«Վատ եմ զգում, որ նման բան եմ ասում, դուք իրավագիտության դոցենտ եք, իսկ ես պոլիտեխնիկն եմ ավարտել, ենթադրյալ հանցագործության մասին խոսելիս խուսափեք պնդումներ անելուց, դա կարող է լավ հետեւանք չունենալ: Ես համարում եմ, որ ձեր փորձը չի բավարարում պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու համար, ես ձեզ դեմ եմ քվեարկելու»,- ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսպես սկսեց խորհուրդներ տալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին, որն առաջադրվել էր հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
«Դուրս է գալիս, որ կարող են բերել պոլի փետ ու ես պետք է ընտրեմ: Ոչ մի կերպ: Ես հարց եմ տվել, բավարարված չեմ պատասխանով, ես ձեզ դեմ եմ քվեարկելու»,- այսպիսի դիրքորոշում հայտնեց ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
«Ասում եք՝ օդը փակ չէր ու աշխարհազորայինների մեկնումը, կոչը, որ ջոկատ կազմեն, գնան սահման, մարդասպանություն էր: Ժամանակն է այս հանձնաժողովում իմանաք՝ օդը փակ չի լինում: Ձեր առաջնորդին հարցրեք՝ բա ինչի՞ տարիներ շարունակ կործանիչ ավիացիա չէին գնում, պաշտպանության միջոցներ չէին գնում»,- իր ելույթում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հիշեցրեց. «Արցախի նախագահը Հանրայինի եթերում հպարտանում էր, ասում էր՝ նախկինում չի եղել օդը փակ, հիմա փակ է»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորեց «Հայաստան» դաշինքին Ղազինյան թեկնածուին փոխել: Նա հիշեցրեց Սեյրան Սարոյանի խոսքերը՝ ուղղված Արամ Մանուկյանին. «Ինչպես Սեյրան Սարոյանն ասաց՝ տո ա՛յ Արամ ջան, դու ինտելիգենտ տղա, քֆուրը քո համար չէր: Պարո՛ն Ղազինյան, շիշը քո համար չէր, Արթուր ջան, վաղը գնաս լսարան, ուսանողներից ներողություն խնդրի»:
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ փորձն էր Ղազինյանի թեկնածության առաջադրման: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մի հատ էլ իրենց մեջ նայեն, կգտնեն այլ թեկնածուի. «Այսպես հավերժ կարող է 8-րդ գումարման ԱԺ-ն ավարտվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ