեն երկրորդ անգամ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը եւ երկու անգամ էլ մերժվեց իշխանականների կողմից:
Ղազինյանն իր խոսքում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ից հետո կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց դա չի արել, տղաներին տարել է մսաղաց ու այդքանից հետո այցելել էր Եռաբլուր:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ես արդեն հասկացա ձեր հայտնի շշանետման ուղղությունն ինչպես էիք ընտրել»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ծեծկռտուքի ու Սեյրան Օհանյանի՝ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետելու միջադեպի ժամանակ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետեւել էր Արթուր Ղազինյանի քայլերին, թե ում ուղղությամբ է շիշը նետել: Հանձնաժողովի նախորդ նիստին նա հարցրել էր, թե բոյով լինելով՝ միտումնավո՞ր էր շիշը նետում վարչապետի ուղղությամբ:
Արթուր Ղազինյանը այսօր պարզաբանեց, որ ինքը հակված չի եղել շիշը նետել որեւէ մեկի ուղղությամբ. «Երկու անգամ շիշը եկավ իմ ուղղությամբ, մեկը կպավ գլխիս, մյուսը՝ իմ դիմացի հատվածին՝ դոշիս: Իսկ այդ ժամանակ ես կանգնած էի առաջին շարքում, ես շիշը նետել եմ հետ՝ վերադարձրել եմ այն նույն ուղղությամբ, որտեղից որ եկել է: Եթե դուք պնդում եք, որ դա ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանին, նշանակում է ինքն է այդ շիշը նետել իմ ուղղությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ