Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը քիրվայություն հայտարարելու բարոյական իրավունք չունի». Արամ Թալալյան

Սեպտեմբեր 06,2021 13:25

«100 տարի անցել է, եւ ոչինչ չի փոխվել… Հայաստանի Հանրապետությունն իրավունք չունի իր վրա վերցնելու հաշտեցնելու գործառույթը, քանի որ մենք ունենք 8-9 միլիոնանոց Սփյուռք, իսկ Սփյուռքն առաջացել է ցեղասպանության պատճառով…

Միգուցե դե յուրե քիրվայություն հայտարարելու իրավունք Հայաստանն ունի, բայց բարոյական առումով ոչ մի իրավունք չունի, քանի կան մարդիկ, որոնք ժառանգներն են Արեւմտյան Հայաստանի հողերի եւ որտեղից փախստական են դարձել»,- «Հայելի» ակումբում ասաց ճանաչված թավջութակահար Արամ Թալալյանը` հայ-թուրքական հաշտեցման մասին վերջին շրջանում պաշտոնական շրջանակներում ակտիվացած խոսակցություններին անդրադառնալով:

«Եթե չեմ սխալվում` գույքի հետ կապված դատական գործեր եղան շուրջ 10 տարի առաջ, ուրեմն ինչի վրա ենք մենք քար գցում: Բացի դրանից, որ ամբողջ տարածաշրջանը թշնամի դարձրինք մեզ, հիմա էլ Սփյո՞ւռքն ենք մեր դեմ ուղղելու…Վաղուց պարզ է, որ գերիշխող մեծամասնությունը` եւ ներսում, եւ դրսում, չի ընդունում այդ գաղափարը:

Ի վերջո, ինչքա՞ն կարելի է նույն սխալները կրկնել, որ միայն 100 տարի առաջ չեն եղել…Եվ 200, եւ 400, եւ 600 տարի դրանք կան, օրինակ, երբ Բյուզանդիան գրավվում էր սելջուկների կողմից, էլի մեր հայկական էլիտայի դրվածքը շատ մեծ դեր է խաղացել… Ասես ինչ-որ հիվանդության վիրուս լինի, թուրքավիրուս ասեմ, ինչ ասեմ, անընդհատ գալիս գրավում է մարդկանց, հետո սարսափելի մահեր, տույժեր, միլիոնավոր զոհեր, հետո նոր զարթոնք ու հաջորդ սերունդն ամեն անգամ մոռանում է կատարվածը»,-ասաց անվանի երաժիշտը:

Արամ Թալալյանն ասում է, որ ոչ մի լուրջ տնտեսագետ չի տեսել, որ վերլուծի, թե ինչ կլինի, եթե սահմանները բացենք թուրքերի հետ. «Սարսափելի բան է լինելու, լավագույն դեպքում` մենք ոչնչացնելու ենք մեր տնտեսությունը, էլ չխոսենք այլ ասպեկտների մասին, ուղղակի վերանալու է մեր շուկան…Պահպանողական ոչ մի բնազդ չի գործում»:

Նա ընդգծում է. «Ես չգիտեմ, թե նախկին իշխանությունները որքանով էին կառուցողական շատ հարցերում, բայց այնտեղ մի հստակ վեկտոր կար, որ չենք կարող ապրել միասին` ոչ ադրբեջանցիների, ոչ թուրքերի հետ…Դա դարերով պարզված բան է»: Արամ Թալալյանը պնդում է, որ խորհրդային տարիներն էլ են բախումներ ու ինչ-ինչ միջադեպեր եղել հայերի ու ադրբեջանցիների միջեւ, սակայն խորհրդային մամուլը դրան երբեք չի անդրադարձել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930