Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ հոգեբանական բարդույթով է գնացել սպարապետի գերեզմանին. Անդրանիկ Քոչարյանը «սերիական մարդասպանի» մասին Ղազինյանի գրառումը տպել, բերել էր

Սեպտեմբեր 06,2021 14:58

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցությունը պատգամավոր Արթուր Ղազինյանին առաջադրել էր հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Նրա թեկնածությունը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը:

Արթուր Ղազինյանը եւ Արծվիկ Մինասյանը

ՔՊ-ականները, ինչպես նույն թեկնածուի առաջադրման առաջին փորձի ժամանակ, այս անգամ եւս հարցախեղդ արեցին՝ հիշեցնելով Ղազինյանի հարցազրույցները, ֆեյսբուքյան գրառումները, հայտարարությունները:

Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց, որ Ղազինյանը Փաշինյանի փորձը՝ Արցախը վերադարձնելու բանակցությունների սեղան, որակել էր ուժեղի դիրքերից հանդես գալ, ինքը՝ Արծվիկ Մինասյանը՝ արկածախնդրություն էր դա որակել: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ պարտադիր չի իրենց մտքերը համընկնեն ամբողջությամբ, բայց իրենց միավորել է այն աղետը, որը մեր երկրին պատուհասել է. «Աղետի հետեւանքները մեղմելու աշխատանքները եւ գաղափարական հենքն է միավորել: Այո, մենք բարձրաձայնել ենք այն ժամանակ, որ շատ վտանգավոր գործընթաց է իրականացվում, երբ որ պատրոնը փոխարինվում էր զարդով, երբ Արցախի բանակցային գործընթացում զրոյական կետից էր սկսում, մենք տեսանք արդյունքն ինչի բերեց: Շատերն այն ժամանակ գնահատում էին, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները օբյեկտիվորեն օգտակար են, բայց փաստն այն է, որ այդ գործողությունների ելքը աղետն է այսօր»:

Վահագն Ալեքսանյանը հարցրեց՝ ձեզ համար մեր իշխանությանը դավաճան անվանելը արդյոք ինքնանպատակ չէ՞՝ Արծվիկ Մինասյանն ի պատասխան հորդորեց պետական դավաճանություն ու զուտ դավաճանությունը տարանջատել. «Երբ մենք խոսում ենք պետական դավաճանության մասին, դա ոչ թե սուտ մատնություն է, այլ բոլորը փաստեր ենք համադրում»:

Արթուր Ղազինյանն իր ելույթում ասաց, որ մարդկանց մոտ հարց է առաջանում՝ լինելով իրավաբան՝ ինչու է առաջադրվում այս պաշտոնում ու բացատրեց՝ առաջադրվել է, քանի որ նոյեմբերի 9-ից սկսած հանձնառություն է ստացել բազմաթիվ քաղաքացիների առաջ բացահայտել սեպտեմբերի 27-ից սկսած իրադարձությունների պատճառները. «Հասարակության մեծ մասի մոտ կա խորը կասկած, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն, հայրենիքի հանձնում, դա պետք է կա՛մ հաստատվի, կա՛մ հերքվի: Իմ նպատակը հանձնաժողովում լինելու այդ նպատակին է ծառայում»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եկել էր նիստին Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկը տպած, որտեղ նա մասնավորապես հրապարակել է Փաշինյանի՝ Եռաբլուր այցի լուսանկարն ու գրել է. «Սերիական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին, սենց վիժվածք աշխարհը չի ծնել»: Մեջբերելով գրառումը՝ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց. «Եռաբլուրի խորհուրդը փաստորեն դուք այսպե՞ս եք հասկանում: Եռաբլուրի մասին է խոսքը, երբ որ երկրի վարչապետը հարգանքի տուրք է մատուցում զոհերին: Եթե այդպես եք մտածում, ասեմ ձեզ, որ Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի հուղարկավորությունից հետո երբեք Եռաբլուր չէր այցելում: Նախընտրական շրջանում նա գնաց Եռաբլուր ու գնաց սպարապետի գերեզմանին, նույն ձե՞ւ եք մտածում՝ սպարապետի գերեզմանի մոտ այցելողը ի՞նչ հոգեբանական բարդույթներից ելնելով է գնացել սպարապետի գերեզմանին»:

Ղազինյանը պատասխանեց. «Ես նշել եմ կրիմինալոգիայի մի թեզ, երբ որ ապացուցված է՝ այցի են գալիս իրենց զոհերի գերեզմաններին: Հիմնավորեմ՝ այն անձը, ով մերժեց պատերազմը կանգնեցնելու առաջարկը՝ ասելով, որ ինձ կասեն դավաճան, որից հետո մենք ունեցանք հազարավոր մարդային կյանքի կորուստներ, ունեցանք հայրենիքի կորուստ ու որից հետո ոչ միայն չասաց՝ ես այլեւս անելիք չունեմ, պետք է գնամ, որովհետեւ իմ արածը ներում չունի… առնվազն հոկտեմբերի 19-ից հետո պատերազմը պիտի կանգներ, մերժել է իշխանությունը: Սեղանին դրված էր երկու հարց՝ կամ քեզ կասեին դավաճան, կկորցնեիր իշխանությունը, բայց Արցախը կպահենք միասնական, Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Լաչինը կմնար հայկական որոշ ժամանակ, կա՛մ դա էր, կա՛մ իշխանությունն էր, ընտրվեց երկրորդ տարբերակը: Առնվազն հոկտեմբերի 19-ից հետո արձանագրված բոլոր մարդկային ու տարածքային կորուստների համար մեղավոր ու պատասխանատու է կոնկրետ մեկ անձ է ու այդ մեկ անձը այցելում է այն գերեզմանները, որոնց իր մերժումով տարավ մտցրեց մսաղացի մեջ, այդ պարագայում իմ գնահատականը միանշանակ է, դա պետք է կրի քրեական պատասխանատվություն: Ժամանակի հարց է ուղղակի»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ Եռաբլուր այցին, Ղազինյանն ասաց, որ լավ գիտի, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը նշանակվել վարչապետ, ում հորդորով է նախագահը հրաժարական տվել ու ինչպիսի հարաբերություններ են ունեցել Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930