Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսներն ասացին՝ ամոթ է, դա ձեր ազգին պատիվ չի բերի». արցախցի կինը 4 երեխաների հետ փորձել է վերադառնալ Շուշի, նշելով, թե ապրելու տեղ չունի. Forrights

Սեպտեմբեր 06,2021 14:51

Forrights.am. Օգոստոսի 1-ին Շուշի քաղաքի մերձակայքում, ադրբեջանական սահմանի մոտ ռուս խաղաղապահները կանգնեցրել են Շուշիի նախկին բնակիչ, 32 տարեկան Իզաուրա Բալասաանյանին և նրա 4 երեխաներին, որոնք փորձում էին հատել սահմանը: Կինն իր արարքը բացատրել է նրանով, որ ապրելու տեղ չունի և ուզում է վերադառնալ բնակության վայրը՝ Շուշի քաղաք:

Ադրբեջանցի և ռուս սահմանապահները մորն ու երեխաներին վերադարձրել են Արցախի Հանրապետություն:

Իզաուրա Բալասանյանը Forrights.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: «Այո, գնացել եմ Շուշի, որովհետև տուն չունեմ: Վերցրել եմ մահացած ամուսնուս և մահացած մորս լուսանկարը, երեխեքիս ու բարձրացել եմ Շուշի: Էլ ոչինչ հետս չեմ տարել: Հասել եմ տամոժնի, բայց ռուսները թույլ չտվեցին, որ մտնենք Շուշի: Ռուսները ինձ ասեցին՝ մի մտի, ամոթ ա դա, ձեր ազգին պատիվ չի բերի: Ես Շուշի չմտա: Թուրքի ու ռուսի արանքում կանգնել եմ: Էդ ժամանակ արդեն ռուսները զանգել են իրանց մեծին, իրանց մեծը զանգել ա նախարարություն, որ ձեր ժողովրդից մի կին երեխեքի հետ հանձնվում ա թուրքին: Ու տենց ԱԱԾ-ն եկել է», — պատմեց մեզ կինը:

Շուշիի ճանապարհին, սահմանի վրա նա տեսել է ադրբեջանցի ծառայողներին: «Ոչ մի բան նրանք չեն ասել: Նայում էին ինձ, երեխեքիս: Տխուր դեմքով նայում էին մեզ»:

44-օրյա պատերազմից հետո Իզաուրա Բալասանյանը իր 4 երեաների հետ բնակություն էր հաստատել Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցում գտնվող հանրակացարանային շենքի առաջին հարկի բնակարանում: 100 հազար դրամ էր վճարում այդ տան համար:

Ասում է, որ այնտեղից հեռանալու որոշում է ընդունել, երբ տան տերը որոշել էր բարձրացնել տան վարձը՝ 150 հազար դրամ էր սարքել:

Իզաուրան դիմել է պետական տարբեր  մարմինների, խնդրել է, որ իրեն մի կացարան տան երեխաների հետ մնալու համար:

«Ամեն տեղ ասում էին՝ էսօր կգաս, վաղը կգաս»: Արցախի տարածքային կառավարման նախարարին է ձորձել տեսնել, բայց կնոջը չեն ընդունել: «Քարտուղարուհին ասեց, որ   նախարարը չի ընդունի ինձ, որ իրանց համար մեկ ա, ես որտեղ կապրեմ, որ թողեմ, գնամ: Ես էլ գնացի Շուշի», — իր հուսահատ քայլը բացատրում է Իզաուրան: Նույնը նա պատմել է հատուկ ծառայությունների աշխատակիցներին, որոնք իրեն հետ են բերել Արցախ:

Հարկադիր վերադարձից հետո Իզաուրա Բալասանյանին Ասկերանի շրջանի Խանձք գյուղում, կիսաքանդած, օձերով լի տուն են հատկացրել: Իզաուրան ընտելացել է օձերին: Նույնիսկ ձեռքի մեջ էր պահում արդեն, բայց երեծաների հետ այստեղ մնալ չէր կարող:

Ընկերներից մեկը հանել է Իզաուրային և նրա երեխաներին  օձերով տանից ու բերել է Խնածախ գյուղից 2-3 կմ հեռու գտնվող Ջամալու կոչվող տեղանք: «Այստեղ մի քանի տուն կա: Որտեղ մենք  մնում ենք, բաղնիք չկա, նորմալ ջուր չի գալիս: Լույս կա, բայց կիպյիտիլնիկ չունեմ, վառարանը վառում եմ, երեխաներին լողացնում: Երեխաները ամեն օր 3 կիլոմետր ոտքով գնում են, որ հասնեն դպրոց: Աղջկաս համար պայուսակ չեմ կարողացել գնել, թանկ ա, առանց պայուսակի ա դպրոց գնում: Տետրակներ առել եմ, բայց քիչ ա: Մեկ էլ աղջիկներին բոթասներ, տաք ժակետներ են պետք: Իմ երեխաներն ընդունակ են կրթվելու, սովորելու: Ես նրանց պետք է առաջ տանեմ», — կիսվում է մեզ հետ Իզաուրան, հույսով, որ որևէ մեկը կարձագանքի, կօգնի երեխաներին: Փոքրը 4 տարեկան է, մեծը՝ 12:

Իզաուրայի ամուսինը մահացել է 2012 թվականին, սրտի կաթվածից: Երկու տարի առաջ էլ, օգոստոսին թաղել է մորը: Լաց լինելով ասում է, որ երկուսի գերեզմանները հիմա ադրբեջանցիների ձեռքին են, Հադրութի Ուխտաձոր գյուղում:

44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտը սոցիալական աղետի կենտրոն է դարձել: Փախստականները Քաշաթաղից ու Շուշիից, Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի գյուղերից տանիք ու գործ գտնելու հույսով եկել, լցվել են Ստեփանակերտ, բնակեցրել են կիսաքանդ տներն ու նկուղները, անգամ խանութներում են ապրում մարդիկ: Մի «կուխնու չափ» տեղը երազ է դարձել շատերի համար: Տան վարձերը բարձրացել են: Չնորոգված, առանց կոմունալ հարմարությունների փլատակը Ստեփանակերտում արժե 60-70 հազար դրամ: Պետության կողմից տեղահանվածներին տրամադրվող դրամական աջակցությունը հաճախ չի բավարարում տարրական բնակվարձ մուծելու համար: Քաղաքում տոտալ գործազրկություն է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Miko says:

    Իսկ ազգին պատիվ բերում է 4 մանկահասակ երեխաների մորը փողոցում թողնելը։ Դեռ քանի նման ընտանիքներ կան ում մասին դեռ չի խոսվել։ Իսկ ինչ անուն դնես Ստեփանակերտում հայրենակիցների դժբախտությոն վրա փող սարքողներին․․․․ բնակվարձը ավելացնողներին․․․ այն դեպքում երբ մեզանից շատերը իրենց ամառանոցներն ու այլ բնակարաններ անվճար ենք տրամադրել փախստականերին թե 90ականներին թե անցած տարի․․․ իրերը իրենց անունով է պետք կոչել ու մեր Արցախցի եղբայրներին սթափվելու կոչ անել․․․

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930