Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մտածում էի՝ արժե՞ արդյոք այդ գումարը հրապարակել, թե ոչ, ի վերջո որոշեցի անկեղծ լինել եւ հրապարակել». Ղազինյանը՝ իր ունեցվածքի մասին

Սեպտեմբեր 06,2021 14:31

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում արդեն երկրորդ անգամ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը եւ երկու անգամ էլ մերժվեց իշխանականների կողմից:

Արծվիկ Մինասյան

Ղազինյանին այս անգամ ներկայացրեց Արծվիկ Մինասյանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովի փոխնախագահը պետք է ունենա թափանցիկ կենսագրություն. «Մենք գիտենք, որ պարոն Ղազինյանի հայտարարագրի մեջ հսկայական ունեցվածք կա: Այսպիսի կենսագրություն ունեցող մարդը չէր կարող աշխարհում այդպիսի բիզնես կարողություն կուտակեր: Ինչպիսի՞ աղբյուրներից է այդպիսի կարողություն կուտակել, գիտական աշխատանքո՞վ… հարցեր են առաջանում»: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հայտարարագրով ներկայացված եկամուտների ստուգման իրավասությունը այլ պետական մարմնի է պատկանում. «Եթե որեւէ կասկած, թյուր կարծիք կա, ապա իրավասու մարմինը կարող է եւ հնարավորություն ունի իրականացնել քննություն ու պարզել»:

Արթուր Ղազինյանը արձագանքեց. «Ես 2010-ից պետական ծառայության մեջ չեմ եղել: Օրենքով արգելված որեւէ արարք չեմ կատարել, եթե կատարել եմ, դա ենթակա է բացահայտման եւ պատասխանատվության: Ես ունեցել եմ ազատ ժամանակ, ունեցել եմ կապեր, հնարավորություն, որպեսզի կարողանամ ձեւավորել իմ սեփական կյանքը: Ես դա արել եմ արժանապատիվ, դա արել եմ՝ առանց որեւէ բան թաքցնելու: Ես մտածում էի՝ արժե՞ արդյոք այդ գումարը հրապարակել, թե ոչ, ի վերջո որոշեցի անկեղծ լինել մեր քաղաքացիների հետ եւ հրապարակել, որովհետեւ գաղտնիք ես, ըստ էության, չունեմ»:

ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանն արձագանքեց, որ դա անկեղծ լինել չէ, օրենքի պահանջ է, Ղազինյանը հակադարձեց. «Շատերը կան, որ, ըստ էության, չեն հայտարարագրում ամբողջ ունեցվածքը, ես ազնիվ գտնվեցի ու հրապարակեցի: Եթե գտնում եք, որ արել եմ որեւէ բան, որ պետք է դրա համար ամաչեմ, ներողություն խնդրեմ, որեւէ կլանի, որեւէ օլիգարխիկ համակարգի մաս եմ կազմել, պետական բյուջեից եմ օգտվել՝ ես նման խնդիր չեմ ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930